ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
Նախընտրական սոցիոլոգիական հարցում Հայաստանում
«Եթե ընտրությունները կայանային վաղը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը կստանար ձայների հարաբերական մեծամասնությունը, սակայն, կախված ընտրողների մասնակցությունից, հնարավոր է՝ չկարողանար ձևավորել միակուսակցական կառավարություն»,- ասված է «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնի» (ArmES) հետազոտության մեջ։
Կենտրոնն ամփոփել է 2026 թ․-ի հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացրած հարցման առաջին փուլի արդյունքները։ Հեռախոսային հարցումներին մասնակցել է 820 քաղաքացի։ Մասնակիցների 82%-ն ասել է՝ կմասնակցի գալիք ընտրություններին։
Հետազոտությունն իրականացրած փորձագետները եզրակացրել են՝ գրանցված ընտրողների 82% մասնակցության պարագայում ՔՊ-ն կստանա քվեների մոտավորապես 40,5%-ը։
«Այն [ՔՊ-ն] շարունակում է մնալ միակ արևմտամետ ուժը, որը հաղթահարում է խորհրդարան անցնելու շեմը։ «Քաղաքացիական պայմանագրի» հնարավոր դաշինքային գործընկերները՝ ՀՀ-ի ժողովրդավարական ընդդիմությունը, բացակայում են ընտրական դաշտից՝ որպես կենսունակ քաղաքական ուժեր»,- ասված է փաստաթղթում։
Անդրադարձ է արվում նաև խորհրդարանական ընդդիմությանը։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, ձայների քանակով երկրորդ տեղում կլինի «Ուժեղ Հայաստանը», երրորդ տեղում՝ ԲՀԿ-ն։ Այս ուժերն առաջնորդում են գործարարներ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը, որոնց իշխանականներն անվանում են «ռուսաստանցի և տեղացի օլիգարխներ»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հարցման արդյունքներով չի կարողանա հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում։
Կարևոր դրվագները՝ հակիրճ
- Ընտրակաշա՞ռք, թե՞ տնտեսական աճի արդյունք․ ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան
- ՀՀ-ում քննարկում են սեքսի նախարարություն ստեղծելու մասին «նախընտրական հայտարարությունը»
- «Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» կներկայացնի ՌԴ շահերը»․ կարծիք
5 կարևոր զարգացում
«Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնի» փոխանցմամբ՝ իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս հինգ կարևոր զարգացում։ Դրանք են՝
- «վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ցածր է, սակայն նա համեմատաբար լավ դիրքեր ունի չկողմնորոշված ընտրողների շրջանում,
- «Ուժեղ Հայաստանը» կլանել է «Հայաստան» դաշինքի ձայները՝ հիմնականում համախմբելով 2021-ին Ռոբերտ Քոչարյանին ձայն տված ընտրողներին,
- ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային վիճակը բարելավվել է, իսկ չկողմնորոշված ընտրողները նույնիսկ ավելի բարձր են գնահատում այդ բարելավումը,
- հասարակությունը դրական է տրամադրված երկրի տնտեսական ապագայի հարցում, թեև վերապահումներ ունի վերջին 12 ամիսների տնտեսական վիճակի վերաբերյալ,
- անկախ իրենց անհատական կողնորոշումից՝ հայաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ ՔՊ-ն կհաղթի»։
«Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի հարաբերական, բայց ոչ բացարձակ մեծամասնություն
Խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը, սակայն չի հավաքի բացարձակ մեծամասնություն։ Այդ մասին են վկայում հարցման արդյունքները (չկողմնորոշված ընտրողների հավանական հակվածությունը չհաշված):
Ըստ այդմ՝ ձայները կբաշխվեն հետևյալ կերպ՝
- «Քաղաքացիական պայմանագիր՝ 26,1%,
- «Ուժեղ Հայաստան»ъ 11,9%,
- «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ)՝ 6%։
Հարցման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը չի հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։ Այն կստանա 3,3%։ Կուսակցությունների դեպքում այդ շեմը 4% է, դաշինքների պարագայում՝ 8%։
«Հակափաշինյանական» ձայները կհամախմբվեն
Ուսումնասիրության համաձայն՝ 2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ 21% ձայն հավաքած «Հայաստան» դաշինքն իր ձայների մեծ մասը զիջում է նորաստեղծ «Ուժեղ Հայաստանին»։ Այս կուսակցությունը ղեկավարում է միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։
Նշվում է, որ «Ուժեղ Հայաստանը» նմանատիպ, այն է՝ «գաղափարապես ռուսամետ, թավշյա հեղափոխության դեմ պայքարող ուժ» է։
«Հայաստան» դաշինքը ձայներ է զիջել նաև Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին․
«Միասին, այսպես կոչված հակափաշինյանական ձայները համախմբվել են համապատասխանաբար «Ուժեղ Հայաստան»-ի և «ԲՀԿ»-ի շուրջ»,- նկատել են վերլուծության հեղինակներն ու հավելել, որ այդ երկու ուժերը «կլանել» են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի ընտրազանգվածի զգալի մասը։
«Չկողմնորոշված ընտրողները, ամենայն հավանականությամբ, կընտրեն իշխող ուժին»
Հարցման արդյունքների համաձայն’ չկողմնորոշված ընտրողների 32,3%-ն «առավել հավանական» է, որ կքվեարկի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին, «ամենայն հավանականությամբ» իշխող ուժի օգտին կքվեարկի ևս 14%-ը:
Ստացվում է՝ ընտրազանգվածի չկողմնորոշված մասի 46,3%-ն «առավել հավանական» է կամ «ամենայն հավանականությամբ» կքվեարկի ՔՊ օգտին․
«Համամասնորեն չկողմնորոշված ընտրողների 46,3%-ը կազմում է ընդհանուր ընտրողների 14,5%-ը, ինչը ցույց է տալիս՝ այդ ընտրողների միտվածությունը նշանակալի ազդեցություն ունի ընտրություններում իշխող կուսակցության օգտին քվեարկության ձայների վրա»,- նշում են հեղինակները։
Շեշտում են՝ չկողմնորոշված ընտրողների միայն 10,5%-ն է «անհավանական» համարել իշխող ուժի օգտին քվեարկելը։
Ինչպե՞ս են քաղաքացիները գնահատել վարչապետ Փաշինյանի գործունեությունը
Չկողմնորոշված ընտրողների (հարցման 820 մասնակցից 274-ի) շրջանում երկրի վարչապետի գործունեության վերաբերյալ արձանագրվել են ուշագրավ արդյունքներ․
«Առավելապես բացասական վերաբերմունքը 32% է, ինչն էապես գերազանցում է «մասամբ բացասական» 13% ցուցանիշը։ Սա վկայում է, որ հանրության շուրջ մեկ երրորդը հստակորեն ընդդիմադիր դիրքում է»։
Նշվում է, որ չկողմնորոշված ընտրողները գրեթե հավասարապես են գնահատել Փաշինյանի աշխատանքը՝ 35,4% դրական, 33,5% բացասական։ Իսկ կառավարության ղեկավարի հավաքական դրական գնահատականը 36% է։
Փաստաթղթի հեղինակների պնդմամբ՝ սա վերահաստում է, որ «վարչապետի կայուն աջակցությունը տատանվում է հենց 35%-ի սահմաններում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Նախընտրական սոցիոլոգիական հարցում Հայաստանում