Հայաստան․ հերոսացում և խարան։ Պատերազմի մասնակիցների հոգեբանական խնդիրները
Հերոսացումն ու կարծրատիպերը պատերազմի մասնակիցներին խանգարում են դիմել անհրաժեշտ հոգեբանական աջակցության։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակից Միքայելին (անունը փոխված է) հաճախ են տանջում մղձավանջները։
«Նյարդային է դարձել, երբեմն՝ ագրեսիվ։ Մեկուսացել է, դարձել է ինքնամփոփ, բարձր ձայներից վեր է թռչում, գիշերները պատերազմի հետ կապված մղձավանջային երազներ է տեսնում։ Առաջվա Միքայելը չի, շատ է փոխվել։ Մինչև հիմա չի կարողանում հետ գալ, վերադառնալ խաղաղ կյանքի», — ասում է Միքայելի մայրը՝ Ալվինան (անունը փոխված է)։
Ըստ Ալվինայի՝ չնայած գանգատներին, որդին կտրականապես մերժում է հոգեբանական աջակցության դիմելու հորդորները։
«Չենք կարողանում համոզել, ընդհանրապես էդ թեմայով չի ուզում խոսել և վերջ։ Եթե իմանա, որ ձեզ հետ խոսել եմ իր խնդիրների մասին, չգիտեմ էլ, թե ոնց կարձագանքի, դրա համար խնդրում եմ մեր անունները փոխել»։
- Մարդիկ, որոնց համար պատերազմը չի ավարտվում։ Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել հետտրավմատիկ համախտանիշը
- «Պատերազմից հետո Հայաստանում սովորում են ինքնապաշտպանվել». գերմանացի լրագրողի հոդվածը
- Բաքուն պատրա՞ստ է բանակցել ԼՂ-ի հետ․ Ալիև-Վարդանյան հեռահար բանավեճը
ՀՏՍԽ անեծքը
Պատերազմի հիմնական հոգեբանական հետևանքները մասնագետներն ամփոփում են մեկ ախտորոշման մեջ՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ)։ Այն բնորոշ է պատերազմ վերապրած հասարակություններին և առավել ընգծված է արտահայտվում պատերազմական գործողությունների մասնակիցների և ականատեսների շրջանում։ Չնայած նման գանգատներին՝ պատերազմի մասնակիցները երբեմն հրաժարվում են դիմել հոգեբանական աջակցության։
Հոգեբան, հոգեթերապևտ Տաթևիկ Հովհաննիսյանը, որն աշխատում է զինհաշմանդամություն ունեցող անձանց հետ, ընդգծում է, որ չնայած տղաներն ունեն ՀՏՍԽ և դրան բնորոշ մի շարք գանգատներ՝ գիշերային մղձավանջներ, կրկնվող մտապատկերներ, բարձր տագնապայնություն, դեպրեսիվ բազմաթիվ դրսևորումներ, անուժություն, խուճապային գրոհներ, ոչ բոլորը, բայց մի մասը սկզբում մերժում են հոգեբանի հետ խորհրդատվությունը, քանի որ նրանց վրա միանգամից հերոսի կնիք է դրվել։
«Եթե տղան մասնակցել է պատերազմին, միանգամից կնիք ենք դնում հերոսի, իսկ հերոսը իրավունք չունի լինել թույլ, տխուր, ապրել պատերազմի բնական հետևանքները։ Ինչպե՞ս կարող է հերոսը գնալ բժշկի մոտ ու ասել՝ վատ եմ», — ասում է Հովհաննիսյանը։
«Իրականում պետք է զգույշ լինենք պիտակավորելուց, որովհետև գուցե հերոս են, բայց մարդ են։ Իսկ մարդուն, մանավանդ հոգեբանական տրավմա ապրած մարդուն, հատուկ են նաև անուժության, անզորության, տխրության, տագնապայնության, քնի մղձավանջների և քրոնիկ հոգնածության վիճակները»,- ասում է մասնագետը։
Գերությունից վերադարձած անձանց դեպքում պատկերը մի փոքր այլ է։ Կլինիկական հոգեբան Սիրանույշ Դավթյանը, որն աշխատել է Ադրբեջանից վերադարձած գերիների հետ, ընդգծում է, որ այս դեպքում մասնագիտական աջակցության կարիքը շատ ակնհայտ է լինում․
«Պատերազմն այնպիսի տրավմա է, առհասարակ, գումարած դրան՝ գերեվարությունը, որ չես կարող ասել՝ դե լավ, սա ի՞նչ խնդիր է, որ ես գնամ մասնագետի մոտ։ Այս տեսակ տրավմատիկ իրողություններն ուղղակիորեն ազդում են կյանքի որակի վրա՝ ուսումնական պրոցես, աշխատանք, միջանձնային հարաբերություններ և այլն։ Սրանք հստակ ցուցիչներ են, որ կարիք կա մասնագետի դիմելու։ Այլ հարց է, թե ինչ կարծիք ունեն հոգեբանական աջակցության, հոգեբանի կերպարի մասին»։
Դավթյանը, սակայն, վստահ է, որ այցելուների մոտեցումները հետզհետե փոխվում են։
«Բայց կարծում եմ՝ վերջին տարիներին այս տեսանկյունից գիտակցության բարձրացում ունենք։ Հոգեբանը չի դիտվում որպես միստիկ կերպար, այլ՝ որպես համապատասխան կրթություն ունեցող մասնագետ, որին անհրաժեշտության պարագայում դիմում են մարդիկ»։
Ոչ միայն հերոսացում, այլև՝ պիտակավորում
Սակայն հոգեբանական աջակցությունից խուսափելու պատճառը միայն հերոսացումը չէ։ Հոգեկան առողջության թեման շատ զգայուն է հայ հանրության համար։ Մեծ է պիտակավորվելու, խարանի վախը։
ՀՏՍԽ-ի դեպքում անհրաժեշտ է երկու կարևոր մասնագետների ներգրավվածություն՝ հոգեբանի և հաճախ նաև հոգեբույժի, երբ կարիք կա դեղորայքային բուժման։ Սակայն հասարակության մեջ կա պիտակավորում հոգեկան առողջության ոլորտի մասնագետների, հատկապես՝ հոգեբույժի նկատմամբ։ Գործնականում հոգեբանները հաճախ են բախվում այս խնդրին, երբ տեսնելով անհրաժեշտություն, այցելուին ուղղորդում են հոգեբույժի մոտ, սակայն այցելուները մերժում են առաջարկը։
Զինծառայողների և նրանց ընտանիքների հոգեսոցիալական աջակցության ծրագրի համակարգող Դավիթ Գևորգյանը նույնպես կարևորում է հատկապես հետպատերազմական շրջանում հոգեբանների ու հոգեբույժների համագործակցությունը, քանի որ հետտրավմատիկ խնդիրների բուժման լավագույն տարբերակը համակցված մոտեցումն է՝ դեղորայքային և հոգեթերապիա։
«Ես ուզում եմ, որ մենք դադարենք մտածել «հոգեբուժական», «գիժ», «հո ես գիժ չեմ» և նմանատիպ այլ արտահայտություններով։ Խոսքը վերաբերում է առողջությանը, և եթե կա տարբերակ այն բարելավելու, նամանավանդ այսպիսի ուժեղ հարվածից հետո, որ տարել ենք մենք՝ ամբողջ հանրությամբ և կոնկրետ զինծառայողներն ու իրենց ընտանիքները, կարծում եմ՝ շատ ավելի երկրորդական են այս կարծրատիպային մտածողությունները՝ համեմատ առողջության վերականգնման»։
Ըստ կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Լիլիթ Ղահրամայնանի, որը նույնպես աշխատում է զինհաշմանդամություն ունեցող անձանց հետ, այս հարցում կարևոր է մասնագետների՝ մարդկանց կրթելու հնարավորությունը։
«Նախ և առաջ կուզեմ նշել, որ հենց մասնագետները կարիք ունեն հաղթահարելու այս ներքին խարանը, մասնագետներ ասելով նկատի ունեմ և՛ հոգեբաններին և՛ տարբեր պրոֆիլի բժիշկներին։ Այստեղ կարծում եմ մենք՝ մասնագետներս, շատ գործ ունենք անելու»։
Նա ասում է, որ չափազանց կարևորում է այն, որ մասնագետը, որն աշխատում է ենթադրաբար ՀՏՍԽ կամ այդ սպեկտորի որևէ տեսակի այլ դրսևորում ունեցող այցելուի հետ, ի՛նքը չունենա այդ ներքին խարանը։
«Այսինքն, երբ ես գիտեմ, որ ուղղորդում եմ հոգեբույժի մոտ, և դա այն ճիշտ որոշումն է, որը կօգնի այցելուին ավելի լավ կյանքի որակ ունենալու տեսանկյունից, այս դիրքորոշումը ես կարող եմ միանշանակ փոխանցել այցելուին։ Մենք ենք այն մարդիկ, որոնք կրթում են այցելուներին ու տարածում են այս ինֆորմացիան։ Որովհետև մարդը, որն ունի հոգեկան առողջության ոլորտի դժվարություն, հաճախ այցելում է տարբեր պրոֆիլի բժիշկների, բայց ոչ՝ հոգեկան առողջության ոլորտի մասնագետի։ Բժիշկների կողմից ուղղորդումը հաճախ ուշացած, հետաձգված է լինում։ Դրա համար ես շատ կարևորում եմ այդ բժիշկների մոտեցումը։ Հեշտ է ասել, որ խարան կա, դե լավ՝ չուղղորդենք հոգեբույժի մոտ։ Բայց դրանով մենք վնասում ենք այցելուին ու հետաձգում ենք բուժում ստանալու հնարավորությունը»։
Պատերազմի մասնակիցների՝ պետության կողմից ֆինանսավորվող հոգեբանական աջակցության դիմելիության և նրանց շրջանում պատերազմի հետևանքով առաջացած հոգեկան առողջության խնդիրների մասին տեղեկություններ ստանալու նպատակով «Հետագծեր» նախագիծը երկու գրավոր հարցում է ուղարկել ԱԻՆ, սակայն նամակները մնացել են անպատասխան։
Խնդիրը գնալով ավելի ու ավելի է բարդանում, քանի որ շատերը Հայաստանում մշտապես գտնվում են մեծ լարվածության տակ, ուստի կա նոր պատերազմական բախումների չդադարող վտանգ։ Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ ադրբեջանական զորքերը շարունակում են վերահսկել ՀՀ սուվերեն տարածքի մի շարք հատվածներ։
Ու, չնայած շարունակվում են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները, հայ հասարակության մեջ խաղաղ ապրելու հույս գրեթե չկա։