«Մուտքը ԵՄ արգելված է»․ Հայաստանի պատվաստման հավաստագրերը չեն ընդունվում
Եվրամիության անդամ երկրներն առայժմ չեն ճանաչում Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիներին տրվող հավաստագրերը, QR կոդերը։ Դա խնդիրներ է առաջացնում Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք մտադրություն են ունենում Եվրոպա մեկնել։ Իսկ նրանց, ում հաջողվում է մեկնել, որոշ երկրներում գտնվելու ընթացքում թույլ չեն տալիս փակ տարածքներ մտնել՝ կինոթատրոն, սրճարան։
Հայաստանում այս պահին կիրառվում են Sputnik V, AstraZeneca, Sinopharm և Moderna ընկերության Spikevax պատվաստանյութերը։ Բոլոր դեպքերում պատվաստված քաղաքացուն տրվում է համապատասխան սերտիֆիկատ, որը, սակայն, դեռևս ընդունելի է միայն 5 երկրներում՝ Խորվաթիա, Սերբիա, Վրաստան, Իրաք և Եգիպտոս։
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ, պատվաստվել է 514 241 մարդ, ներառյալ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք։ Մինչ օրս պատվաստվել է Հայաստանի բնակչության միայն 3,5-4 %-ը։ Հոկտեմբերի 12–ին գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային օրական ցուցանիշ՝ 43 մահ, այդ թվում՝ 1 պատվաստված քաղաքացու։ Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5 805 է։
Ինչո՞ւ եվրոպական երկրները հատկապես չեն ճանաչում Հայաստանում պատվաստվածների «կանաչ անձնագրերը», ի՞նչ քայլեր են ձեռնարկվել կառավարության կողմից, և ե՞րբ կլինի պատասխանը։ Այս նյութի հեղինակը ներկայացնում է նաև իր անձնական պատմությունը՝ ինչպես այս խնդրի պատճառով չեղարկվեց իր ուղևորությունը։
- COVID-19. օրենքը պետական ոլորտի համար, տուգանքը՝ նաև մասնավորի
- Պատվաստման անձնական փորձ՝ ամենայն մանրամասնությամբ: Տեսաբլոգ Հայաստանից
- COVID-19. ի՞նչ «օգուտներ» են քաղել համավարակից Հայաստանում
«Ցավում ենք, բայց ձեր մուտքը Սթոքհոլմ արգելված է»
Սեպտեմբերի 9–ին Հայաստանը կրկին հայտնվեց Եվրամիության չափանիշներով համաճարակային առումով վտանգավոր՝ «կարմիր» գոտում։ Դրա պատճառը Covid-19-ի «դելտա» շտամի տարածման ու վարակվածության նոր դեպքերի կտրուկ աճի ցուցանիշներն էին։
Քանի դեռ Հայաստանում համաճարակաբանական պատկերը դրական դինամիկա չի գրանցել, ՀՀ քաղաքացիների մուտքն իր տարածք արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը ԵՄ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է կայացնի։
Այս ընթացքում, անցնելով ընտրության մի քանի բարդ փուլեր, ես ընտրվել էի որպես Շվեդիայում կազմակերպվող մի դասընթացի մասնակից։ Ձեռքիս ունենալով շվեդական համալսարանի պաշտոնական հրավերը, երկկողմ թռիչքի տոմսերն ու ճամփորդության ողջ ընթացքի համար կեցավայրի ամրագրումը հաստատող փաստաթղթերը, զբաղված էի Շվեդիա մուտքի արտոնագիր ստանալու հարցերով։
«Կարմիր գոտու» բնակիչների համար Շվեդիա մուտք գործելու համար ընթացակարգը պարզ է՝ ունենալ ամբողջությամբ պատվաստված լինելու հավաստագիր և ՊՇՌ թեստի բացասական արդյունք։
Թվում էր՝ այստեղ ևս որևէ խնդիր չունեմ․ պատվաստվել եմ դեռևս մայիսին, ինչպես այն ժամանակ էր հայտարարվում՝ «ԵՄ պետություններ ազատ մուտք ու ելք ապահովող միակ պատվաստանյութով՝ AstraZeneca-ով»։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ էր։
Լրագրողական հոտառությունս ստիպեց նախ վերստուգել՝ արդյոք տվյալներս պատշաճ կերպով ներմուծվա՞ծ են ՀՀ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ARMED համակարգ։ Պարզվեց՝ ներմուծված են, ինձ հատկացված է պատվաստումային համապատասխան QR կոդ, կամ, ինչպես այն մի քանի ամիս առաջ անվանում էին ոլորտի պատասխանատուները՝ «կանաչ անձնագիր»։ Մյուս քայլս այդ սերտիֆիկատը Շվեդիա ուղարկելն էր։ Մեկ օր անց ստացա պաշտոնական պատասխան․
«Ցավում ենք, բայց Ձեր մուտքը Սթոքհոլմ արգելված է։ Ձեր կողմից ներկայացված հավաստագիրը և QR կոդը չեն համապատասխանում եվրոպական չափորոշիչներին»։
Ո՞վ է մեղավոր
Առողջապահության նախարարությունը, որը պատվաստումների իրականացման ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն է, արդեն իսկ տեղեկացված էր խնդրի մասին։ Նման դեպքերի համար նրանք պատվաստված քաղաքացիներին առաջարկում են գնալ տեղամասային պոլիկլինիկա և ստանալ պատվաստումը հաստատող թղթային հավաստագիր՝ ստորագրված և կնքված պոլիկլինիկայի ղեկավարության կողմից։
Միևնույն ժամանակ, նախարարությունից դժվարացան հստակ ասել՝ արդյոք հայաստանյան պոլիկլինիկայից ստացված այս թուղթը կապահովի՞ քաղաքացու մուտքը եվրոպական որևէ երկիր, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, այլ լուծում առաջարկել չի կարող։
QR կոդի հետ կապված հիմնական թյուրընկալումը
Հայաստանում պատվաստված քաղաքացիների տվյալները մուտքագրվում են ARMED համակարգ, քաղաքացին ստանում է համապատասխան QR կոդ, որը սկանավորելիս պարզ է դառնում՝ երբ և քանի դեղաչափ է ստացել քաղաքացին։
Հայաստանում QR կոդերի հետ կապված հիմնական թյուրընկալումն այն է, որ պատվաստանյութերից մեկի դեպքում այն տրվում է, մյուսի դեպքում՝ ոչ։ Մինչդեռ, QR կոդ տրամադրվում է ոչ թե առանձին պատվաստանյութի համար, այլ՝ երկրի։ Այսինքն՝ Հայաստանում կիրառվող բոլոր պատվաստանյութերի դեպքում քաղաքացին ստանում է համապատասխան QR կոդ։ Այլ հարց է, որ ոչ բոլոր պատվաստանյութերն են ճանաչվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, ինչպես, օրինակ, Sputnik V–ն։
Իսկ Եվրամիությունը դեռ ամիսներ առաջ ստեղծել է համակարգ՝ EU digital covid certificate, որը թույլ է տալիս մի երկրի կողմից տրամադրված QR կոդը մյուս երկրի համար ճանաչելի դարձնել։ Հայաստանը դեռ այդ համակարգում ներառված չէ։ Սա է հիմնական խնդիրը։
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի» տնօրեն Ավետ Մանուկյանի խոսքով՝ ARMED-ն արդեն ամբողջությամբ ավարտել է EU digital covid certificate համակարգի հետ ինտեգրման տեխնիկական աշխատանքները, հիմա սպասում են Եվրամիության պատասխանին.
«Բավականին բարդ վավերականացման գործընթաց էր, որը լրիվ անցել ենք, վերջացրել ենք, այս պահին մեր կողմից չարված աշխատանքներ չկան, սպասման ռեժիմում ենք, որ ասեն՝ ծրագիրը պատրաստ է, բերեք դեպի իրական կյանք»:
Մանուկյանը հույս ունի, որ գործընթացը կավարտվի արդեն հոկտեմբերի վերջին։
Նշենք, որ EU digital covid certificate համակարգին մինչ այժմ միացել են ԵՄ 27 անդամ պետությունները, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող 16 երկրներ։
ԱԳՆ-ն բանակցում է
Պատվաստումային հավաստագրերի փոխճանաչման գործընթացի վերաբերյալ բանակցությունները վարում է Հայաստանի ԱԳՆ–ն։
JAMnews–ի հարցմանն ի պատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանեցին, որ Հայաստանի կողմից տրամադրվող Covid-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատների ճանաչման գործընթացը սկսվել է հուլիսի 25–ից և իրականացվում է առանձին երկրների հետ երկկողմ համաձայնեցումների ճանապարհով՝ փոխադարձության հիման վրա։
Նախարարությունից նշում են, որ Covid-19-ի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեղմացմանը բազմաթիվ երկրներ վերաբերվում են մեծ զգուշավորությամբ և չեն շտապում դյուրացնել օտարերկրացիների ազատ մուտքի և ելքի ռեժիմները, այդ թվում՝ սերտիֆիկատների փոխճանաչման միջոցով։