«Խոհարարական դիվանագիտություն»․ հայկական ու վրացական ուտեստների փառատոն
«Միմինո» փառատոնը Դիլիջանում
Հայկական և վրացական խոհանոցի ուտեստներ՝ մեկ տեղում, բայց ոչ թե ռեստորանում, այլ խոհարարական փառատոնի տաղավարներում։ Եվ այսպես՝ Դիլիջանում «Միմինո» անվանումով փառատոնի շնորհիվ օդում երկու օր շարունակ գինու ու համեղ ուտելիքների բույր էր տարածվում։ Հայ-վրացական մշակութային ու խոհարարական փառատոնը կայացավ առաջին անգամ: Այն նպատակ ուներ միավորել հարևան երկու երկրների գործիչներին մեկ վայրում՝ երկխոսելու խոհարարության, մշակույթի և այլ ոլորտների շուրջ:
Մանրամասներ տեղից, նաև տեսանյութ և լուսանկարներ։
- Ինչո՞ւ Հարավային Կովկասում հարևան երկրների հետ բիզնես չեն զարգացնում․ երեք պատմություն
- «Հաջողակ դառնալու համար Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը պետք է ներդրում կատարեն մարդկանց մեջ»
- Հայաստան-Վրաստան․ «մածնային» կրքեր
«Ի՞նչը կարող է էլ ավելի սերտացնել շփումը, եթե ոչ խոհանոցը»
Փառատոնի մասնակից հայ և վրացի թիմերը տաղավարներում պատրաստեցին և ներկայացրեցին իրենց խոհանոցի բազմազան ուտեստները: Իսկ հյուրերը վայելեցին դրանք, գինի խմեցին, գնեցին հուշանվերներ ու արհեստի գործեր: Բեմից հնչեցին ազգային երգեր, անեկդոտներ և, իհարկե, հայտնի «Միմինո» ֆիլմից արտահայտություններ:
«Այս փառատոնը մենք անվանել ենք նաև «խոհարարական դիվանագիտություն»: Բոլորիս, կարծում եմ, պարզ է, որ տնտեսական, առևտրային, քաղաքական ու դիվանագիտական կապերն ամրապնդվում են, երբ ժողովուրդները սերտ շփման մեջ են: Իսկ ի՞նչը կարող է էլ ավելի սերտացնել շփումը, եթե ոչ խոհանոցը, համեղ սնունդը»,- JAMnews-ի հետ զրույցում ասում է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Վերջինիս հետ համակարծիք է նրա վրացի կոլեգան՝ բրենդ-շեֆ Գոգի Բազանդարաշվիլին: Նա հույս հայտնեց, որ մյուս տարիներին փառատոնին կմասնակցեն ավելի շատ վրացի խոհարարներ ու կներկայացնեն ազգային ուտեստների ավելի լայն ընտրանի:
Գոգի Բազանդարաշվիլին ասաց, որ երկու երկրների խոհանոցները միմյանց շատ մոտ են, ուստի պատահական չէ, որ թե՛ վրացի, թե՛ հայ խոհարարները մսային ուտեստներ էին պատրաստել՝ խորոված, քյաբաբ, ներկայացրել էին պանրի լայն ընտրանի և, իհարկե, գինի:
Նմա՞ն են, թե՞ տարբեր վրացական և հայկական խոհանոցները
Սեդրակ Մամուլյանը ցավով նշում է, որ գուցե մասնագիտական շրջանակներն ավելի շատ բան գիտեն միմյանց խոհանոցների մասին, բայց ժողովուրդներն ամենևին ծանոթ չեն դրան:
«Մեր ազգային խոհանոցներն իրար նման են, չեն կարող նման չլինել: Առհասարակ, խոհանցի հիմքում բնակլիմայական պայմաններն են, կացության ձևը, որի պատճառներով էլ նմանություններ կան: Մենք օգտագործում ենք նույն մթերքները, գրեթե նույն համեմունքները, նման ենք ուտեստներն ընդունելու վարքով՝ սիրում ենք սեղան նստել, կենացներ ասել, ընկերներով, բարեկամներով ուտել:
Բայց որքան նման ենք, այնքան էլ տարբեր ենք ու անծանոթ միմյանց: Մեր ժողովրդի պատկերացումները վրացական խոհանոցի մասին մակերեսային են՝ խինկալի, սացիվի, նույնն էլ կարող եմ հակառակի մասին ասել: Բայց չէ՞ որ դա այդպես չէ»,- նշում է Սեդրակ Մամուլյանը:
Գոգի Բազանդարաշվիլին խոստովանում է, որ թեև 25 և ավել տարվա խոհարար է, բայց երկու օրերի ընթացքում բավական շատ բան իմացավ հայկական խոհանոցի մասին:
«Այնքան ծանոթ բառեր լսեցի Հայաստանում: Դուք ասում եք «մածուն», մենք ասում ենք՝ «մածօնի»: Նույն մթերքն է, չէ՞, բայց փոխվում է բառը, փոխվում է նաև կիրառելիության ձևը: Դուք ասում եք «խաշ», մենք ասում ենք՝ «խաշի»: Սա մենակ մի տառի փոփոխություն չէ, սա ամբողջ մշակույթի փոփոխություն է: Դուք այն ուտում եք լավաշով ու մատներով, իսկ մենք՝ գդալով ու լավաշից ավելի հաստ լոշիկներով»,- ասում է վրացի խոհարարը:
«Աշխատում ենք, որ Վրաստանում ներկայացված լինեն հայկական ուտեստներ»
Վրաստանը երկրորդ տեղում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի թվով: Միայն այս տարվա հունվար-մայիս ամիսներին Վրաստանից Հայաստան 93.000 զբոսաշրջային այց է կատարվել: Իսկ կորոնավիրուսային սահմանափակումները հանելուց հետո 806.000 վրացի զբոսաշրջիկ է եկել Հայաստան:
Ոլորտի մասնագետներն ասում են, որ նման միջոցառումները բնականաբար կխթանեն և կներգրավեն զբոսաշրջային նոր հոսքեր:
Նրանց խոսքով՝ գաստրոնոմիական տուրերը, երբ գուրմաններն այցելում են տարբեր երկրներ ազգային խոհանոցներին ծանոթանալու համար, շրջում են ռեստորաններով, գործարաններով, պահանջված է ողջ աշխարհում, ուստի Հայաստանն ու Վրաստանն էլ կարող են բացառություն չլինել ու դառնալ «համեղ սնունդի» տուրեր առաջարկող երկրներ:
Սեդրակ Մամուլյանը նկատում է, որ Հայաստանը «հարմարեցված» է վրացի զբոսաշրջիկների համար, այստեղ կան վրացական ռեստորաններ, վրացական ուտեստներ կան նույնիսկ եվրոպական խոհանոց առաջարկող սրճարանների մենյուներում, այնինչ Վրաստանում հայկական ուտեստների ներկայացվածության խիստ դեֆիցիտ կա:
«Մենք աշխատում ենք այդ ուղությամբ, որ Վրաստանում ներկայացված լինեն ավելի շատ ուտեստներ մեր գործընկերների ռեստորաններում: Հայկական սննդի կետ բացելը, հասկանում ենք, իհարկե, գործարարի ցանկության, ներդրման հարց է, բայց մենյուում ընդգրկելու ուղղությամբ քայլեր անում ենք, դրա կարիքն իսկապես կա»,- նշում է Մամուլյանը:
Խոհարարները հույս ունեն, որ հաջորդ տարի փառատոնը կանցկացվի Վրաստանում և այս անգամ կուրախացնի վրացի գուրմաններին:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
«Միմինո» փառատոնը Դիլիջանում