«Չդավաճանել ոչ մեկին». Հայաստանի վարչապետը՝ ՌԴ և Արևմուտքի հետ հարաբերությունների մասին
Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը
Այնքան էլ հեշտ չէ լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի համար: «Մեր պարտականությունն է պահպանել պատշաճ հարաբերություններ և ոչ մեկին չդավաճանել»: Հունիսի 13-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի վարչապետը:
Պաշտոնական այցով Քաթարում գտնվող Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին, հայ-ադրբեջանական օրակարգի հարցերին, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրին, Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքներին և ոչ միայն:
JAMnews-ը ներկայացնում է վարչապետ Փաշինյանի հարցազրույցի կարևոր թեզերը:
«Հայաստանը շատ անհանգստացած է». Ուկրաինայում ընթացող պատերազմի և դրա հետևանքների մասին
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը շատ անհանգստացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով և աջակցում է բոլոր խնդիրների՝ երկխոսության ու խաղաղ ճանապարհով լուծմանը։
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսության վրա ուղղակիորեն ազդել է ոչ միայն Ռուսաստանի, այլև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված սննդի մատակարարման գնաճի և այլ գործոնների հետ: Ընդգծել է՝ տնտեսական ցուցանիշներն այս պահին բավականին դրական են (առաջին եռամսյակում՝ 8.6% տնտեսական աճ):
«Հույս ունենք՝ կկարողանանք պահպանել այս դինամիկան»,- նշել է նա:
«Փորձում ենք վստահելի գործընկեր լինել». Ռուսաստանի և Արևմուտքի հետ փոխհարաբերությունների մասին
Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայի հետ հատուկ հարաբերությունների ֆոնին Հայաստանի և կառավարության վիճակը բավականին զգայուն է.
«Փորձում ենք լինել ուղիղ, ազնիվ և վստահելի գործընկեր Ռուսաստանի, մեր եվրոպական և արևմտյան գործընկերների, մեր հարևանների համար։ Դա այնքան էլ հեշտ չէ»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Նրա դիտարկմամբ՝ ղեկավարները հենց նման իրավիճակների համար են, և նրանց պարտականությունն է «պահպանել պատշաճ հարաբերություններ գործընկերների հետ և ոչ մեկին չդավաճանել»։
«Կապերը շատ սերտ են». հարևան Իրանի մասին
«Ալ Ջազիրա»-ի լրագրողը կարծիք է հայտնել, թե բացառությամբ Իրանի՝ հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններն, ընդհանուր առմամբ, վատ են:
Ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ չորս հարևաններից երկուսի՝ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանն ունի շատ լավ հարաբերություններ:
Փաշինյանի խոսքով՝ Իրանի հետ կապերը շատ սերտ են, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև գործող ազատ առևտրի պայմանագրի արդյունքում.
«Այժմ աշխատում ենք Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունները զարգացնելու ուղղությամբ, ռազմավարական մի մայրուղու կառուցման փուլում ենք, որը կոչվում է Հյուսիս-Հարավ։ Հույս ունենք, որ այդ ծրագրի արդյունքում մեր տնտեսական հարաբերությունները Իրանի հետ կզարգանան»։
«Ամենահրատապը Լեռնային Ղարաբաղի հարցն է». Հայաստան-Ադրբեջան օրակարգի մասին
Վարչապետը տեղեկություններ է հաղորդել սահմանազատման հանձնաժողովի ստեղծման, կայացած և կայանալիք հանդիպումների մասին՝ ընդգծելով, որ շատ կարևոր է աշխատանքը շարունակելը: Փաշինյանը հույս է հայտնել, որ «միջազգային գործընկերների աջակցությամբ և երկկողմ աշխատանքի շնորհիվ, կհաջողվի դելիմիտացիայի ենթարկել սահմանները»։
«Եթե հանձնաժողովը որոշի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը պետք է պատկանի Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը»։
Լրագրողի այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետը շեշտել է, որ «սահմանազատման հանձնաժողովը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ»:
Փաշինյանի փոխանցմամբ՝ ամենահրատապ՝ ԼՂ-ի հարցին չի անդրադառնում նաև 2020 թ.-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը.
«Մենք հույս ունենք, որ առաջիկա ժամանակներում կկարողանանք անդրադառնալ ԼՂ-ի խնդրին»:
Պատասխանելով Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրման մասին հարցին՝ վարչապետը հերթական անգամ ընդգծել է, որ դա կարմիր գիծ է պաշտոնական Երևանի համար:
«Համաձայն եռակողմ հայտարարության՝ մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին»,- շեշտել է Փաշինյանն ու հավելել, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն «երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։
«Ակնկալում ենք շոշափելի արդյունքներ». հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին
Երևանի և Անկարայի միջև երկխոսությունը սկսված է, ասել է վարչապետը, նկատի ունենալով հատուկ ներկայացուցիչների ֆորմատը: Ակնկալում է, որ կարձանագրվեն շոշափելի արդյունքներ։
«Մենք Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթներ ենք սկսել, բայց սա մի բան է, որ մենք ունեինք նաև նախկինում։ Հույս ունեմ, որ ի վիճակի կլինենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որն արդեն 30 տարի է, ինչ փակ է»,- շեշտել է Փաշինյանը:
Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը