Պատերազմ Ուկրաինայում, օր վեցերորդ։ Թարմացվող
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 22.30-ի դրությամբ։ 400 դիվերսանտ Կիևում
Կիևում հեռուստաաշտարակի վրա հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ մարդ, հինգը վիրավորվել են։ Ազդանշանի հետ կապված խնդիրներ են գրանցվել երկրի մի քանի ալիքներով:
Հզոր պայթյուն Խարկովում՝ օդանավակայանի մոտ։ Երեք օր է, ինչ քաղաքում մարտեր են ընթանում.
Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը ավելի քան 400 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, CNN-ին ասել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան: Սակայն, նրա խոսքով, Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը «մնում են ունակ, հզոր և ակտիվորեն ներգրավված»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանից պահանջել է «ձեռնպահ մնալ Ուկրաինայում խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից»։ ՌԴ ՊՆ-ն պատասխանում է, որ Ուկրաինայում չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին, իսկ ռուսական հատուկ գործողության թիրախները միայն ռազմական օբյեկտներն են։
Նախագահ Զելենսկին ասել է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար նախ պետք է դադարեցնել կրակը։
Ոչնչացվել է չեչեն գրոհայինների էլիտար խումբ, որի մասին հաղորդվել է, որ Կադիրովը նրանց ուղարկել է սպանելու Զելենսկիին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Սերխի Դանիլովին։ The Times-ը վերջերս գրել էր, որ Կրեմլի հրահանգով ավելի քան 400 դիվերսանտ է նետվել Կիև։ Նրանց հանձնարարված է սպանել նախագահ Զելենսկուն, նախարարների կաբինետի անդամներին և նախապատրաստել մի իրավիճակ, որ ռուսական բանակի կողմից քաղաքների գրավման համար նպաստավոր լինի։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն. «Արդյո՞ք պետք է թույլ տալ ՄԱԿ-ի անդամ պետությանը մնալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, որը փորձում է իշխանությունը զավթել ՄԱԿ-ի անդամ մեկ այլ երկրում՝ կատարելով մարդու իրավունքների սարսափելի խախտումներ և ստեղծելով հումանիտար զանգվածային աղետ: Ռուսաստանը ռեպրեսիաներ է իրականացրել նաև իր տարածքում՝ փակելով իրավապաշտպան կազմակերպությունները և հալածելով ակտիվիստներին, քաղաքական հակառակորդներին և լրագրողներին»։
Գլխավոր դատախազությունը պահանջել է սահմանափակել «Էխո Մոսկվի» և «Դոժդ» կայքերի մուտքը։ Նրանք այլևս չեն բացվում։
Բորիս Ջոնսոնը Էստոնիայի Տապա ռազմաբազայում. «Մենք չենք կռվի Ուկրաինայում ռուսական զորքերի դեմ։ Մեր զինվորականները տեղակայված են այստեղ՝ Տապայում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններում, և սա խորապես ճիշտ բան է»:
Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ պաշտպանել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալու մասին բանաձևը և միաձայն հաստատել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտող բանաձևը։ Եվրախորհրդարանը նաև կոչ է արել կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
BMW-ն դադարեցնում է իր մեքենաների արտադրությունը Կալինինգրադի Avtotor-ում և դադարեցնում մեքենաների մատակարարումը ռուսական շուկա, հայտնում է The Wall Street Journal-ը։
Կանադան հաջորդ շաբաթվանից կարգելի ռուսական նավերի մուտքն իր նավահանգիստներ և տարածքային ջրեր։
Կաննի կինոփառատոնը որոշել է այս տարի չընդունել ռուսական պաշտոնական պատվիրակությանը։
Paramount-ը դադարեցրեց ֆիլմերի տարածումը Ռուսաստանում՝ հետևելով Disney-ին, Sony-ին և Warner-ին: Netflix-ը դադարեցրել է աշխատանքը ռուսական օրիգինալ նախագծերի վրա, հայտնում է The Bell-ը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Լեհաստանն այսօրվա դրությամբ արդեն ընդունել է ավելի քան 377 հազար փախստական Ուկրաինայից։ Լեհաստանի կառավարությունն ասում է, որ օրական միջինը 50,000 մարդ է ժամանում:
-
«Հայաստանն Ուկրաինայի հարցով նախընտրում է չեզոքություն պահպանել»
«Ուկրաինայի վերաբերյալ Հայաստանի չեզոք դիրքորոշումը կապված է երկրի անվտանգության հարցերի և սեփական շահերի հետ», ասել է JAMnews-ի հետ հարցազրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով, արցախյան պատերազմից հետո Հայաստանի համար ստեղծված անվտանգային պայմաններում առավել օպտիմալ պահվածքը առավելագույնս չեզոք լինելն է, հակառակ դեպքում՝ հետևանքները կարող են անկանխատեսելի լինել․
«Եթե Հայաստանը Ռուսաստանի կողմը բռնի, անպայման խնդիրներ կունենա Արևմուտքի հետ։ Եվ ընդհակառակը, եթե Արևմուտքի կողքին լինի, Մոսկվայի հետ խնդիրներ կառաջանան։ Հայաստանի չեզոքությունն այս դեպքում, կարծում եմ, լիովին հասկանալի է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի, և՛ Արևմուտքի համար։ Սակայն դեռևս դժվար է ասել, թե որքան երկար կկարողանա Հայաստանը պահպանել այդ չեզոքությունն այն դեպքում, եթե պարտադրանք լինի Ուկրաինայի հարցում կողմնորոշում հայտնելու։ Շատ բան կախված է իրադարձությունների զարգացումից՝ սկսած պատերազմում ուժերի հարաբերակցությունից, ավարտած քաղաքական բանակցային գործընթացում և Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում տիրող իրավիճակով»։
Սակայն, ինչ վերաբերում է հայ հասարակությանը, այն մարդիկ ավելի էմոցիոնալ է արձագանքում ուկրաինական ճգնաժամին։ Զանգվածային ցույցեր ընդդեմ Ուկրաինայում ընթացող պատերազմի, ինչպես դա տեղի է ունենում այլ երկրներում, Հայաստանում չեն կազմակերպվում։ Այնուամենայնիվ, բողոքի ակցիաներ տեղի են ունեցել, որոնց ընթացքում մարդիկ համերաշխություն են հայտնել Ուկրաինային։
«Հայ հասարակության արձագանքում հուզական բաղադիրչը մեծ է, և այն հիմնականում կապված է Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշման հետ։ Մարդիկ հիշում են Ադրբեջանին ու Թուրքիային Ուկրաինայի անվերապահ աջակցությունն ինչպես երկրի ղեկավարության, այնպես էլ հասարակ քաղաքացիների մակարդակում, երբ ամենավառ արտահայտություններով նրանք ադրբեջանցիներին հաղթանակ էին մաղթում Ղարաբաղյան պատերազմում։ Իսկ Ռուսաստանին քննադատում են վերջին 20-25 տարում Հայաստանի նկատմամբ իր քաղաքականության համար»։
Լուսանկար Ուկրաինային աջակցող ակցիայից
-
Ուկրաինան արտաքսել է Վրաստանի դեսպանին «վրացական իշխանությունների անբարո դիրքորոշման համար».
Ուկրաինան երկրից վտարել է Վրաստանի դեսպանին. «Վրացական իշխանությունները թույլ չեն տալիս վրացի կամավորներին գալ Ուկրաինա և անբարո դիրքորոշում են ընդունել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների առնչությամբ», — ասել է նախագահ Զելենսկին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն պատասխանել է. «Կամավորներ ուղարկելը նշանակում է անմիջական մասնակցություն ռազմական հակամարտությանը։ Բայց մենք դա չենք անի»:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին հայտարարել է, որ Վրաստանը չի աջակցի Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Հասարակության արձագանքն են դարձել բազմաթիվ բողոքի ցույցերը Թբիլիսիի կենտրոնում։ Բայց փետրվարի 28-ին վարչապետը նոր հայտարարություն է արել. «Ոչ ոք չկա, որ կանգնեցնի այս պատերազմը Ուկրաինայում, և պատժամիջոցները նույնպես անարդյունավետ են», ինչպես նաև երկար խոսել է Վրաստանի համար Ռուսաստանի հետ կապերի տնտեսական և ֆինանսական կարևորության մասին, ինչը նույնպես վրդովմունք է առաջացրել հասարակության մի ստվար հատվածի մոտ։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 13.30-ի դրությամբ
Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի Ազատության հրապարակում պայթյուն է տեղի ունեցել: Երեկվանից տասնյակ մարդիկ են մահացել։ Ռուսաստանը ռմբակոծում է քաղաքի բնակելի թաղամասերը, ենթադրաբար կասետային ռումբերով։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կուլեբան Ռուսաստանի նախագահ Պուտինին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ և աշխարհին կոչ է արել մեկուսացնել Ռուսաստանը։
Ուկրաինայի նախագահը դա ռազմական հանցագործություն է անվանել։ Այժմ Խարկովի վրա հրթիռային հարձակումը շարունակվում է, սակայն այն դեռ գտնվում է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ։
ԵՄ ութ երկրների նախագահներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով Ուկրաինայի անդամակցության գործընթացի արագացված մեկնարկին։ Դա Բուլղարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի և Չեխիայի Հանրապետության նախագահներն են։
Ուկրաինան գործարկել է ժամանակավոր առանց վիզայի ռեժիմ այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են միանալ Պաշտպանական լեգեոնին։
Բելառուսի առաջնորդ Լուկաշենկո. Բելառուսում հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել են մարտական պատրաստության՝ ռուսական ուժերին թիկունքից հարվածներ թույլ չտալու համար։ Բայց բելառուսական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցում և երբեք չի մասնակցել։ Ռուսաստանի ղեկավարությունը երբեք այս հարցը մեր առաջ չի դրել»։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում և Արևմուտքում ենթադրություններ կան, որ Լուկաշենկոն իրականում պատրաստվում է ռազմական ուժ ուղարկել Կիևի վրա հարձակմանը մասնակցելու համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երկուշաբթի ասաց, որ Ռուսաստանը «ծիծաղել է» Բելառուսի ինքնիշխանության վրա՝ Բելառուսի տարածքից ներխուժում կատարելով Ուկրաինա։
«Ռուսաստանի ռազմական հանցագործությունները քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Բրիտանիան աջակցում է ապացույցների պահպանումն ապահովելու ջանքերին», — Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբ։
Կրիպտոարժույթների խոշորագույն բորսաները՝ Binance-ը, FTX-ը և Coinbase-ը, նախազգուշացում են ստացել ԱՄՆ կառավարությունից։ Binance-ի ներկայացուցիչը հայտնել է, որ բորսան չի նախատեսում փակել առևտրային հարթակի մուտքը ռուսաստանցի բոլոր օգտատերերի համար, սակայն փակ կլինի նրանց համար, ովքեր ենթակա են պատժամիջոցների։
YouTube-ը հայտարարեց RT և Sputnik քարոզչական ալիքների արգելափակման մասին ամբողջ Եվրոպայում։
Ինչ է սպասվում` համառոտ վերլուծություն
Ռաաբը BBC Breakfast-ին տված հարցազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը չի ցանակնում Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի սահմանել, քանի որ դա կնշանակի պատրաստակամություն խոցել ռուսական ինքնաթիռները, ինչը «ակնհայտ էսկալացիա է»: Փոխարենը սահմանվում են տնտեսական պատժամիջոցներ, որոնք զրկում են Պուտինի ռազմական մեքենային ֆինանսներից։ Դա հարվածում է նաև այն օլիգարխներին, որոնց պետք է մուտք գործել միջազգային համակարգ և ովքեր ճնշում են գործադրելու Պուտինի վրա։
«Ռուսաստանն ի սկզբանե իր ռազմական ուժերի մոտ 40%-ն էր տեղակայել Ուկրաինայում։ Սակայն այժմ մոտ 75 տոկոսն արդեն կենտրոնացած է այնտեղ», — այս տվյալները մեջբերել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Միացյալ Թագավորական ծառայությունների ինստիտուտի ցամաքային պատերազմի գիտաշխատող Ջեք Ուոթլինգը համաձայն է: Նա ասում է, որ այժմ Բելառուսից ռուսական զորքերի մեծ ուժ է առաջ գնում։ Կիևի վրա հարձակման համար պայմաններ են ստեղծվում։
Ուոթլինգի խոսքով՝ ուկրաինական բանակն այլևս չի գործում ռազմական կազմավորումների տեսքով։ Այն գնալով դառնում է տարածքային պաշտպանության ուժերի և կամավորական ուժերի մաս, որոնց հետ ակտիվորեն համագործակցում է։
-
Կիևին մոտեցող 50 կիլոմետրանոց ռուսական շարասյունը եկել է Բելառուսից
50 կիլոմետրանոց ռուսական տանկային շարասյունը, որը վաղ առավոտյան հասել է Կիևի արվարձաններին, եկել է Բելառուսից, նշում են CNN-ի փորձագետները։
Maxar Technologies-ի կողմից հրապարակված տպավորիչ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ռուսական ռազմական մեքենաների հսկայական շարասյունը՝ ավելի քան 50 կիլոմետր երկարությամբ, որը շարժվում է Կիևից հյուսիս-արևմուտք ընկած ճանապարհներով:
Կիևից հյուսիս-արևմուտք բոլոր ճանապարհները տանում են Բելառուս։ Մայրուղին, հետո Չեռնոբիլի կամուրջը, և դուք Բելառուսի հետ սահմանին եք:
Ուկրաինա ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում Ռուսաստանը իր զորքերի մեծ զանգվածը կենտրոնացրեց Բելառուսում: Այնտեղ են տեղափոխվել հարյուրավոր ռուսական մարտական մեքենաներ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ՝ մասնակցելու երկու դաշնակից երկրների համատեղ զորավարժություններին։ Սակայն զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքերը չեն վերադարձել Ռոսաստան։
Ավելին, Maxar-ի արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Ռուսաստանը շարունակել է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, ինքնաթիռներ և սպառազինություն կուտակել Բելառուսում` երկրի արևելքում գտնվող Բրեստ քաղաքից մինչև արևմուտքում գտնվող Գոմել:
Կես տոննա քաշով կամուրջ
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Պրիպյատ գետի վրայով կես տոննա քաշով կամուրջ է կառուցել Չեռնոբիլի մեծ բացառման գոտում՝ Ուկրաինայի հետ սահմանից ընդամենը հինգ կիլոմետր հեռավորության վրա:
Փետրվարի 24-ին, երբ սկսվեց Ուկրաինա ներխուժումը, Capella Space-ի լրացուցիչ արբանյակային լուսանկարները ցույց տվեցին, որ Ռուսաստանը սկսել է տասնյակ ռազմական մեքենաներ տեղափոխել կամրջով:
Ռազմական տեխնիկայի այս հսկայական շարասյունը վկայում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Կիևը գրավելու հզոր փորձի։
Դա խոսում է նաև ներխուժմանն աջակցելու Բելառուսի ակտիվության մասին։ Այսպիսի ծավալի ռազմական տեխնիկան չէր կարող կուտակվել Ռուսաստանի կողմից առանց Բելառուսի թույլտվության և օգնության։
-
Ուկրաինայի մասին` հակիրճ, ժամը 08.00-ի դրությամբ
Ռուսական զրահատեխնիկայի հսկայական շարասյունը՝ ավելի քան 50 կմ երկարությամբ, շարժվում է դեպի Կիև, ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Գիշերը և առավոտյան Կիևում տագնապի ազդանշաններ են միացել՝ քաղաքի ծայրամասերում ռուսական հրթիռային հարվածների մասին ազդարարող: «Կիևի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ»,- ասվում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Ուկրաինայի գլխավոր շտաբ. «Ռուսաստանը նախատեսում է օգտագործել Բելառուսի օդային տարածքը իր ռազմական օդային փոխադրումների համար»։ Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ «առայժմ բելառուսական զորքերի տեղաշարժի նշաններ չեն նկատվել»։
Ռուսական զորքերը հարձակում են սկսել Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքի վրա։ Օդանավակայանում պայթյուններ են որոտացել, այնուհետ տանկերի շարասյունը շարժվել է քաղաք։
Տանկերի հսկայական շարասյուներ մտան Բերդյանսկ, որը ռուսական բանակը գրավեց փետրվարի 28-ին։ Մարիուպոլում մարտերը շարունակվում են.
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ փետրվարի 28-ին տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ինտենսիվ ռմբակոծության հետևանքով։
Ավելի քան 70 ուկրաինացի զինծառայող է զոհվել փետրվարի 27-ին ռուսական զորքերի կողմից Ախտիրկա քաղաքի հրետանու գնդակոծության հետևանքով, այսօր ասել է վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Ուկրաինական զորամասը ոչնչացվել է, փրկարարներն ու կամավորները շարունակում են փլատակների տակից դուրս բերել դիերը։ Ժիվիցկին նաև ասել է, որ «քաղաքում կան բազմաթիվ ռուսական դիակներ, որոնք այժմ հանձնվում են Կարմիր Խաչին», սակայն Կարմիր Խաչը դեռ չի հաստատել այս տեղեկությունը։
Ըստ տեղեկությունների՝ Մարիուպոլը, որը գտնվում է Բերդյանսկից մոտ 85 կմ դեպի արևելք, գտնվում է ռուսների շրջափակման մեջ, բայց դեռ չի ընկել։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ փետրվարի 28-ին խաղաղ բանակցություններ էին ընթանում, ռուսները շարունակում էին գնդակոծել Խարկովը, Կիևը և Չեռնիգովը։
Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտարարել է Ռուսաստանի դեմ հնարավոր ռազմական հանցագործությունների համար հետաքննություն սկսելու պատրաստակամության մասին։
Պաշտոնապես սկսվել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումի քննարկման ընթացակարգը։ ԵՄ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Վսևոլոդ Չենցովը փաստաթուղթը պաշտոնապես ներկայացրել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆիլիպ Լեգլիս-Կոստային։
ԱՄՆ սենատորները մարտի 1-ի գիշերը Վաշինգտոնում փակ ճեպազրույցի ժամանակ ստացած տեղեկատվության մասին (BBC).
● «Կիևի համար պայքարը կլինի երկար և արյունալի»։
● «Արեւմտյան երկրները ոչ միայն կսառեցնեն, այլեւ կբռնագրավեն ՌԴ նախագահի և առաջատար օլիգարխների ակտիվները»։
● «Ռուսները հետ են մնում նախնական ներխուժման ժամանակացույցից»։
● «Ուկրաինան շարունակում է կոշտ դիմադրությունը»։
Օգնություն Ուկրաինային
Ավստրալիան Ուկրաինային ռազմական օգնության համար կտրամադրի 70 միլիոն ավստրալիական դոլար (50 միլիոն դոլար)։
Բուլղարիան, Լեհաստանը և Սլովակիան Ուկրաինային են տրամադրում 70 ռազմական ինքնաթիռ, որոնք կտեղակայվեն Լեհաստանի օդանավակայաններում։
Թայվանը կնվիրի 27 տոննա բժշկական պարագաներ։
Mastercard-ն արգելափակում է գործարքները Ռուսաստանից։
Բիթքոյնը՝ աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթը, թանկացել է ավելի քան 15%-ով՝ հասնելով ավելի քան 43,000 դոլարի, Ethereum-ը՝ ավելի քան 10%-ով։ Դա տեղի է ունենում այն լուրերի ֆոնին, որ Binance-ը՝ խոշորագույն կրիպտո փոխանակումը, չի արգելափակի ռուս օգտատերերի հաշիվները՝ չնայած դրա վերաբերյալ Ուկրաինայի կոչերին: Մտավախություն կա, որ համաշխարհային ֆինանսական համակարգից արգելափակված Ռուսաստանը կփորձի օգտագործել կրիպտոարժույթը՝ արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու համար։ Այնուամենայնիվ, Ուկրաինան նաև միլիոնավոր բիթքոյններ է ստացել դոնորներից:
Ուկրաինա է ժամանել Starlink տերմինալների խմբաքանակ, որոնք թույլ են տալիս ինտերնետ օգտագործողներին մուտք գործել արբանյակային ինտերնետ SpaceX-ից։ Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆեդորովը շնորհակալություն է հայտնել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին։ «Բարի գալուստ», — պատասխանել է Մասկը:
ՄԱԿ-ը հայտնել է, որ ավելի քան կես միլիոն փախստականներ Ուկրաինայից փախել են հարևան երկրներ։
BBC-ի լուսանկարը. մարդիկ ռումբապաստարանում
-
Նախորդ օրերի թարմացվող լուրերը Ուկրաինայից
Փետրվարի 28-ի Ուկրաինայում պատերազմի հիհգերորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 27-ի Ուկրաինայում պատերազմի չորրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 26-ի Ուկրաինայում պատերազմի երրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 25-ի Ուկրաինայում պատերազմի երկրորդ օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ
Փետրվարի 24-ի Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա մասին տեղեկատվությունը՝ այստեղ