«Յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, բայց կրթությունը պիտի հասանելի լինի»․ Գիտելիքի օրը ՀՀ-ում
Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում
«Յուրաքանչյուր երեխա տաղանդավոր է, բայց որպեսզի նրա տաղանդը բացահայտվի, նա պիտի հասանելիություն ունենա կրթությանը։ Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝ պատշաճ շենքային և գույքային պայմաններ, կրթական ծրագիր և որակյալ մանկավարժական կազմ»։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ կրթական պրոցեսն առանց այս ամենի արդյունավետ լինել չի կարող։
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին կայացած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսել է կրթական ոլորտում առկա խնդիրների ու բարեփոխումների մասին։
Օրվա առիթով ուղերձներով են հանդես եկել երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը, կրթության նախարարն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։
Գիտելիքի օրվա ուղերձների, կրթության ոլորտի խնդիրների ու բարեփոխումների մասին
- Հայաստան․ կրթություն բոլորի համար համավարակի պայմաններում
- «Անկախությունը նման է առողջության, որն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր»․ Փաշինյան
- «Պետություն կառուցելը հեշտ գործ չէ». կարծիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին
40 հազար առաջին դասարանցի, ավելի քան 7000 առաջին կուրսեցի
Օրեր առաջ առաջին անգամ դպրոց հաճախողների նախնական թիվը հրապարակել էր կրթական գերատեսչությունը՝ 40 հազար։ Վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցներն ավարտեն էլեկտրոնային համակարգում տվյալների մուտքագրումը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ միասնական քննություններին մասնակցած 11587 դիմորդներից բուհ են ընդունվել 7246-ը։ Ընդունելության հիմնական փուլի արդյունքներով՝ 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղեր մնացել են թափուր:
«Բազմաթիվ բուհեր հոգեվարքի մեջ են»․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ կրթության ոլորտում խնդիրները շատ են։ Հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին, և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում:
«Բազմաթիվ բուհեր պարզապես հոգեվարքի մեջ են, բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Սրա հետևանքով ավելի ու ավելի հաճախ են լսվում տարակուսած բողոքներ, թե մարդիկ բարձրագույն կրթության, երբեմն երկու դիպլոմով, ի վիճակի չեն աշխատանք գտնել և մատնված են աղքատության»,- հայտարարել է Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը ստեղծված իրավիճակը որակել է որպես «ական ապագայի տակ» և տեղեկացրել, որ կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում։ Փաշինյանի փոխանցմամբ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը զուգահեռ մեկնարկելու է նրանց վճարվող «ծիծաղելի աշխատավարձերի» եռապատկման գործընթաց։ Գործընթացում ընդգրկվելու են նաև մանկապարտեզների դաստիարակները:
Վարչապետի համոզմամբ՝ երկրի ապագան երաշխավորելու է կրթության՝ մինչև 2030 թ.-ը զարգացման պետական ծրագրի բարեհաջող իրագործումը։ Օրենքի նախագիծը գործադիրի հավանությանն է արժանացել դեռևս հուլիսի վերջին։ Այն պետք է քննարկվի և վերջնական տեսքի բերվի խորհրդարանում։
«Ծրագրի մեջ նախանշված են մեր միջնաժամկետ անելիքները նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բնագավառներում»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաև այն պատճառով, որ այդ գյուղերում չի եղել պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն և հեռանկար:
Նա կարծիք է հայտնել, որ գյուղական բնակավայրերում բացվող մանկապարտեզներն ու դպրոցները կդառնան Հայաստանի մի շարք գյուղերի «վերածննդի անկյունաքարը»՝ ոչ միայն ապահովելով երեխաների կրթությունը, այլև նրանց մայրիկների համար բացելով «հանրային և տնտեսական գործունեության մեջ ներգրավելու ճանապարհ»։
Հայաստանում կգործի 8 պետական բուհ
Հայաստանի վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունն ունի պետական բուհերը խոշորացնելու մտադրություն։ Նրա փոխանցմամբ՝ գործընթացը կազմակերպվելու է որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով։ Երկրում գործելու է առավելագույնը 8 պետական բուհ:
«Այդ բուհերը լիարժեք պետական ֆինանսավորմամբ կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին՝ սկսած կրթական, հետազոտական, մարզական, հանրակացարանային ենթակառուցվածքներից մինչև միջազգային կրթական ծրագրերը և որակավորված ու պատշաճ վճարվող պրոֆեսորադասախոսական կազմը»,- վստահեցրել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի բուհերը ինչպես ենթակառուցվածքի, այնպես էլ կրթական պրոցեսի մակարդակով «հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»։ Ըստ այդմ էլ կարծում է՝ բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկն «այլևս չի կարելի հետաձգել»։
Ի՞նչ փոփոխություններ են լինելու դպրոցներում
«Այս տարի ամենամեծ փոփոխությանն ենք նախապատրաստվելու, որ հաջորդ ուսումնական տարում է լինելու` հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրումը մեր բոլոր դպրոցներում։ Դրանք մեծածավալ փոփոխություններ են` գնահատման կարգի, առարկայացանկի ձևավորման, առարկայական ծրագրերի, նոր դասագրքերի իմաստով, ուսուցիչների վերապատրաստման մեծ ծրագրեր պետք է իրականացնենք»,- նախօրեին «Ազատության» եթերում հայտնել է կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Խոսելով արդեն այս տարվանից ուժի մեջ մտած փոփոխությունների մասին՝ նա ասել է, որ դպրոցներն ու ուսուցիչները ստացել են մի շարք հնարավորություններ իրենց գործունեությունն ավելի ճկուն, ազատ կազմակերպելու համար։ Փոխնախարարի խոսքով՝
- չկա կիսամյակային գրավոր աշխատանքի պարտադիր պահանջ,
- դպրոցներն ունեն դասաժամերը, օրինակ՝ արվեստի, ֆիզկուլտուրայի ժամերը խմբավորելու հնարավորություն,
- հանրակրթության պետական չափորոշչի համաձայն՝ տնօրենները զբաղվելու են միայն ուսման որակով։
Գիտելիքն ու կրթությունը՝ հիմնասյուներ․ օրվա ուղերձները
Գիտելիքի և դպրության օրվան նվիրված ուղերձում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցրել է, որ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի և ուսանողի աջակիցն է, և արվում է ամեն ինչ ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար:
Կրթական համակարգի կատարելագործումը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բնորոշել է որպես օրվա հրամայական։ Ըստ նրա՝ ամուր պետությունը հենց դրա արդյունքն է։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական հենասյուները, որոնցով մարդը, հասարակություններն ու պետությունները պետք է կարողանան հաղթահարել ամենատարբեր մարտահրավերներն ու խնդիրները: Նա սովորողներին կոչ է արել չմոռանալ, որ հենց գիտելիքն է հնարավորություն տալու «գտնել իրենց տեղը ժամանակակից աշխարհում»։
Ամենայն հայոց հայրապետի խոսքով՝ ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են «իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության համար»։
«Ներկա մարտահրավերների առջև առավել քան անհրաժեշտ է արդիական կրթության ապահովումը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։
Կրթության ոլորտի բարեփոխումները Հայաստանում