«Բարձր խաղադրույք է արված»․ հայ փորձագետը՝ Փաշինյանին ուղղված Բայդենի նամակի մասին
Ջո Բայդենի նամակը Փաշինյանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում արձանագրել է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Բայդենը Փաշինյանին «քաջալերել է այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»։
Օրեր առաջ Նահանգների ղեկավարը նույնաբովանդակ նամակ էր հղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ալիևին ուղղված նամակում նա նշել էր, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի «ստողծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից»։ Փաշինյանին Բայդենը գրել է, որ այն կպահանջի «համառություն, հնարամտություն և փոխզիջում»։
Հայաստանի խորհրդարանի իշխող ուժի պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմամբ՝ «Հայաստանն արդեն փոխզիջումների ուղղությամբ անհրաժեշտ ճկունությունը դրսևորել է, գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Բայդենի ուղերձները վկայում են այն մասին, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ դեմոկրատներին անհրաժեշտ է արտաքին քաղաքական այնպիսի հաջողություն, որը ենթակա կլինի նախընտրական կապիտալիզացիայի:
«Հայ-ադրբեջանականը «հավանական թեկնածուներից» մեկն է: Ստանալ փաստաթուղթ կամ առնվազն դրա վերաբերյալ առարկայական և ուժեղ երկկողմ հավաստիացում, որը հնարավոր կլինի ներկայացնել որպես վարչակազմի ձեռքբերում»,- տելեգրամյան ալիքում գրել է Բադալյանը։
ԱՄՆ վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ»
ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետին ուղղված նամակում վստահեցրել է՝ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը․
«Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը»։
Բայդենի դիտարկմամբ՝ հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Փաշինյանը «խիզախորեն և հետևողականորեն» ընտրել է խաղաղության ուղին։
«Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»,- ասված է նամակում։
ԱՄՆ գործող նախագահը նշել է, որ Երևան ժամանած իր հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին խնդրել է տեղեկացնել ՀՀ վարչապետին «որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ»։
«Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը ՄԱԿ կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է։ Եվ ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»,- ամփոփել է Ջո Բայդենը։
Ինչ է հաղորդել Բայդենի օգնականը, պաշտոնական տեղեկագրում չի ասվում
Բաքու, այնուհետև Երևան այցելեց ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը։ Հենց նա է երկրների ղեկավարներին փոխանցել ԱՄՆ նախագահի նամակները։
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Փաշինյան-Քարփենթեր հանդիպման ընթացքում՝
- քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր,
- մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ,
- անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ հանդիպման ընթացքում Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Ամերիկացի պաշտոնյան Երևանում հանդիպումներ է ունեցել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ Բայդենի նամակում հստակ նշվում է «որոշ քայլերի առաջարկների» մասին, որոնց վերաբերյալ ԱՄՆ նախագահն ուզում է իմանալ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կարծիքը։ Ասում է՝ այն, որ այդ առաջարկները Երևանին ու Բաքվին ներկայացվում են Բայդենի ուղեկցող նամակով, նշանակում է, որ «արված է բարձր խաղադրույք»։ Կարծում է՝ դա պայմանավորված է նախընտրական իրավիճակով․
«Չի բացառվում, որ, ինչպես Բայդենին պարտադրվեց հրաժարվել ընտրապայքարից, այդպես էլ պարտադրվել է գրել նամակները: Հայ-ադրբեջանական փաստաթուղթն, ըստ ամենայնի, շատ է պետք Հարիսին նախագահի պաշտոնում տեսնել ցանկացող թիմին»։
Հիշեցնում է՝ այս նույն ժամանակահատվածում Իսրայել է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Փորձում է այնտեղ ստանալ Գազային և Լիբանանին առնչվող հրադադարի համաձայնություն։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Սպիտակ տանը պետք է նախընտրական արժեք ունեցող արտաքին քաղաքական հաջողություն։
Ասում է՝ բացի այն, որ վերջին չորս տարիներին նման հաջողություններ չեն գրանցվել, խնդիրներ կան նաև Նահանգների ներսում։ Խոսքն ինչպես միգրանտների, այնպես էլ շոշափելի գնաճի մասին է։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը օրերս խոստացավ «գների պետական վերահսկում»։
Այս ամենի ֆոնին չի բացառում, որ Վաշինգտոնը փորձում է նախընտրական կապիտալիզացիայի ենթարկել հայ-ադրբեջանական ձեռքբերվելիք համաձայնությունը։
Բադալյանը պատահական չի համարում նաև այն հանգամանքը, որ Բայդենի նամակներն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերի այցերը Երևան և Բաքու անմիջականորեն նախորդեցին ԲՐԻԿՍ գագաթնաժողովին:
Դրան մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Կազանում են լինելու նաև Իրանի և Թուրքիայի նախագահները։
Ասում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման կքննարկվի ինչպես Պուտինի հետ երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ գագաթնաժողովի «հետնաբեմում»։ Չի բացառում, որ այդ քննարկումների ժամանակ արծարծվեն նաև ամերիկյան կողմի առաջարկները։
«Փոքր չէ հավանականությունը, որ այդ առաջարկներն արվել են ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ճանապարհին, որպեսզի դրանք քննարկվեն նաև այնտեղ: Փաշինյանն ու Ալիևը այս պարագայում Վաշինգտոնի համար դիտվում են ոչ միայն առաջարկի հասցեատերեր, այլ հասցեատեր-հաղորդիչներ»։
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Բայդենի առաջարկն ու ԱՄՆ մոտեցումները ներկայացվելու են Կազանում գտնվողներին, առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հնարավոր է համարում նաև, որ Սպիտակ տունն այդ կերպ նախընտրական գործարք է առաջարկում Մոսկվային։
«Այսինքն՝ Ռուսաստանն օժանդակում է ԱՄՆ «հովանու» ներքո հայ-ադրբեջանական որևէ փաստաթղթի ստորագրմանը, իսկ ԱՄՆ վարչակազմը, նոյեմբերի 5-ի շեմին դա կապիտալիզացնելով, դրա դիմաց, իր հերթին, որևէ հարցում աջակցում է ՌԴ-ին»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ջո Բայդենի նամակը Փաշինյանին