«Ռազմական ոլորտի նախկին պաշտոնյաներին ՀՀ-ում հետապնդո՞ւմ են»․ կարծիք
Նախկին նախարարների հետապնդում Հայաստանում
Հայաստանում ակտիվորեն քննարկում են պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանին և Վիգեն Սարգսյանին մեղսագրվող հանցանքները՝ զորամասերի օտարում և զինծառայողների բնակարանների տրամադրում՝ հերթացուցակի խախտումով։ Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, Սարգսյանն էլ հետախուզման մեջ է։
Ընդդիմությունը պնդում է՝ հարուցված քրեական գործերը «շինծու» են՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ մեկնարկած իրավական գործընթացները բնորոշելով որպես «քաղաքական հետապնդում»։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ անկասկած է, որ Հայաստանի կառավարման համակարգը եղել է մսխող, իսկ կոռուպցիան՝ ինստիտուցիոնալացված երևույթ։ Մյուս կողմից նկատում է՝ պաշտոնյաների անձնական պատասխանատվությունը որոշելը իրավական համակարգի խնդիրն է։
Ինչո՞ւմ են մեղադրվում Հայաստանի պաշտպանության նախկին նախարարները, փորձագիտական կարծիք
Ոչ միայն նախարարներ
Փետրվարի 20-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը (պաշտոնավարել է 2006-2010 թթ․)։ Դատախազության փոխանցմամբ՝ նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռքբերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) մեջ։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ նախարար Սեյրան Օհանյանի կողմից լիազորված անձը ՊՆ անունից առքուվաճառքի պայմանագիր է կնքել՝ փաստացի զորամասերից մեկի հողն ու շինությունները վաճառելով Գրիգորի Խաչատուրովին: Սեփականությունը, սակայն, գրանցվել է Խաչատուրովի հետ փոխկապակցված Էդգար Արշակյանի անվամբ, այդ կերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելիությունը: Բացի այդ՝ այն վաճառվել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով։ Գրիգորի Խաչատուրովը, ըստ աղբյուրի, երկու անգամ գրավադրել է անշարժ գույքը՝ այդ կերպ օրինականացնելով նշված գումարի հանցավոր ծագումն ու ստանալով առանձնապես խոշոր չափերի գումար։
Գրիգորի Խաչատուրովը ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է։ Հայր Խաչատուրովը նաև ՀԱՊԿ նախկին քարտուղարն է։ Հայաստանը հետ կանչեց իր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 2018 թվականին, «թավշյա» հեղափոխությունից հետո։
Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել էր Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով որպես կասկածյալ մեղադրանք առաջադրելու պատճառով: Այս դրվագը, ըստ փորձագետների, որոշակի լարում էր առաջացրել Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ղեկավարության միջև։ Ընդդիմությունն այս գործն էլ էր հայտարարել քաղաքական հետապնդում։
«Շինծու գործեր են»․ Սեյրան Օհանյան
JAMnews-ը հայտնել էր, որ փետրվարի 8-ին Հայաստանի խորհրդարանի համաձայնությամբ նախկին նախարար (2008-16 թթ․), ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, ներկայացվել մի քանի դրվագներով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք։
Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝ գործերի վաղեմության ժամկետն անցել է, իսկ ինքը «մեղավոր չէ ու կապացուցի անմեղությունը»։
«Այդ գործերը շինծու են, որևէ շահ որևէ գործում մենք չենք ունեցել և որևէ շրջանակի հետ մենք պայմանավորվածություններ չենք ունեցել։ Այս իշխանությունների օրոք առաջնահերթությունները՝ անվտանգային խնդիրները, գերակա չեն, սա իրականացվել է մեր հանրության ուշադրությունը շեղելու համար»։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը քրեական հետապնդում է հարուցում բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրեն «չեն ծառայում»․
«Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ այս մարդկանց թիրախը մեր անվտանգությունն է, ոչ թե մտահոգությունը անվտանգությունը բարձրացնելու, այլ՝ հեղինակազրկելու, վարկաբեկելու։ Որևէ մեկը չի ասում, որ բանակում թերություններ և սխալներ չեն եղել։ Եղել են նույնիսկ անփույթ դրսևորումներ, բայց հանցագործ վարքագիծ, որը նպատակ է ունեցել թուլացնելու մեր անվտանգությունը, չի եղել նման բան»։
ՊՆ նախկին նախարարին մեղսագրվում է որպես զորամաս ծառայող հողամասերի ապօրինի օտարումը, ՊՆ-ին պատկանող տարածքների մասնավոր անձի փոխանցումը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ Սեյրան Օհանյանը խախտել է Հողային օրենսգրքի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողեր։ Բացի այդ, արգելվում է նաև օտարել պետական և համայնքային uեփականություն հանդիuացող այն շենքերը կամ շինությունները, որոնք կառուցված են նշված հողերում:
«Քաղաքական հետապնդման դրսևորում է»․ Վիգեն Սարգսյան
Հետախուզում է հայտարարվել նաև պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ (պաշտոնավարել է 2016-18 թթ․)։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում էր կայացրել, մեղադրանք առաջադրել և դատարան ներկայացրել Սարգսյանին կալանավորելու միջնորդություն։ Դատարանն այն բավարարել էր։
Քրեական գործը դեռևս 2019 թ․-ին է հարուցվել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Սարգսյանը բացակայում է երկրից։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը զինծառայողների համար նախատեսված բնակարանների բաշխման գործընթացում «դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ»․
«Կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է բնակարաններ հատկացնել հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց»։
Նշվում է, որ այս հանձնարարականի հետևանքով հանձնաժողովը կայացրել է «ակնհայտ ապօրինի որոշում»։
Դատախազության հաղորդագրությանն ի պատասխան Սարգսյանը հայտարարել է, որ ունենալով կոնտակտային տվյալներ՝ կառույցն իր հետ կապ հաստատելու որևէ ջանք չի գործադրել և զրկել է «օրինական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից»։
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում, ինչպես դա արդեն բացահայտորեն արվում է տարիներ շարունակ բոլոր ընդդիմադիրների նկատմամբ»,- գրել է նախկին նախարարն իր ֆեյսբուքյան էջում։
Պատասխանելով իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ նա վստահեցրել է՝ բնակարանների բաշխումն իրականացվել է «օրենքի պահանջին համապատասխան` հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը».
«Երկարաշունչ անհեթեթության փոխարեն պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը` յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները հսկող դատախազի կարծիքով խախտվել են: Վստահ եմ, այդքանը բավարար կլինի թեման սպառված համարելու համար: Պարզապես նողկալի է»:
Փորձագիտական կարծիք
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դժվարանում է ասել՝ գործ ունենք իրավական հիմքեր ունեցող գործընթացի, թե քաղաքական հետապնդման հետ։ Ասում է՝ նման գնահատական հնչեցնելու համար պետք է տիրապետել գործերի մանրամասներին։ Մյուս կողմից՝ վերլուծաբանի համար հասկանալի են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մոտիվները։
«Ընդդիմությունը նախկին համակարգին առնչվող ցանկացած այսպիսի գործ բնորոշում է որպես քաղաքական հետապնդում, սա ունի նաև քաղաքական շարժառիթ։ Ընդդիմությունը ձգտում է այդ բնորոշումը դարձնել մի կողմից պաշտպանական մեխանիզմ, գործիք, մարտավարություն, մյուս կողմից՝ համախմբված պահել իր համակիրներին»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է նա։
Հիշեցնում է՝ Հայաստանի քաղաքական օրակարգում գրեթե չորս տարի անընդհատ շրջանառվում է, այսպես կոչված, «թալանի վերադարձի» հռետորաբանությունը։ Նրա խոսքով՝ անկախ հարուցված գործերի «իրավական հիմնավորվածությունից» գործող իշխանությունը փորձում է այդ մտայնության շուրջ իր համակիրներին «մոբիլիզացված պահել»։
Քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ Հայաստանում գոյություն ունեցած կառավարման համակարգի «ցեմենտող մեխանիզմը» եղել է կոռուպցիան՝ որպես ինստիտուցիոնալացված երևույթ։
«Կասկած չկա, որ այդ տարիների ընթացքում տեղի է ունեցել հանրային և պետական ռեսուրսների համակարգային մսխում։ Հակառակ պարագայում ՀՀ-ում քաղաքական, տնտեսական և այլ զարգացումները կունենային բացարձակապես այլ ընթացք և որակ»։
Կարծում է՝ միայն իրավապահները կարող են պարզել իրականությունը, առանձին պաշտոնյաների պատասխանատվության չափն ու առնչությունը կոռուպցիոն դրսևորումներին։ Բադալյանը կարևոր է համարում այն, որ այդ գործընթացները լինեն թափանցիկ, հանրությունը հնարավորություն ունենա տեսնել, թե դրանք որքանով են տեղի ունենում «օրինականության և իրավական հիմնավորվածության շրջանակում»։
«Եթե լինեն շեղումներ, ցանկացած գնով ինչ-որ խնդիր լուծելը կարող է դառնալ իրավական մշակույթի բացասական նախադեպ»»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Նախկին նախարարների հետապնդում Հայաստանում