ԱՄՆ-ն Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների առաջին փաթեթն է ընդունել
Պետդեպը՝ Վրաստանի դեմ պատժամիջոցների մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հունիսի 6-ին հայտարարել է Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների առաջին փաթեթի ընդունման մասին։ Ցուցակում ներառված են պատգամավորներ, իրավապահներ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ և նրանց ընտանիքների անդամներ։
Առաջին փուլում դա ենթադրում է ԱՄՆ մուտքի արգելք և արդեն իսկ տրամադրված վիզաների չեղարկում։ Ընդհանրապես, ցուցակում 20-30 մարդ կա, կոնկրետ անուններ չեն մատնանշվում։
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությունը
«Պետքարտուղար Բլինքենը վերջերս հայտարարեց Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման մասին: Ի թիվս այլ բաների, Պետքարտուղարությունը սահմանել է վիզաների սահմանափակման նոր քաղաքականություն՝ համաձայն Ներգաղթի և քաղաքացիության մասին 202 օրենքի A3 մասի:
Այդ նոր քաղաքականության շրջանակում մենք հայտարարում ենք Վրաստանի տասնյակ քաղաքացիների համար վիզային սահմանափակումներ մտցնելու մասին։ Ցանկում ներառված են Վրաստանում ժողովրդավարության խարխլման համար պատասխանատու կամ դրան մասնակից անձինք, ինչպես նաև նրանց մտերիմ ազգականները:
Վրաստանում ժողովրդավարության խարխլումը տեղի է ունենում խաղաղ հավաքների և միավորումների ազատության սահմանափակումների, խաղաղ ցուցարարների վրա բռնի հարձակումների, քաղհասարակության ներկայացուցիչների ահաբեկման և վրացական կառավարության հրահանգով կանխամտածված ապատեղեկատվության տարածման միջոցով։
Վիզային սահմանափակումների առաջին փաթեթը տարածվելու է «Վրացական երազանք» կուսակցության անդամների, խորհրդարանի պատգամավորների, իրավապահների ու մասնավոր անձանց վրա։
Մենք հույս ունենք, որ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի՝ նախապես հայտարարված ժողովրդավարական և եվրաատլանտյան ձգտումների իրականացման համար: Բայց եթե նրանք դա չանեն, Միացյալ Նահանգները պատրաստ է նրանց դեմ լրացուցիչ քայլեր ձեռնարկել:
Հարց. Կարո՞ղ եք ավելի հստակ ասել, թե քանի մարդ կա այդ ցուցակում:
Մեթյու Միլլեր. Մոտ 20-30 հոգի: Կոնկրետ անուններ չենք նշում։ Եվ, ինչպես ասացի, սա միայն առաջին փուլն է։
Հարց. Այդ մարդիկ ծանուցվե՞լ են:
Մեթյու Միլլեր. Սովորաբար մենք ոչ ոքի չենք տեղեկացնում: Բայց նրանք կիմանան, որ ներառված են այդ ցուցակում, եթե փորձեն գալ Միացյալ Նահանգներ: Նրանք, ովքեր արդեն ունեն վավեր վիզաներ, կտեղեկացվեն որոշման մասին:
Հարց. 84 պատգամավոր կողմ է քվեարկել [«օտարերկրյա գործակալների մասին»] օրենքին: Ինչպե՞ս եք ընտրել 20-30 հոգու:
Մեթյու Միլլեր. Կոնկրետ անուններ չեմ կարող նշել, վիզաների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է: Բայց, ինչպես ասացի, մենք ներառել ենք այն մարդկանց, ովքեր գործողություններ են կատարել ապատեղեկատվություն տարածելու, ժողովրդավարությունը խարխլելու, խաղաղ ցուցարարների վրա դաժանորեն հարձակվելու և քաղաքացիական հասարակությանն ահաբեկելու ուղղությամբ:
Ինչպես արդեն նշվեց, սա գործողությունների շարքի ընդամենը առաջին քայլն է:
Այն գործողությունները, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, անպայմանորեն կապված չեն այս նոր պատժամիջոցների հետ։ Մենք նաև ասել ենք, որ Վրաստանի կառավարության հետ մեր հարաբերությունների ամբողջական վերանայում ենք իրականացնում։
Վրաստանի կառավարությունը դեռ ժամանակ ունի փոխելու այն հետագիծը, որով շարժվում է։ Այս որոշումը պատասխանն է նրա, թե նրանք ինչպես են ճնշում այլախոհությունը։ Սա վերաբերում է նաև այն հայտարարություններին, որոնք նրանց ղեկավարներն անում էին, որպեսզի Վրաստանը հրաժարվի այն ուղուց, որով երկար ժամանակ ընթանում էր:
Բայց դեռ ժամանակ կա ամեն ինչ շտկելու համար։ Մեր քաղաքականությունը պայմանավորված կլինի վրացական իշխանությունների գործողություններով»։