«Առարկայական քայլեր չմատնանշեցին»․ կարծիք Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման մասին
Միրզոյան-Չավուշօղլու հանդիպում Անկարայում
Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր Անկարայում է։ Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ, արդեն տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, Հայաստանի և Թուրաիայի ԱԳՆ ղեկավարները նաև հանդես են եկել հայտարարություններով։
Միրզոյանը լրագրողներին հայտնել է, որ Չավուշօղլուի հետ համաձայնություն են ձեռք բերել «համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը [X-XI դարերի պատմական կառույց Ախուրյան (թուրքերեն՝ Արփաչայ) գետի վրա], ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»։
Հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, սակայն, հայտարարություններ չեն հնչել։ Հայաստանի ԱԳ նախարարը միայն վերահաստատել է Երևանի պատրաստակամությունը, իսկ թուրք նախարարը համոզմունք է հայտնել, որ «այս օրերին տեղի ունեցած» համագործակցությունը կնպաստի կարգավորման գործընթացին՝ մատնանշելով ոչ միայն հայ-թուրքական, այլև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Փետրվարի 6-ի 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի քան 100 ուժեղ հետցնցումների հետևանքով Թուրքիայում և հարևան Սիրիայում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը: Փետրվարի 11-ին, 14-ին և 15-ին Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, որը չէր գործել ավելի քան 30 տարի։ Աղետի գոտում՝ Ադիյաման քաղաքում աշխատում են նաև հայ փրկարարներ։ ԱՄՆ որոնողական թիմի հետ համագործակցությամբ նրանք հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի։
Այցի՝ այս պահին հայտնի բոլոր մանրամասները, փորձագիտական կարծիք
«Պատմական այց է»
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հարևան երկիր է մեկնել այսօր առավոտյան։ Պատվիրակության կազմում է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանի թուրք գործընկեր Սերդար Քըլըչն էլ դիմավորել է հայկական պատվիրակությանը օդանավակայանում։
Պաշտոնական Երևանի հաղորդմամբ՝ այցի նպատակն է ցույց տալ «Հայաստանի աջակցությունը ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային»։
Նախքան Միրզոյանի Անկարա մեկնելը այցին անդրադարձել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է նա։
Այցի շրջանակներում Միրզոյանը մեկնել է երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադիյաման, հանդիպել փետրվարի 7-ից այդ քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող մոտ երեք տասնյակ հայ փրկարարների հետ։
Սա Արարատ Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա։ Արտգործնախարարը հարևան երկիր էր մեկնել նախորդ տարվա մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։ Այցի շրջանակներում կազմակերպվել էր նաև Միրզոյան-Չավուշօղլու երկկողմ հանդիպում։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարը տեղեկացրել էր, որ այս տարվա ֆորումին նույնպես հրավիրած է և հավելել․ «Ըստ ամենայնի՝ կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում»:
«Մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներ»․ Միրզոյան
Անկարայում թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո նման հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարարը։ Նա գնահատել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը՝ որպես հայ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը։
Միրզոյանի համոզմամբ՝ նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները «դուրս են գալիս պետության սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ», ուստի աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի «միասնական ճակատով»։
«Հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա: Հենց այս սկզբունքով է, որ Հայաստանի կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց փրկարարներ և հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիա»,- ասել է նա ու ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել Թուրքիայի ժողովրդին և կառավարությանը։
Նախարարը խորհրդանշական է համարել օրեր առաջ «շուրջ 30 տարի փակի տակ գտնվող» հայ-թուրքական սահմանի բացումը Ադիյաման ուղարկվող հումանիտար բեռների համար։ Խոսելով օգնության երկրորդ խմբաքանակի մասին տեղեկացրել է՝ ժամեր անց այն կհասնի աղետի գոտի։ Անդրադարձել է նաև հայ փրկարարների կատարած աշխատանքին ու նշել, որ գործընկերների հետ համագործակցությամբ նրանց հաջողվել է փրկել մարդկային կյանքեր․
«Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և ընդհանուր առմամբ հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար»։
«Հարավային Կովկասում շարունակվում է հարաբերությունների կարգավորման գործընթացը»․ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքն է։ Համոզմունք է հայտնել, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը կնպաստի այդ գործընթացին:
Չավուշօղլուն, սակայն, մատնանշել է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունները, այլ «Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացները»։
Ըստ նրա՝ դրանց արդյունքում տարածաշրջանում կհաստատվի կայունություն և բարօրություն․
«Եթե այս երեք երկրներն անկեղծ քայլեր կատարեն, Հարավային Կովկասում կարող ենք հաստատել երկարատև խաղաղություն և կայունություն, ինչն այս տարածաշրջանի տնտեսական զարգացման տեսանկյունից ևս ծայրաստիճան կարևոր է»,- ասել է նա։
Թուրք նախարարը շեշտել է, որ երկու երկրները կարող են կարևոր ներդրում ունենալ նաև Ասիայի և Եվրոպայի համագործակցության գործում։
Չավուշօղլուի խոսքով՝ հանդիպման ընթացքում Միրզոյանի հետ անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևորել է Մետաքսի ճանապարհի կամրջի [Անիի կամուրջ] վերակառուցումը։ Խոսելով ձեռնարկվելիք քայլերի մասին՝ նշել է, որ երկու կողմերում ուսումնասիրում են սահմանային անցակետերը, կամուրջները․
«Սահմանադուռ գնացող ճանապարհների հետ կապված քայլեր կան, որոնք կարող ենք կատարել։ Այդ քայլերն էլ ավելի արագացնելու համար այսօր համաձայնություն ենք ձեռք բերել»:
Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է երկրաշարժից հետո կայացած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի, Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնության և հայ փրկարարների ներգրավվածության մասին։ Չավուշօղլուն հիշատակել է նաև 1988 թ․-ին ՀՀ-ում և 1999 թ․-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերն ու նշել, որ այդ ժամանակ նույնպես հարևան երկրներն օգնել են միմյանց այնպես, ինչպես այսօր։
«Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել [Հայաստանը] և ցույց է տվել համերաշխություն ու համագործակցություն»,- ընդգծել է նա ու հավելել, որ Հայաստանը գործում է «որպես եղբայրական երկիր և օգնության ձեռք է մեկնում նման ծանր պահի»։
Հանդիպման արդյունքներին անդրադարձել է նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նրա խոսքով՝ նախարարները համաձայնություն են ձեռք բերել երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելուն ուղղված աշխատանքներին նոր թափ հաղորդելու մասին։
Փորձագիտական կարծիք
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասում է՝ իրենց հայտարարություններում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կարգավորմանն ուղղված առարկայական քայլեր չմատնանշեցին։
«Խոսվեց միայն դեպի սահման գնացող ենթակառուցվածքները կարգի բերելու մասին։ Այնինչ մենք սպասում ենք հարաբերությունների կարգավորման, ինչը ենթադրում է սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա։
Իսպիրյանի խոսքով՝ Անիի կամրջի վերակառուցման մասին հիշատակումը թյուրընկալման առիթ է դարձել։ Ասում է՝ շատերը կարծում են, թե դա Հայաստանն ու Թուրքիան կապող կամուրջ է, այնինչ խոսք է գնում պատմական կառույցի մասին։
Նկատում է՝ այդ կամուրջը ցամաքային սահմանի բացման հետ որևէ առնչություն չունի։
Թուրքագետը շեշտում է, Անիի պատմական կամրջի վերակառուցումն ընդամենը խորհրդանշական քայլ է, ընդ որում՝ նախագիծը կա դեռևս 2009-10 թվականներից։ Չավուշօղլուի կողմից կամրջի և Մետաքսի ճանապարհի մասին հիշատակումները համարում է պատմական ակնարկ։
Թուրքագետի գնահատմամբ՝ Միրզոյանի և Չավուշօղլուի ելույթները մեծամասամբ երկրաշարժի մասին էին, սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքում «հստակ արձանագրվեց ադրբեջանական գործոնը»։ Այժմ ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերբաբերյալ բոլոր պաշտոնական հաղորդահրություններում շեշտվում է այն առանց նախապայմանների շարունակելու անհրաժեշտությունը։
«Մինչդեռ, Չավուշօղլուն իր ելույթում չասաց, որ կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է, ավելին թուրքական դիվանագիտությանը բնորոշ ձևով՝ անուղղակի կերպով նախապայմանը շեշտվեց «Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում» բառակապակցության տեսքով»,- ընդգծում է Իսպիրյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ արտգործնախարարների քննարկմանը՝ Իսպիրյանը նկատում է՝ Թուրքիան սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր համաձայնագրի կնքմանը, «խուսափում է մինչ այդ կոնկրետ քայլեր անելուց»։
«Որքան էլ հայկական կողմը փորձի չտեսնելու տալ, ստիպված է տեսնել այդ նախապայմանը։ Կարծում եմ՝ մեր իշխանություններն արդեն տեսնում են, հասկացել են, որ նախապայման կա։ Եվ այդ նախապայմանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,- շեշտել է նա։
Հայաստանն, ըստ թուրքագետի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սեպ խրելու կարողություն չունի, մյուս կողմից դեռևս պարզ չէ՝ ինչ է ենթադրում խաղաղության պայմանագիրը։ Իսպիրյանի խոսքով՝ գուցե կան «այնպիսի կետեր, որոնք վերաբերում են հենց Թուրքիայի շահերին»։
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Կողմերը բանակցային գործընթացի հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը չորս հանդիպում են անցկացրել, սակայն գործնական քայլեր դեռևս չեն նկատվում։ Վերականգնվել են միայն ուղիղ չվերթները, որոնք իրականացվում էին նաև արցախյան երկրորդ պատերազմից առաջ։ 2022 թ․ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև մեկնարկել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ 2023 թ․-ի հունվարին հաղորդվեց, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։ Մյուս պայմանավորվածությունը դեռևս չի կատարվել։
Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Բաքվի հետ:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Միրզոյան-Չավուշօղլու հանդիպում Անկարայում