«Մեր միջև չհասկացված հարցեր չկան»․ Հայաստանի վարչապետի այցը Վրաստան
Մինչև 2026 թվականը Հայաստանն ու Վրաստանը կփորձեն առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի։ Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետը Թբիլիսիում։
Հայաստանի և Վրաստանի ղեկավարների գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։
JAMnews-ը ներկայացնում է նիստի ընթացքում շոշափված առավել կարևոր հարցերը, տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Փաշինյանի և Ղարիբաշվիլիի հայտնած տեսակետները։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արտաքին քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ ոլորտները համակարգող գերատեսչությունների ղեկավարները:
Քննարկվել է երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է, որ տարիներ շարունակ նիստեր չեն ընթացել, իսկ հանձնաժողովի գործունեությունը վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ։
«Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև առկա շատ սերտ, բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնելու առևտրատնտեսական կապերը, խոսելու տարածաշրջանային, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք հետաքրքիր կլինեն մեր երկրներին»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլիի գնահատմամբ՝ նման բարձր մակարդակի հարաբերություններ երկու երկրների միջև չեն եղել․
«Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ»։
Վրաստանի վարչապետը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության և կայունության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստակամությունը․
«Վրաստանը միշտ մոտիվացված է այս գործընթացում ստանձնելու կարևորագույն դերակատարություն և այդ նպատակով ես «Խաղաղ հարևանության նախաձեռնությունն» եմ հնչեցրել», — ասել է Ղարիբաշվիլին։
«Խաղաղ հարևանության նախաձեռնության» մասին Վրաստանի ղեկավարը խոսել էր այս տարվա սեպտեմբերին։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է երկխոսության հարթակ դառնալ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում՝ առաջարկելով կյանքի կոչել «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը»։ Փորձագետների գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը Անկարայի և Բաքվի առաջարկած «3+3» ձևաչափի այլընտրանքն է։
Իր հերթին, Հայաստանի վարչապետն ասել է, որ չնայած դժվարություններին, երկու երկրների հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փորձելու են առաջիկայում առևտրաշրջանառության ծավալը հասցնել այն նշաձողին, որ սահմանել էին դեռ 2019 թ․-ին․
«Կորոնավիրուսի համավարակն արգելակեց այս գործընթացը, բայց հիմա, երբ սովորում ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, առաջարկում եմ վերահաստատել այս մտադրությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի»։
Հայաստանի և Վրաստանի ղեկավարներն այս տարի երկկողմ ֆորմատով չորս հանդիպում են անցկացրել։ Փաշինյանն ասում է՝ հասցրել են անդրադառնալ երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգին։
Միջկառավարական հանձնաժողովի նիստին Հայաստանի վարչապետը հանդես է եկել նաև ելույթով՝ անդրադառնալով ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներին:
Փաշինյանի դիտարկմամբ՝ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի արտացոլում երկու երկրների ունեցած ներուժը.
«Համագործակցության ընդլայնման հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ըստ Հայաստանի վարչապետի, առանցքային նշանակություն ունեն տրանսպորտային ենթակառուցվածքները և լոգիստիկան։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Պարսից ծոց -Սև ծով երթուղուն, խոսել Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման և նախագծի հնարավոր ընդլայնման մասին․
«Եթե մեզ հաջողվի Հայաստան-Ադրբեջան ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ համաձայնության գալ Ադրբեջանի հետ, այս նախագիծն էականորեն կփոխվ՝դառնալով Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք երթուղի»։
Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ Ադրբեջանի նախագահի հետ «սկզբունքային պայմանավորվածություն» է ձեռք բերվել։
Փաշինյանի համոզմամբ՝ երկաթուղային հաղորդակցության բացումը շահեկան կլինի նաև Վրաստանի համար։
Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել դեկտեմբերի 20-ին։ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել էր Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։
Միջկառավարական հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ վարչապետն առանձնազրույց էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Երկու երկրների ղեկավարները մտքեր էին փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման շուրջ։