Հուլիսի 1–ին Պուտինն ուզում է իր իշխանության նոր հաշվարկ սկսել։ Ինչպե՞ս է նա անելու դա և ի՞նչ շանսեր ունի հաջողելու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկության օրը․ այն կայանալու է հուլիսի 1–ին։ Մեծամասնության կողմից հաստատվելու դեպքում կսկսվի նրա փաստացի հավերժ պաշտոնավարումը։
Ըստ պետական լրատվամիջոցների՝ ռուսական պետականության համար գլխավոր սպառնալիքը մարդիկ են, որոնք իրենց դասում են ԼԳԲՏ շարքերին։
Սակայն ավելի ու ավելի շատ փորձագետներ են նշում, որ Պուտինի համար իրական սպառնալիքը հիվանդությունն ու ցածր վարկանիշն է։
• Ռուսաստանում դատարանը հարկադիր բուժման է ուղարկել շամանին, որը խոստանում էր «վռնդել Պուտինին»
Ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իմաստը
Ռուսաստանի քաղաքացիներին առաջարկվում է 2020 թ–ի հուլիսի 1–ի քվեարկության ընթացքում իրենց կարծիքն արտահայտել սահմանադրական բազմաթիվ բարեփոխումների վերաբերյալ։
Խոսքն, օրինակ, երկրի հիմնական օրենքում ռուսաց լեզվի առանձնահատուկ կարգավիճակը ամրագրելն է՝ այն հայտարարվում է «պետականաստեղծ»։
Սահմանադրությունում հիշատակվելու է նաև Աստված․ վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ։
Նաև Ռուսաստանում այժմ ամուսնությունը սահմանվելու է որպես «տղամարդու և կնոջ միջև միություն»։
Սակայն փոփոխությունը, որը Ռուսաստանի ներսում և դրա սահմաններից դուրս գրավում է հասարակության ամենամեծ ուշադրությունը, վերաբերում է Ռուսաստանի նախագահի պաշտոնը մեկ մարդու կողմից զբաղեցնելու ժամկետներին։
Եթե այն ընդունվի, Վլադիմիր Պուտինը կարող է օրինական հիմքերով իշխանության մնալ մինչև 2036 թվականը։
Քվեարկություն ցանկացած գնով
Ընթացակարգը, որով ռուս ընտրողները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքն առաջարկված փոփոխություններին, աննախադեպ բնույթ է կրում․
• Քվեարկել կարելի է տանը, փոստում, առցանց։
• Ընտրատեղամասեր կբացվեն հենց փողոցում։
• Քվեարկության ընթացակարգը մեկ շաբաթ կտևի։
• Մասնակցության շեմ չկա․ քվեարկությունն օրինական կհամարվի մասնակիցների ցանկացած թվի դեպքում։
Ինչպե՞ս են փոփոխությունների քարոզ անում
Աննախադեպ կարելի է անվանել նաև Վադիմիր Պուտինի առաջարկած փոփոխություններին նվիրված քարոզարշավը։
Առաջին իսկ տեսանյութը, որը ռուսական հեռուստաեթեր է մտել, մեծ սկանդալի առիթ է դարձել։
Դրանում երկու միասեռական մանկատնից մի երեխա են որդեգրում, և, առաջին հերթին, առաջարկում են կնոջ զգեստ հագնել, իսկ կադրից դուրս հնչում է․ «Այսպիսի՞ Ռուսաստան ես ուզում»։
Այդ տեսանյութը պատրաստել է «Պատրիոտ» ստուդիան, որը պատկանում է Վլադիմիր Պուտինի ընկեր Եվգենի Պրիգոժինին՝ քրեական անցյալ ունեցող մարդուն։
Ո՞ւր է այդքան շտապում Վլադիմիր Պուտինը
Վլադիմիր Պուտինի ներկայիս նախագահական ժամկետը սպառվում է 2024 թ–ին։ Եվ դրանից երեք տարի առաջ նա անսպասելիորեն սահմանադրական փոփոխություններ առաջարկեց, որոնք ապահովում են նրա ցմահ պաշտոնավարումը։
«Անսպասելի» բառը նույնիսկ լրիվ չի փոխանցում կատարվածի էությունը։
Փոփոխությունների ընդունման ընթացակարգը կարելի է «փոթորկային» անվանել։
Պուտինը դրանք առաջարկել է 2019 թ–ի դեկտեմբերի 15–ին, և ընդամենը երկու շաբաթում նրան սատարել են բոլոր կառույցները՝ տարածաշրջանային և դաշնային խորհրդարանները, սահմանադրական հանձնաժողովն ու Սահմանդրական դատարանը։
Եթե չլիներ կորոնավիրուսի համավարակն, ապա համաժողովրդական քվեարկությունը կկայանար 2020 թ–ի ապրիլի 22–ին։
Այն հարցի պատասխանը, թե ուր է այդքան շտապում Վլադիմիր Պուտինը, ոչ ոք չունի։
Երկու հիմնական վարկած է շրջանառվում։
• Առաջինն այն է, որ Ռուսաստանի նախագահը լրջորեն հիվանդ է, և պետք է շտապ հող նախապատրաստի իր «ժառանգորդի» համար։
Ով էլ նա լինի, չի վայելելու այն ժողովրդականությունն, ինչ Պուտինն իր կառավարման սկզբին։ Այդ պատճառով էլ նրան սահմանադրական «հենակներ» պետք կլինեն՝ իշխանությունը չկորցնելու համար։
• Ըստ երկրորդ վարկածի՝ այդ «հենակները» պետք են հենց Պուտինին, որը գիտի իր իրական (այլ ոչ թե պրոպագանդիստական) վարկանիշի մասին՝ մոտ 25 տոկոս։
Հօգուտ այս վարկածի է խոսում ՌԴ արտգործնախարարության և Bloomberg գործակալության միջև վերջերս տեղի ունեցած սկանդալը, որը հրապարակել էր Պուտինի վարկանիշը՝ 27 տոկոս։ Նախարարությունը պահանջել էր ներողություն խնդրել։ Գործակալությունը վկայակոչել էր Ռուսաստանի պաշտոնական սոցիոլոգիական ծառայության տվյալները։