Ուկրաինական եկեղեցու ճանաչումը կարող է բերել Աբխազականի ստեղծմանը
Ավտոկեֆալիայի տոմոսը, որը Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը տրամադրեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, Վրաց եկեղեցուն ստիպեց մի լավ մտածել։ Ցանկացած որոշում ոչ մի լավ բան չի խոստանում և Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին որպես ռուսականից անկախ ճանաչելու, և չճանաչելու պարագայում։
Վրաց եկեղեցու համար ընտրությունն այստեղ ոչ միայն ուղղափառության երկու միմյանց հետ մրցակցող կենտրոնների միջև է․ մի կողմից Ռուս ուղղափառ եկեղեցին, որն ունի Կրեմլի ուժը, մյուս կողմից, Տիեզերական պատրիարքը, որն իրավունք ունի ուղղափառ աշխարհում օրենք թելադրելու։
•Ինչպե՞ս Ուկրաինական եկեղեցին անկախացավ, և ինչո՞ւ է Ռուսականը բողոքում
•Ինչպե՞ս և ինչո՞ւ են աբխազական երկու եկեղեցական կառույցերը վիճում Նոր Աֆոնի համար
Վրաց ուղղափառ եկեղեցու համար ցանկացած կատարված ընտրություն մեկ այլ ենթատեքստ էլ է ունենալու, որն իր համար ավելի կարևոր է, քան Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ճակատագիրը։ Բանն այն է, որ որոշումներից ցանկացածն ինքնաբերաբար կրում է Աբխազիայում եկեղեցական խնդրի թարմացման հեռանկար։
Մոսկվայի և Կոստանդնուպոլսի միջև
2008թ-ի պատերազմի հետևանքով Հարավային Օսիայում Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի պետականությունը։ Սակայն այդ ակտը ոչ մի կերպ չանդրադարձավ եկեղեցական հարցի վրա։ Ռուս ուղղափառ եկեղեցին Աբխազական եկեղեցին նախկինի պես ճանաչում է որպես Վրաց եկեղեցու կանոնական մաս։
Սակայն 1992-93թ-ի վրաց-աբխազական պատերազմի ավարտից ի վեր Աբխազիայի եկեղեցին առանց հայրապետական ուշադրության է մնացել, քանի որ վրացի հոգևորականներն Աբխազիա չեն կարող մեկնել հասկանալի պատճառներով։
Այդ ընթացքում ստեղծված վակուումը լցրել են երկու եկեղեցական կառույցներ, որոնք դեռևս ոչ ոքի կողմից ճանաչված չեն, և միմյանց միջև էլ հարաբերությունները հարթ չեն․ Աբխազական ուղղափառ եկեղեցին հայր Վիսարիոնի (Ապլիա) գլխավորությամբ և Աբխազիայի սուրբ միտրոպոլիան, որը գլխավորում է հայր Դորոֆեյը (Դբար)։
Հակիրճ՝ երկուսի մասին էլ։
Աբխազական ողղափառ եկեղեցի
Աբխազական ուղղափառ եկեղեցու ղեկավար հայր Վիսարիոնը ձեռնադրվել է Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կողմից դեռ 1990-ականների վրաց-աբխազական հակամարտությունից առաջ։
Վիսարիոնը Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարության առանձնահատուկ վստահությունն է վայելում։ Նա միակողմանի կերպով խզել է կապերը Վրաց եկեղեցու հետ։ Նրա ենթակայության տակ գտնվող տաճարներում ծառայում են բացառապես ռուս հոգևորականներ, և աղոթքներում հիշատակում են ոչ թե վրաց կաթողիկոս-պատրիարքին, այլ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլին։
•Սուրբ ծնունդի հրաշքներ Աբխազիայում
•Եկեղեցի՝ վրացիների և օսերի համար
Աբխազիայի սուրբ միտրոպոլիա
Հայր Դորոֆեյն, ընդհակառակը, ժամանակին ձեռնադրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։ Սակայն հենց նրա ու Մոսկվայի հարաբերությունները լավ չեն դասավորվել։
2000-ական թվականների կեսերին Դորոֆեյը Հունաստան մեկնեց և այնտեղ հաշվառվեց Էլլադայի ուղղափառ եկեղեցու Գումենիսայի միտրոպոլիայի հոգևորականների շարքում։ Այդ ժամանակ էլ նա ավարտեց Սալոնիկի Արիստոտելի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը։
2011թ-ին հայր Դորոֆեյին Էլլադայի եկեղեցին ծայրագույն վարդապետի սան շնորհեց, որից հետո նա հայրեիք վերադարձավ։
Մեկ ամսից նա Նոր Աֆոնի մենաստանում եկեղեցական-ժողովրդական հավաք անցկացրեց, որի արդյունքը եղավ Աբխազիայի սուրբ միտրոպոլիայի ստեղծումը։
Մոսկվային հայր Դորոֆեի այդ քմահաճությունը դուր չեկավ։ Մի քանի օր անց Մայկոպի և Ադիգեայի եպիսկոպոս Տիխոնի հրամանագրով նրան մեկ տարով արգելեցին ծառայել։ Այնուհետև այդ արգելքը երկարաձգեցին։
Եվ այդ ժամանակ հայր Դորոֆեյը պաշտոնապես խզեց հարաբերությունները Ռուս ուղղափառ եկեղեցու հետ։
Երկու եկեղեցական կառույցների կոնֆլիկտային հարաբերությունները
Այս երկու եկեղեցական կառույցների միջև հարաբերություններն ի սկզբանե շատ բարդ էին։ Երկար ժամանակ նրանց միջև բացահայտ թշնամանք կար։
Սակայն մոտավորապես մեկ տարի առաջ մի դեպք տեղի ունեցավ․ հայր Դորոֆեյն այցելեց Մոսկվայի հիվանդանոցներից մեկում բուժվող հայր Վիսարիոնին։ Դրանից հետո հարաբերություններում զգալի ջերմացում տեղի ունեցավ։
Սակայն աբխազական եկեղեցական հարցի լուծման մեթոդների վերաբերյալ կողմերի պատկերացումները նույնը մնացին։
Հայր Վիսարիոնը նախկինի պես հույսը դնում է բացառապես Ռուս ուղղափառ եկեղեցու վրա։
Հայր Դորոֆեյը կարծում է, որ պետք է Կոստանդնուպոլսի միջոցով Աբխազիայի եկեղեցու համար ավտոկեֆալիա ստանալ, այսինքն՝ գնալ «ուկրաինական ճանապարհով»։
Այն բանից հետո, երբ խախտվեց ստատուս քվոն
Մինչև Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ճանաչումն աբխազական ավտոկեֆալիայի մասին գաղափարը բացահայտ ուտոպիստական էր թվում։
Թեև վերջին 25 տարվա ընթացքում Տիեզերական պատրիարքը մի քանի եկեղեցի ճանաչեց, Մոսկվայի պատրիարքարանի մոնոպոլիան հետխորհրդային տարածքում պահպանվեց։
Եվ Ռուս ուղղափառ եկեղեցին աբխազական ավտոկեֆալիայի մասին գաղափարը նույնիսկ չէր էլ դիտարկում, քանի որ տվյալ դեպքում ստիպված կլիներ փչացնել հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ, որի հետ ավանդաբար լավ հարաբերությունների մեջ է։
Սակայն այժմ, երբ ստատուս քվոն խախտվել է, Աբխազական եկեղեցին սկսել է հույսեր տածել։ Հայր Դորոֆեյն ու հայր Վիսարիոնը դա հիանալի գիտակցում են։ Նրանք գրեթե ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակն իրենց գործին չվնասելու համար։
Վրաց եկեղեցու հոգևոր առաջնորդներն ուրախ կլինեին լռել, սակայն հազիվ թե ստացվի դա անել։ Եվ Վրաստանում, և Կիևում, և Կոստանդնուպոլսում նրանցից ընտրություն են սպասում։ Սակայն, թվում է, որ ցանկացած ընտրություն Վրաց եկեղեցու համար փակուղային կլինի։
Տարբերակներ
Մի կողմից, Ռուս ուղղափառ եկեղեցին, կարծես, ոչ երկիմաստ ակնարկում է վրացի հայրապետներին․ եթե Վրաց ուղղափառ եկեղեցին ճանաչի Ուկրաինական եկեղեցու ավտոկեֆալիան, ապա նա (Վրաց եկեղեցին) ինքնաբերաբար կդադարի ուղղափառ լինել Ռուս եկեղեցու տեսանկյունից։
Եվ այդ ժամանակ Մոսկվայի պատրիարքարանն իրական այլընտրանք կունենա Աբխազական եկեղեցին ճանաչելու և այն իր հոգածության տակ առնելու։
Մյուս կողմից, Տիեզերական պատրիարքի ուժը հսկայական է։ Նա տոմոս է տրամադրել Ուկրաինային՝ ի հեճուկս Մոսկվայի դիմադրության։ Նույն բանը կարող է տալ և Աբխազիային, որտեղ ճնշումներն էլ են զգալիորեն ավելի նվազ, անբեկանելի առիթ էլ կա․ ավելի քան 25 տարի է, ինչ Աբխազիայի տարածքը չի վերահսկվում ոչ մի եկեղեցու կողմից, ինչն անթույլատրելի է։
Իհարկե, թե մի, թե մյուս տարբերակներն այդքան արագ իրագործվող չեն։ Այնուամենայնիվ, ստատուս քվոն խախտվել է, հետևաբար, հեռանկարներ կան։
Կա նաև երրորդ տարբերակ, որը գրեթե չի հիշատակվում, բայց գոյություն ունենալու իրավունք ունի։ Եվ այն, ըստ էության, պակաս ցավոտ է Վրաց եկեղեցու համար։
Խոսքը հետևյալի մասին է․ Վրաց ուղղափառ եկեղեցին կարող է ավտոկեֆալիա տրամադրել աբխազականին և նրա համար դառնալ մայր եկեղեցի՝ դրանից բխող բոլոր առավելություններով։ Այսինքն՝ կրկնի այն սցենարը, որը Վրաց ուղղափառ եկեղեցու հանդեպ կիրառել էր 1943թ-ին այն ճանաչած Ռուս ուղղափառ եկեղեցին։
Որքան էլ իրավիճակը զարգանա, «աբխազական» եկեղեցական հարցի արագ լուծմանը ոչ ոք չի սպասում։ Հնարավոր է, իրավիճակը տարիներով ձգվի, հնարավոր է՝ տասնամյակներով։
Այժմ հազիվ թե մեկը կարողանա վերջնական արդյունքի կամ դրա լուծման ժամկետները նշել։ Սակայն այն, որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու ճանաչման խնդիրը մեռյալ կետից շարժվել է, թերևս անհերքելի փաստ է։