ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վրաստանին կօգնի խոշոր մանկատներից երեխաներին ընտանեկան և հասարակական հաստատություններ տեղափոխել
ՅՈԻՆԻՍԵՖ-ը պատրաստ է օգնել Վրաստանի կառավարությանը խոշոր մանկատներից երեխաներին ընտանեկան և հասարակական հաստատություններ տեղափոխելու հարցում։ Այս հայտարարությունը հետևել է Նինոծմինդա քաղաքում եկեղեցու հովանու ներքո գործող մանկատան շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանը։ Սակայն Մանկական հիմնադրամի վրացական ներկայացուցչությունը մանկատունն ուղղակիորեն չի հիշատակել։
Լեռնային Ջավախքի շրջանի Նինոծմինդա քաղաքի որբ երեխաների դպրոց-ինտերնատը պատկանում է Վրաց ուղղափառ եկեղեցուն և մեծ սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Մանկատան տնօրենությունն իրավապաշտպաններին և անգամ պետական սոցաշխատողներին արգելում է այցելել հաստատություն՝ դա բացատրելով նրանով, որ «այդ անձինք պահանջում են միասեռ ամուսնությունների օրինականացում»։
Սակայն պարզվել է, որ այդ մանկատան դեմ վերջին հինգ տարում չորս հետաքննություն է ընթանում երեխաների նկատմամբ բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթադրյալ դեպքերի առնչությամբ։
Զանգվածային ցույցերից հետո, հունիսի 5-ին դատարանը վճռել է, որ երեխաներին այդ ինտերնատից պետք է տեղափոխել հարազատ կամ խնամատար ընտանիքներ և ընտանեկան տիպի տներ։ Այս պահի դրությամբ 26 երեխա և դեռահաս արդեն լքել են եկեղեցական մանկատունը։ Վերջին մեկ շաբաթում դա էր պահանջում վրացի իրավապաշտպանների, քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մեծ մասը՝ հիմնվելով երեխաների նկատմամբ բռնության ենթադրյալ փաստերով ընթացող քրեական գործերի վրա։
Սակայն պատրիարքաանը դատարանի վճիռը կանխակալ է համարում և մտադիր է հակընդդեմ հայց ներկայացնել դատարան՝ հայտարարելով, որ «թույլ չի տա լիբերալներին՝ ստրկացնել հասարակությանը»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունում ասվում է, որ երեխաներին մանկական հաստատություններից տեղափոխելիս պետք է առանձնահատուկ զգուշավորություն ցուցաբերել, և առաջնահերթ պետք է լինեն երեխաների շահերը։ Լավագույն ելքն, ըստ կազմակերպության, երեխաների վերադարձն է իրենց ընտանիքներ, որոնք պետք է համապատասխան աջակցություն ստանան։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում նաև երաշխավորել, որ ընտանիք կամ այլ հաստատություններ երեխաների տեղափոխման գործընթացով պետք է զբաղվեն միայն պրոֆեսիոնալները, որոնք համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեն։
«Երեխաների նկատմամբ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթադրյալ փաստերի հետաքննությունը պետք է անհապաղ իրականացվի, գործընթացում ներգրավված երեխաները պետք է պաշտպանված լինեն․ ամեն գնով պետք է խուսափել նրանց վնաս հասցնելուց և զոհի վերածելուց»,- հայտարարում է ՅՈՒՆԻՍԵՖԸ։
«Երկարաժամկետ հեռանկարում ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցելու է հաստատություններում երեխաներին տեղավորելու պատճառների հետազոտմանը, օգնելու է ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունների պլանի մշակմանն ու իրականացմանը, ընտանիքի աջակցության ծառայության ամրապնդմանը»,- ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդագրության մեջ։
Որոշ թվեր և փաստեր
● Վրաստանում ավելի քան 10 հազար դեռահաս երբեք դպրոց չի գնացել։
● 2020 թ-ին Վրաստանի բնակչությունը կրթության վրա ամենաքիչ փողն է ծախսել։
● Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2015-2019 թթ-ին Վրաստանը լքած կին էմիգրանտների թվում գերակշռում են 25-29 տարեկան կանայք։ Շատերը տանը թողել են մանկահասակ երեխաների։
● Վրաստանում դպրոցական տարիքի երեխաների 15 տոկոսը համացանցի հասանելիություն չունի։ Դա առանձնապես կարևոր է համավարակի և հեռավար ուսուցման համատեքստում։
● 3-17 տարեկան 50 400 երեխա համակարգիչ չունի։
● 2020 թ-ին երեխաներ ուենցող ավելի քան 20 հազար ընտանիք աղքատացել է և ստիպված է եղել դիմել սոցիալական նպաստ ստանալու համար։ Եթե 2020 թ-ի հունվարին նպաստ է ստացել 152 հազար 353 անչափահաս, ապա 2020 թ-ի վերջին պետական օգնություն ստացող երեխաների թիվը հասել է 186 հազար 131-ի։
● ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Բնակչության բարեկեցության հետազոտման համաձայն, որոնցից վերջինն անցկացվել է 2017 թ-ին, Վրաստանում երեխաների 6,8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։ Ծայրահեղ աղքատությունն այն է, երբ մեկ օրվա ծախսը երեք լարիից պակաս է [$1-ից պակաս]։