«Շատ օգտակար հանդիպում»․ Պուտին-Փաշինյան-Ալիև բանակցությունների բոլոր մասնակիցների կարծիքը
Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարություններով են հանդես եկել Սոչիում եռակողմ հանդիպման ավարտից հետո։ Բանակցությունների բոլոր մասնակիցները միաձայն գնահատել են բանակցությունները որպես արդյունավետ, հանդիպումը՝ որպես «վերին աստիճանի օգտակար և տեղին»։ Բանակցությունների արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել։ Հաջորդ շաբաթ ևս մի եռակողմ հանդիպում է կայանալու նույն կազմով՝ արդեն Մոսկվայում։
- Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելից առաջ կհանդիպեն Սոչիում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Մեկնաբանություններ
- Հայաստանը՝ ճնշման տակ․ ի՞նչ է ուզում Ադրբեջանը, ի՞նչ է սպասում Ռուսաստանը։ Մեկնաբանություն Երևանից
- «Սահմանների որոշումն ուժի կիրառման սպառնալիքի տակ անվավեր է»․ Հայաստանի ընդդիմություն
Սա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն էր Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո, Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։
Հայաստանում և Ադրբեջանում լարված սպասում էին այս բանակցությունների արդյունքներին։ Առավոտից Հայաստանի և Ադրբեջանի Տելեգրամ-ալիքները հաղորդում էին, որ սահմանային դիրքերը մարտական պատրաստության ռեժիմի են բերվել։ Իսկ հանդիպումը սկսվեց հայտարարված ժամից ուշ։ Սկզբից Ռուսաստանի նախագահը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումն անցկացվել է եռակողմ ձևաչափով բանակցություններից հետո։
Ի՞նչ որոշումներ են կայացրել երեք երկրների առաջնորդները․ հայտարարության տեքստը, ինչպես նաև՝ փորձագիտական կարծիք Երևանից և Բաքվից։
Հայտարարության ամբողջական տեքստը
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ․ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ․ Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:
Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։ Նշեցինք ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
Պայմանավորվեցինք ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման վրա Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։
Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:
Փորձագիտական կարծիք Երևանից
Արցախյան հակամարտության փորձագետ, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը դեռևս եռակողմ հանդիպմանը նախորդած գիշերը Ֆեյսբուքի իր էջում կարծիք է հայտնել կայանալիք բանակցությունների մասին։
Նրա կարծիքին այժմ ուշադիր են նաև նրա տեսակետը չկիսողները, քանի որ նա առաջինն էր, ով դեռ հոկտեմբերին հաղորդեց՝ այդ հանդիպումը պլանավորված է, և նշեց հստակ ամսաթիվ և բանակցությունների օրակարգը։ Նրա ասածը բազմիցս հերքվեց՝ ինչպես ամսաթվի, այնպես էլ կայանալիք բանակցությունների բովանդակության մասով։ Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ նրա հայտնած տեղեկությունները ճիշտ էին, դրանք, արդյունքում, հաստատել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջարկվում էր հանդիպումն անցկացնել նոյեմբերի 9-ին՝ Արցախում հրադադար հաստատելու օրը, որը որպես ողբերգություն է ընկալվում հասարակությունում, և ինքն է առաջարկել փոխել ամսաթիվը։
Բացի այդ, վարչապետը հաստատել է, որ հնարավոր է փաստաթղթի ստորագրում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին, ինչպես ավելի վաղ հաղորդում էր Թաթուլ Հակոբյանը։ Սակայն Փաշինյանը հայտարարել է, որ դա լինելու է ընդամենը սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի ստեղծման և այդ ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին դրույթ։ Վարչապետը վստահեցրել է, որ փաստաթղթում հստակ որոշումներ չեն լինելու, թե ինչպես է անցնելու սահմանը։
Թաթուլ Հակոբյանը նոյեմբերի 25-ի իր ուղիղ միացման ժամանակ հայտարարել է․
«Հիմա նորից իշխանություններն ասում են, որ եթե ինչ-որ բան ստորագրվի, դա լինելու է միայն սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի մասին։ Շարունակեք մոլորության մեջ պահել հայ ժողովրդին, շարունակեք մոլորության մեջ պահել։ Մեկ է մի առավոտ արթնանալու ենք և տեսնելու ենք, որ ինչ-որ փաստաթղթեր եք ստորագրել»։
Ինչ վերաբերում է ընդհանրապես բանակցությունների էությանն ու իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակներին, ապա, ըստ փորձագետի, Հայաստանը կանգնած է «աղետալի, դժոխային ընտրության առաջ»․
«Մենք ի՞նչ ճանապարհներ ունենք այս վիճակից դուրս գալու համար։ Եկեք միասին հանգիստ քննարկենք, մենք ինչ հնարավորություններ ունենք այս պահին։ Ես առաջարկում եմ մի քանի տարբերակներ, որ մենք կարող ենք ունենալ։
Տարբերակ առաջին։ Մենք կորցնում ենք պետականությունը։ Հիմա շատերն են այդ մասին խոսում [․․․]։ Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր տեսակետն է, որ հատուկ է, իմ կարծիքով, շրջանառվում, ահ ու սարսափ տարածելու և իշխանություններին վարկաբեկելու համար։ Իշխանություններին ինչ ուզում եք արեք, կարող եք վարկաբեկել, բայց պետք չէ հայ ժողովրդին սարսափի մեջ պահել [․․․]։
Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը, մենք՝ հայաստանցիներս, առաջին հերթին, պահելու ենք այս երկիրը, Հայաստանը չի կործանվելու։ Այո, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը սահմանափակվել են, երբևիցե այսքան սահմանափակ չի եղել 1991 թվականից ի վեր, բայց ես համոզված եմ, որ մենք պահելու ենք մեր պետականությունը [․․․]։
Երկրորդ տարբերակ։ Մենք էլ ավելի ենք թուլանում, ավելի ենք կորցնում մեր ինքնիշխանությունն ու անկախությունը և հայտնվում ենք ինչ-որ միութենական կազմավորման մեջ։ Սա էլ մեր պատմության մեջ եղած դեպք է [․․․]։ Այսինքն՝ մենք հայտնվում ենք Բելառուս-Ռուսաստան կամ ինչ-որ մի անվանումով միության կազմում, ինչպես որ եղավ 1922 թվականին։ [․․․] Հիմա մենք ուզո՞ւմ ենք էս տարբերակը։ Ես, օրինակ, չեմ ուզում։
Ես ուզում եմ՝ մենք մեր չափը ճանաչենք, բայց լինենք անկախ պետություն՝ ստիպված լինելով ապրել Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի արանքում։
Տարբերակ երրորդ։ Մենք ոչինչ չենք բանակցում էս պահին ադրբեջանցիների հետ, ինչպես նրանք 94-ից հետո [երբ ավարտվեց Արցախյան առաջին պատերազմը]։ Նրանք երկար սպասեցին, մինչև գա 2020-ի սեպտեմբերի 27-ը, և որոշեցին հարձակվել և մեզ հաղթեցին մարտի դաշտում Թուրքիայի և վարձկանների օգնությամբ և համաշխարհային հանրության լռության ներքո [․․․]։
Հիմա մենք կարո՞ղ ենք Ադրբեջանի նման վարվել [․․․]։ Մենք պետք է հաշվարկենք՝ ունե՞նք այդքան ռեսուրս։ Գուցե ունենք, ես չգիտեմ։ Ո՞վքեր են մեր դաշնակիցները։ Ռուսաստա՞նը։ Չգիտեմ։ Ֆրանսիա՞ն, էլի չգիտեմ։ Միացյալ Նահանգնե՞րը։ Իրականում ես գիտեմ, պատկերացնում եմ, թե ինչ օգնություն կարող ենք ստանալ, որովհետև դառը փորձն ենք տեսել 44-օրյա պատերազմի և ունենք մեր պետության դառը անցյալը [․․․]։
Տարբերակ երրորդ՝ մենք հասնում ենք ռևանշի։ Մենք հնարավորություններ ունե՞նք։ Երեք միլիոնանոց Հայաստանը կարո՞ղ է տասը միլիոն Ադրբեջանի դեմ կռվի և նրան օգնության եկող 80 միլիոնանոց Թուրքիայի։ Սա էլ եկեք քննարկենք, ես չգիտեմ»։
Թաթուլ Հակոբյանի համոզմամբ՝ կառուցողական քննարկման փոխարեն հայ հասարակությանը կերակրում են «պատրանքային հույսերով», և այդ կարծիքներն ավելի պոպուլյար են, քան իրատեսական, երկրի հնարավորություններից բխող տեսակետները։
Փորձագիտական կարծիք Բաքվից
Ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովի՝ եռակողմ հայտարարությունը, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները Սոչիում, արտացոլում է վերջին երկու կողմերի ճնշումը Նիկոլ Փաշինյանի վրա։
«Հայտարարության ընդհանուր ոգին անցյալ տարվա նոյեմբերի 10-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի նմանատիպ հայտարարությունների տրամաբանական շարունակությունն է և քաղաքական բազա է ստեղծում պարտավորությունների շուտափույթ կատարման համար, որոնք կողմերը ստանձնել են նախորդ փաստաթղթերով։
Մամուլի համար բաց հատվածում միակ ոչ կառուցողական դիրքորոշումը ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանը, որը խոսեց ռազմագերիների մասին և հերթական անգամ օգտագործեց «Ղարաբաղյան հակամարտություն» արտահայտությունը։
Նրա դիրքորոշումը կարելի է երկու հարթություններում մեկնաբանել․
Առաջինը՝ նա ուզում էր, որ իր դիրքորոշումն արտացոլվի հանդիպման վերջնական փաստաթղթում։
Երկրորդը՝ նա «պայքարողի» կերպար է ստեղծում հայ հասարակությունում և այդպիսով փորձում է իրեն ապահովագրել ապագա իրադարձություններից։
Սակայն վերջնական հայտարարությունում տեղ չէր գտել ո՛չ Ղարաբաղյան հարցը, ո՛չ ռազմագերիների թեման։ Սա շատ բան է ասում Երևանի վրա Բաքու-Մոսկվա գծի ուժեղ ճնշման մասին։
Փաստաթղթում արտացոլված է սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական երկկողմանի հանձնաժողովի ստեղծման հարցը։ Սակայն Ռուսաստանը հնարավորությունը բաց չի թողնում այդ գործընթացին ձև և մասշտաբ հաղորդելու, այդ պատճառով էլ հայտարարությունում ընդգծվում է, որ Ռուսաստանը կողմերի խնդրանքով կարող է օգնել այդ գործընթացին։
Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն ընդառաջ գնաց Ադրբեջանի շահերին, և հանդիպմանը հետևած ասուլիսին հստակ նշեց միջանցքների հարցը։ Նա ընդգծեց, որ միջանցքների մասին խոսելիս նկատի ունի ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը սատարում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, և ճնշում է գործադրում Հայաստանի վրա այս հարցում։
Ելնելով հայտարարության տեքստից՝ կարելի է ենթադրել, որ հաջորդ ամիս և հաջորդ տարի կարևոր որոշումներ են կայացվելու խաղաղ գործընթացի համար պայմանների ստեղծման ճանապարհին։
Հայտարարությունում կողմերն ընդգծում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը, և դա ծառայում է Ռուսաստանի շահերին։ Ռուսական խաղաղապահ ուժերը Ռուսաստանի համար տարածաշրջանում ազդեցության լծակներն իր ձեռքում պահելու միջոցներից մեկն են։
Մոսկվան չի ուզում զրկվել այդ գործուն գործիքից։ Ընդհանուր առմամբ, հայտարարությունը կարելի է դրական գնահատել, կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կարող է գոհ լինել փաստաթղթի տեքստից», — նշել է Քերիմովը։