«Մնացեք տանն, ալյ ոչ թե գերեզմանոցում»։ Ինչպե՞ս են երկրները հաղթահարում կորոնավիրուսի նոր բռնկումները
Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ղազախստանի անկախ խմբագրությունները պատմում են կորոնավիրուսի նոր բռնկումների մասին, որոնք ի հայտ են եկել կարանտինային սահմանափակումների մասնակի մեղմացումից հետո։
Ադրբեջան․ գնալ պոլիկլինա և թաղման
«Տնտեսական վերջին մեղմացումները ցույց տվեցին, որ քաղաքացիները չեն պահպանում կարանտինային ռեժիմն ու անվտանգության պահանջները, դրա հետևանքով նկատվում է վարակվածների թվի աճ», — ասել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ հունիսի 4–ին դիմելով քաղաքացիներին։
Նա նոր խիստ կանոններ է հնչեցրել․ երկրի խոշոր քաղաքների բնակիչներին արգելված է հանգստյան օրերին տնից դուրս գալ, բացառություն է թաղման գնալը և բժշկի այցելելը։
Նախօրեին Ադրբեջանը վարակման նոր դեպքերի քանակով օրական ռեկորդ է սահմանել՝ 325։
Վարակման երկրորդ ալիքն այստեղ սկսվել է մայիսի սկզբին և գնալով ավելանում է։ Չնայած նրան, որ կորոնավիրուսը մարդկանց «հնձում է» հարյուրներով, խոշոր քաղաքների կյանքի արտաքին կողմի վրա դա կարելի է չնկատել․ նոր սահմանափակումների կիրառումից առաջ այստեղ հասցրել են իրենց աշխատանքը վերսկսել սրճարանները, ռեստորանները, խանութները, տարբեր հաստատություններ ու կազմակերպություններ, անգամ նոր առևտրի կենտրոն է բացվել։
Դեռևս փակ են կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները, մարզասրահները։ Տեղի բնակիչները հակված են անտեսել դիմակ կրելու պահանջը (թեև դրա համար 50 մանաթ [մոտ $30] տուգանք է նախատեսվում)։
Դիմակները կրելը պարտադիր է գրեթե բոլոր փակ տարածքներում, տրանսպորտում, ավտոբուսային կանգառներում և փակ տարածություններում, որտեղ դժվար է հեռավորություն պահպանել (օրինակ՝ բանկոմատների և խանութների մոտ հերթերում)։
Շատերը դրանք կրելուն ձևական են վերաբերվում․ իջեցնում են կզակին կամ գրպանում են պահում՝ ըստ նշանակության օգտագործելով միայն այն ժամանակ, երբ մոտակայքում ոստիկան են նկատում։
Հայաստան․ «Մենք հասել ենք սահմանագծին»
Սոցիալական հեռավորություն չպահպանելու և բժշկական դիմակներ չկրելու մասին հաղորդում է նաև Հայաստանը։
«Կառավարությունը չի վերահսկում իրավիճակը, հիվանդանոցները ծանրաբեռնված են, վարչապետը խուճապահար օրական մի քանի անգամ ուղիղ եթեր է մտնում՝ մարդկանց կոչ անելու դիմակ կրել։ Սակայն ֆեսյուքյան և հեռուստատեսային կոչերը չեն աշխատում։ Երևանցիներն, այնուամենայնիվ, փողոց են դուրս գալիս, սոցիալական հեռավորություն չեն պահպահնում, դիմակ չեն կրում։ Բողոքում են «շոգից», «օդի չհերիքելուց», «դիմակներն ընդհանրապես պետք չեն», և շատ այլ «ծանրակշիռ» պատճառներ բերում», — ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ լրագրող Մարկ Գրիգորյանը։
Հայաստանի վարչապետը (նա ինքն էլ է վարակվել կորոնավիրուսով և ընտանիքի անդամների հետ մեկուսացման մեջ է) իրոք պարբերաբար դիմում է քաղաքացիներին պատասխանատու լինելու կոչով։
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեր բուժհաստատություններն արդեն ի վիճակի չեն բուժման կարիք ունեցող նոր հիվանդների ընդունելու, – Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4–ին: — Մենք հասել ենք այն սահմանագծին, երբ առողջապահական համակարգը դժվարությամբ է աշխատում։ Երկրում նվազագույնը 20 հազար անախտանիշ հիվանդ կա, հնարավոր է՝ ավելին, որոնք պարզապես չեն կարող իմանալ այդ մասին»։
Հայաստանի բնակչությունը երեք միլիոնից պակաս է, այդ պատճառով էլ այս թվերը չեն կարող անհանգստություն չառաջացնել։
Փաշինյանը սկսել է սոցիալական հեռավորության խախտման լուսանկարներ հրապարակել․ մի քանի օրում դրանց մի ողջ հավաքածու է գոյացել։
Չնայած վարակի շարունակական աճին՝ երկրի իշխանությունները դեռևս չեն վերահաստատում կարանտինային ռեժիմն ու մի քանի օր առաջ կիսվում էին հուլիսի կեսերից օդային սահմանները բացելու պլաններով։
Ղազախստան․ «Կարանտինը լուծում չէ»
Ղազախստանը պաշտոնապես խոստովանել է, որ վարակման երկրորդ ալիքը երկրում սկսվել է մայիսի կեսերից։ Սակայն վերադարձ խիստ կարանտինի այստեղ նույնպես չի նախատեսվում։
Մայիսի 11–ից (այդ օրը երկրում չեղարկվել է ԱԴ ռեժիմը) մինչև հունիսի 5–ը Ղազախստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակն աճել է 140 տոկոսով (+7 186 վարակված)։
Ղազախստանը վարակվածների թվով շրջանցել է շատ երկրների, այդ թվում՝ Հարավային Կորեան, որտեղ կորոնավիրուսը մոլեգնում էր մի քանի ամիս առաջ։
Մայիսի վերջին շաբաթների ընթացքում նոր վարակվածների թվի աճը Ղազախստանում արագացել է օրական 4-5 տոկոսով, և մի քանի օր շարունակ երկիրը թարմացնում էր նոր դեպքերի ռեկորդային քանակական աճը։
Վերջինը ռեկորդը սահմանվել է մայիսի 30–ին․ այդ օրը երկրում արձանագրվել է 476 նոր դեպք։
Կարանտինի արդյունավետության գնահատականներում իշխանությունները հակասում են իրենք իրենց։ Այսպես, մարտին նրանք այն անվանում էին «միակ լուծումն», ապրիլի սկզբին խոսում էին, որ այն արդյունավետ է եղել։
Սակայն արդեն մայիսին նշում էին, որ նոր կարանտինը հարված է լինելու տնտեսության համար, և ցանկալի չէ կարանտին հայտարարել, իսկ հունիսին առողջապահության նախարար Ելժան Բիրտանովն ընդհանրապես նշել էր, որ խիստ կարանտին սահմանելը «լուծում չէ»։
Մոլդովա․ հիվանդանոցներում տեղերը կհերիքեն հինգ օր
Անհնար է փակել տնտեսութունն ու բոլորին տուգանել․ քաղաքացիներն իրենք պետք է գիտակից լինեն։ Մոտավորապես այսպես կարելի է ընդհանրացնել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հայտարարությունը։
«Հիվանդանոցներում տեղերը կհերիքեն ևս հինգ օր։ Մնացեք տանն, այլ ոչ թե գերեզմանոցում», – այսպես է Մոլդովայի վարչապետը նախազգուշացրել քաղաքացիներին, ովքեր պլանավորում էին գերեզմանոց այցելել մոտակա հանգստյան տոնական օրերին։
Նույնպիսի նախազգուշացում է արել Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը․
«Ձեզնից շատերի քննադատությանն արժանանալու ռիսկով հանդերձ կոչ եմ անում բոլորին գերեզմանոց չայցելել։ Կարծում եմ, որ կարող եք դա անել։ Կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկի պատճառով հունիսի 6, 7 և 8–ին հանրային տրանսպորտը չի գործելու», — գրել է Չեբանը ֆեյսբուքյան իր էջում։
Ուկրաինա․ սրճարանները դեռևս չեղարկվում են
Կիևի իշխանությունները պլանավորում էին կարանտինը թուլացնել հունիսի 5–ից, սակայն հրաժարվել են այդ մտքից վարակածների մեծ թվի պատճառով։ Չեղարկվել է սրճարանների, ռեստորանների և լողավազանների բացումը։
«Այժմ ցուցանիշներից մեկը՝ 100 հազար բնակչության հաշվարկով հիվանդների թիվը, գերազանցում է նորման։ Այսօր այն կազմում է 14,9 մարդ [կարանտինի մեղմացման համար այն պետք է չգերանզանցի 12–ը – խմբ․]», — հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Մայիսի 22–ից մինչև հունիսի 22–ն Ուկրաինայում գործում է այսպես կոչված «ադապտիվ» (լոկալ) կարանտինը։ Դա նշանակում է, որ առանձին շրջաններում համաճարակային իրավիճակի սրեցման դեպքում սահմանափակման միջոցները խստացվելու է հենց այդտեղ, այլ ոչ թե ողջ երկրում։
Վերջին օրերին Ուկրաինայում հիվանդության բռնկում է նկատվում, օրինակ, վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 553–ով։