Ի՞նչ են ստացել Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո
Ի՞նչ է արձանագրել 2020 թ-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որը կանգնեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի համար մղվող 45-օրյա պատերազմը և զանգվածային ցույցեր առաջացրել Հայաստանում։
Համաձայնագրի հիմնական կետերը
• Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում համաձայնագրի ստորագրման պահին իրենց զբաղեցրած դիրքերում։
• Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով ռուս խաղաղապահներ են կանգնելու՝ 1 960 զինծառայող։ Նրանք այնտեղ են մնալու հինգ տարով՝ նույնքան ժամկետով ինքնաբերաբար երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից որևէ մեկը չցանկանա հրաժարվել նրանց ներկայությունից։
• Համաձայնեցվել է գրաֆիկ, որի համաձայն՝ Հայաստանը պետք է դուրս բերի զորքերն ու Ադրբեջանի վերահսկողությանը հանձնի Արցախի հարակից տարածքները․ մինչև նոյեմբերի 15-ը՝ Քարվաճառի շրջանը, մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանն, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը։
• Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ են վերադառնում փախստականներն, այս գործընթացը պետք է իրականացվի ՄԱԿ-ի վերահսկողության տակ։
• Կողմերը պետք է ռազմագերիների փոխանակում իրականցնեն։
• Բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը շրջանում ապաարգելափակվում են։ Հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ծառայությունը։
- Կարծիք․ ո՞վ կփոխարինի Հայաստանի վարչապետ Փաշինյանին
- «Ես անձամբ եմ պատասխանատվություն կրում այս ամենի համար»․ Հայաստանի վարչապետն՝ արցախյան իրավիճակի մասին
Ի՞նչ են ստացել Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագրի արդյունքում
Ադրբեջան․
• Ստանում է Արցախի բոլոր հարակից տարածքները։
• Ստանում է բուն Արցախի մի քանի շրջան, սակայն վերահսկողություն չի ստանում մայրաքաղաք Ստեփանակերտի և այն շրջանների նկատմամբ, որոնք համաձայնագրի ստորագրման պահին հայկական ուժերի վերահսկողության տակ էին, այդ թվում՝ Մարտունի և Մարտակերտ քաղաքների նկատմամբ։
• Ստանում է ցամաքային միջանցք Հայաստանի և Իրանի հարավային սահմանի երկայնքով, որը միացնելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը (Ադրբեջանի կազմում է) և մայրցամաքային Ադրբեջանը։
• Ադրբեջանական բանակը մնում է Արցախի հարակից շրջաններում և բուն Արցախի այն շրջաններում, որոնք զբաղեցրել է համաձայանգրի կնքումից առաջ, այդ թվում՝ ռազմավարական կարևորություն ունեցող Շուշի քաղաքում։ Ընդ որում, հայկական կողմը պարտավոր է ամբողջությամբ լքել այդ տարածքները։
Հայաստան․
• Ստանում է Արցախի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցման համար հինգ կիլոմետրանոց միջանցք, որը վերահսկելու են ռուս խաղաղապահները նվազագույնը հինգ տարի։
• Պահպանում է երկրի հարավի սահմանամերձ տարածքի ֆորմալ ինքնիշխանությունը, որով անցնելու է Նախիջևանի և Ադրբեջանի միջև տարանցիկ միջանցքը։ Միջանցքի անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանը։
Թուրքիա․
• Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանին կապող տարանցիկ ցամաքային միջանցք է ստանում ՝ Հայաստանի և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով։
Արցախի և հարակից տարածքների քարտեզն՝ ըստ պատերազմի արդյունքների։ Մանուշակագույնով նշված են տարածքները, որոնք Ադրբեջանին չեն փոխանցվել, և թե ինչ է լինելու դրանց հետ, պարզ չէ (այդ մասին է հաջորդ գլուխը)։
Ի՞նչը դեռ պարզ չէ
Հիմնական դրույթները, որոնք պետք է պարզեն կողմերը պաշտոնական մակարդակով, սակայն դեռևս փորձագետների և սոցցանցերի օգտատերերի շահարկման առարկա են դարձել․
Արցախի և Հայաստանի միջև կապը
Մինչ այս, դա Լաչինի միջանցքն էր, որն անցնում է Շուշի քաղաքով։ Համաձայնագրում ասվում է, որ Հայաստանից Շուշիով ճանապարհ չի անցնելու, և մոտակա երեք տարում պետք է քաղաքը շրջանցող ճանապարհ կառուցվի, որը կվերահսկեն ռուս խաղաղապահները։ Թե ինչ է լինելու նախքան այդ ճանապարհի հայտնվելը, դեռ պարզ չէ։
Արդյո՞ք Արցախում թուրք խաղաղապահներ կտեղակայվեն
Kremlin.ru կայքում տեղադրված համաձայնագրի տեքստում խոսվում է միայն ռուս խաղաղապահների մասին։ Դա հաստատել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ թուրք խաղաղապահներ նույնպես լինելու են Արցախի տարածքում։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակվել է Պուտինի հետ Ալիևի զրույցի տեսագրությունը, որտեղ Ադրբեջանի նախագահը հստակ խոսում է «Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղապահ առաքելության» մասին և Պուտինի կողմից առարկություն չի լսում։
Հայաստանի և Իրանի միջև կապը և միջանցքը, որ կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ու ցամաքային Ադրբեջանը
Սա ոչ մեծ հատված է, և ստացվում է, որ դրանով լինելու է երկու ուղղությամբ երթևեկություն՝ Հայաստանից դեպի Իրան և Նախիջևանից դեպի Ադրբեջան։ Եվ Հայաստանի ու Իրանի միջև միակ անցակետն՝ Ագարակ-Նորդուզը, Նախիջևանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է։
Արդյո՞ք նոր ճանապարհ կկառուցվի «Նախիջևանի միջանցքի» համար, համաձայանգրում այս մասին ոչինչ չի ասվում։
Եթե այդ հատվածում օգտագործվի եղած ճանապարհը, այն լարվածության աղբյուր կլինի բոլոր կողմերի համար, այդ թվում՝ Իրանի։
Այստեղ քարտեզ է ներկայացված, որի վրա սպիտակ գծերով նշված է տարանցիկ ցամաքային միջանցքը Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (սահմանակից է Թուրքիային) դեպի Ադրբեջան։ Մոխրագույնով քարտեզի վրա նշված է Իրանի տարածքը, որի հետ Հայաստանը սերտ տնտեսական կապեր ունի։
• Ի՞նչ անվանումներ և ի՞նչ պետական խորհրդանիշներ են լինելու Արցախում
- Ինչպե՞ս են կոչվելու Լեռնային Ղարաբաղի քաղաքները՝ Ստեփանակե՞րտ, թե՞ Խանքենդի, Մարտունի՞, թե՞ Խոջավենդ։ Եվ այլն։
- Ո՞ր երկրի դրոշներն են լինելու Ղարաբաղի վարչական շենքերի վրա։
- Ի՞նչ արժույթ է օգտագործվելու։
- Ովքե՞ր են լինելու քաղաքների և գյուղերի ղեկավարները։
- Ի՞նչ քաղաքացիություն են ունենալու նրանք, ովքեր այնտեղ ապրելու են։
Սրանք այն բոլոր հարցերն են, որոնց պատասխանները հազիվ թե մոտ ապագայում լինեն։
• «Արցախյան երկրորդ պատերազմ»։ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը հայկական և ադրբեջանական բանակները դաժան մարտեր էին մղում արցախյան հակամարտության գոտում՝ զրահատեխնիկայի, հրետանու և դրոնների կիրառմամբ։ Մի քանի հազար զինվորական և քաղաքացիական անձ է զոհվել երկու կողմից։ Այս ընթացքում երեք անգամ հրադադար է հայտարարվել՝ հոկտեմբերի 10-ին, 18-ին և 26-ին, սակայն ամեն անգամ այն միանգամից խախտվել է։ Պատերազմը կանգնեցրել է եռակողմ համաձայնագիրը, որը նոյեմբերի 10-ին ստորագրել են Հայաստանն, Ադրբեջանն ու Ռուսաստանը։
• 1991-1994 թթ-ի արցախյան պատերազմը։ Հայերի և ադրբեջանցիների միջև զինված հակամարտությունը, որը տեղի է ունեցել 1991-1994 թթ-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դրա հարակից տարածքներում։
1994 թ-ի հրադադարի ստորագրումից մինչև 2020 թ-ի նոյեմբերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի որպես դե ֆակտո անկախ հանրապետություն, որը չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։ Ադրբեջանական բնակչությունը լքել է այդ տարածքը, և այնտեղ բնակվում են միայն էթնիկ հայեր։ Ադրբեջանը Ղարաբաղն ու հարակից տարածքները, որոնք գրավվել էին պատերազմի ընթացքում, համարում էր օկուպացված և պահանջում էր դրանց վերադարձը։
Միջազգային միջնորդությամբ հակամարտության կարգավորման բանակցություններն այս տարիների ընթացքում արդյունք չտվեցին։
Լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախորդ բռնկումն՝ «ապրիլյան» կամ «քառօրյա» պատերազմը, տեղի էր ունեցել 2016 -ի ապրիլին։ Արդյունքում՝ երկու կողմից տասնյակ մարդիկ էին զոհվել։