Մեկ շաբաթ առանց մշտական ջրի․ ինչպե՞ս կլուծվի Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը
Արցախի մայրաքաղաքի 40 տոկոսը տևական ժամանակ ջրազրկված է։ Խնդիրը լուծելու համար Ստեփանակերտի բակերում տեղադրվող ջրի բաքերը կավելանան, կմեկնարկեն Պատարայի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ջրամատակարարման խնդրին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Լուրերն այն մասին, որ երաշտի պատճառով Ստեփանակերտում ջրամատակարարման խնդիր կա, տարածվեցին դեռևս օգոստոսի 9-ին։
Տեղեկություններ խնդրի բարձրաձայնվող պատճառների, ձեռնարկվող քայլերի և երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ։
Ո՞րն է պատճառը
Ստեփանակերտում ջրի խնդրի ի հայտ գալուն պես տարբեր կայքերում և սոցիալական ցանցերում սկսվեցին ակտիվ քննարկումներ, թե Ադրբեջանն է փակել ջրի հոսքը, մասնավորապես՝ Ղայբալիշենի պոմպը։
Քաղաքային իշխանությունը հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ ադրբեջանական կողմը ոչինչ չի կարող անել, քանի որ պոմպը չեզոք գոտում է։
Ե՛վ Ստեփանակերտի քաղաքապետարանի, և՛ պատասխանատու «Ջրմուղ-կոյուղի» ընկերության կարծիքով՝ ջրի պակասի միակ պատճառը եղանակային անոմալ պայմաններն են՝ տեղումների աննախադեպ պակասը։ Բացի այդ, Արցախի մայրաքաղաքի բնակչությունը պատերազմի հետևանքով աճել է մոտ 30 տոկոսով (Ստեփանակերտում այսօր բնակվում է ավելի քան 60 հազար մարդ), բնականաբար, ավելացել է նաև ջրի ծախսը։
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում
Պատասխանատու կառույցը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատանքներ է տանում ջրային պաշարների ամբարման և քաղաքի ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ։ Մինչ այդ, բնակչությանը ջուր են հասցնում բաքերով, ջրի տարատեսակ տարաներով և հրշեջ մեքենաներով։
«Ջրմուղ-կոյուղին» հայտնում է, որ թեև անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկվում են, բայց ջրամատակարարումը լիարժեք կվերականգնվի միայն եղանակային պայմանների փոփոխությունից հետո։
Ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը օգոստոսի 10-ին որոշում կայացրեց դադարեցնել քաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։
Որոշումը կգործի մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: Ստեփանակերտի քաղաքապետարանն իրականացնում է վերահսկողություն ամենօրյա ստուգումների տեսքով։
Օգոստոսի 15-ին ջրազուրկ թաղամասերի բնակիչներին խմելու ջրով ապահովելու գործին միացավ նաև Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը։ Ջրազուրկ բնակելի շենքերի բակերում սկսեցին տեղադրվել 3-5 տոննա տարողությամբ բաքեր։
Ջրի բաքերը կավելանան, կմեկնարկի Պատարայի ջրամբարի կառուցումը
Օգոստոսի 16-ին Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը համապարփակ քննարկելու համար նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Նա ընդգծել է, որ թեմային նվիրված քննարկումներ ամեն օր են լինում և վստահեցրել է, որ եղած հնարավորությունները լիովին օգտագործվելու են ստեղծված իրավիճակը մեղմելու համար․
«Խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա: Դրան զուգահեռ, այսօր վերջնական որոշում է կայացվել նաև առաջիկայում սկսել մեր հանրապետության՝ իր ծավալներով ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցումը»։
Այս ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկներով կազմում է 15 մլրդ դրամ։
Արցախի նախագահի խոսքով՝ Պատարայի ջրամբարը թույլ կտա խմելու մշտական ջրով ապահովել ոչ միայն Ստեփանակերտի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի բնակչությանը։ Ջրամբարի կառուցման արդյունքում ոռոգովի կդառնա ավելի քան 2500 հա հողատարածք, ինչն էական ազդեցություն կունենա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացման վրա:
Մինչ այդ առաջիկա օրերին կավելացնեն բակերում տեղադրվող ջրի բաքերի քանակը, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման ծավալներն ու հաճախականությունը։ Նաև կվերագործարկվեն նախկինում շահագործված արտեզյան ջրհորները, պլանավորում են նոր ջրհորներ էլ կառուցել։