Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 2-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Լուսանկարներ հրետակոծված Ստեփանակերտից
-
Երեք հրթիռային հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին
Այս տեղեկությունները հաստատել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը․ «Կարծես, բնակելի տներում ավերածություններ կան։ Տուժածները շատ են»։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները տեղեկություններ էին հրապարակել, որ միանգամից մի քանի պայթյուն է որոտացել Ստեփանակերտում, քաղաքը հրետակոծվում է։
Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը հաղորդել է, որ Ստեփանակերտի հրետակոծման ժամանակ Ադրբեջանը կիրառել է «Սմերչ» ՀԿՌՀ՝ կասետային մարտագլխիկներով։
-
«Ադրբեջանը դեռևս ռազմական օգնություն չի խնդրել»․ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար
Իր իտալացի գործընկեր Լուիջի դի Մայոյի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ոչ ոք չպետք է զարմանա Ադրբեջանին մեր աջակցության առնչությամբ։
«Չկա ավելի բնական մի բան, քան Թուրքիայի օժանդակությունն Ադրբեջանին։ Մենք մի ազգ ենք», — նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
«Ադրբեջանը դեռևս ռազմական օգնություն չի խնդրել Թուրքիայից, սակայն, եթե խնդրի, մենք կցուցաբերենք այն», — ասել նա։
-
Կայացել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցը
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և չդադարող ռազմական գործողությունները: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք նաև «մտահոգություն են հայտնել ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից օտարերկրյա գրոհայինների և անօրինական ռազմական խմբավորումների մասնակցության կապակցությամբ»:
Հայաստանի վարչապետը կրկին խոսել է Թուրքիայի խիստ ապակայունացնող վարքագծի և ռազմական գործողություններին միջամտելու փաստի մասին:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարության: Խոսքը գնում է Պուտինի, Թրամփի և Մակրոնի համատեղ հայտարարության մասին։
Պաշտոնական հաղորդագրությունն ավարտվում է շփումները շարունակելու պայմանավորվածություն ձեռք բերելու մասին նախադասությամբ:
Զրույցից այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
-
«Պայքարը շարունակվելու է ընդհուպ մինչև Ղարաբաղի ազատագրումն օկուպացիայից»․ Էրդողան
«Թուրքիան եղել է և լինելու է Ադրբեջանի կողքին։ Պայքարը շարունակվելու է ընդհուպ մինչև Ղարաբաղի ազատագրումն օկուպացիայից», — հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի երկուսին Քոնյա թուրքական բնակավայրում հիվանդանոցներից մեկի բացման ժամանակ։
Թուրքիայի առաջնորդը հաղորդել է, որ Ադրբեջանի բանակը վերջին օրերին ազատագրել է մեծ քանակությամբ օկուպացված տարածքներ։
«Վերջին սադրանքը Հայաստանի համար անսպասելի պատասխան է ստացել։ Ի պատասխան՝ Ադրբեջանը գործողություն է սկսել։ Թուրքիան եղել և լինելու է բարեկամ Ադրբեջանի կողքին», — նշել է նա։
-
Ադրբեջանական բանակին 10 «փիքափ» են նվիրել
-
10 խաղաղ բնակիչ է վիրավորվել Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում,- հաղորդում է Ղարաբաղում գործող Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը․
«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»։
-
«Ադրբեջանի՝ օկուպացիայի տակ գտնվող տարածքներ այցելություններն ապօրինի են»․ Ադրբեջանի նախագահի օգնական
«Ադրբեջանի՝ օկուպացիայի տակ գտնվող տարածքներ այցելություններն ապօրինի են։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը պատասխանատվություն չի կրում Հայաստանի կողմից այնտեղ ուղևորվող արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության համար», — հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
-
Ադրբեջանցի և օտարերկրյա լրագրողներն ընկել են հայկական զորքերի հրետակոծության տակ
«Ադրբեջանցի և օտարերկրյա լրագրողներն ընկել են հայկական զորքերի հրետակոծության տակ Ադրբեջանի Թարթառի շրջանի Ղափանլի գյուղում», — Թվիթերում գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։
-
«Ստեփանակերտին խփեցին»․ ռազմական փորձագետ
-
Ադրբեջանի խորհրդարանում պահանջել են Ֆրանսիային հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից
Այսպիսի պահանջով Ադրբեջանական խորհրդարանի նիստում հանդես է եկել պատգամավոր Ազայ Գուլիևը։
«Ֆրանսիան կորցրել է վստահությունը որպես չեզոք կողմ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ։ Մի կողմից այդ երկիրը հաշտեցման կոչ է անում, մյուս կողմից՝ Ադրբեջանին մեղադրում սեփական տարածքների վրա հարձակվելու համար։ Ֆրանսիայի դեսպանը պետք է Ադրբեջանի ԱԳՆ կանչվի», — նշել է նա։
-
«Մենք վճռականորեն հակազդելու ենք Արցախի դեմ ագրեսիային»․ Հայաստանի ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կոչերի։ Դրանում ասվում է, որ «Արցախի դեմ ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի»․
«Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը:
Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:
-
«Թուրքիան Ղարաբաղում նույն բանն է ուզում անել, ինչ հարյուր տարի առաջ՝ ոչնչացնել հայերին»․ Հայաստանի վարաչպետ
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին։ Ըստ վարչապետի՝ այս սրացումը 2016 թ-ի ապրիլյան սրացումից ավելի մասշտաբային է։
Հարցազրույցի գլխավոր թեզերը․
• Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն հայտարարել են, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիան ներգրավված է եղել ԼԵռնային Ղարաբաղում լայնամասշտաբ հարձակմանը։
• Ադրբեջանական կողմը թուրքական ԱԹՍ-ներ և F-16 կործանիչներ է կիրառում Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական նշանակետերի հարվածելու համար։
• Սիրիայի հյուսիսում օկուպացված տարածքներում Թուրքիան հազարավոր վարձկաններ է նախապատրաստել և Ադրբեջան ուղարկել։
• Ռազմական գործողությունները պետք է դադարեցնեն նրանք, ովքեր սկսել են՝ Թուրքիան ու Ադրբեջանը։
• Բաքուն ի վիճակի չէ վերահսկել բերված վարձկաններին, հրամանատարությունն իր վրա է վերցրել Անկարան։
• Ադրբեջանական կողմի կորուստների 30%-ն օտարերկրյա վարձկաններ են։
• Թուրքիան պետք է հեռացվի ԵԱՀԿ Մինսկի խմբից կանխակալ, միլիտարիստական պահվածքի համար։
-
Ադրբեջանի բնակավայրերը հրթիռակոծվում են․ Ադրբեջանի ՊՆ
«Հակառակորդը հրթիռակոծում է Շամքիրի շրջանի Սաբիրքենդ բնակավայրը Հայաստանի տարածքից և Գուզանլի գյուղն՝ օկուպացված տարածքներից»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է ճակատ ուղարկել բանտարկված զինծառայողներին
Այսօր Ադրբեջանի խորհրդարանի նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է ազատ արձակել ուղղիչ գաղութներում պատիժը կրող սպաներին և զինվորներին։
Ըստ պատգամավորի՝ նրանց շարքերից ցանկացողներին անհրաժեշտ է ճակատագիծ ուղարկել, և դա թույլ կտա ադրբեջանական բանակին օգտագործել նրանց փորձը։
-
«Սմերչը» հարվածում է Ղարաբաղի Հադրութ քաղաքին, տեղացիներ են վիրավորվել – ռազմական փորձագետ
-
Սպանված ադրբեջանցի սպայի մոտ իսրայելական բանակի ռադիոկայան է հայտնաբերվել
Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հաղորդել է, որ իսրայելական Tadiran ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համակարգվում են հիմնականում արաբերենով։
-
Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու սահմանափակումներ են մտցվել
Ռազմական դրության պայմաններում Հայաստանի կառավարությունն այս որոշումը բացատրում է անվտանգության նկատառումներով և ճանապարհները բեռնաթափելու անհրաժեշտությամբ։ Բացառություն է արվել միայն մարդասիրական բեռների տեղափոխման համար։ Հատուկ դեպքերում կառավարությունը լրացուցիչ թույլտվություն է տրամադրելո։ Լրատվամիջոցների աշխատակիցները նույնպես պետք է նախապես թույլտվություն ստանան։
-
Ադրբեջանի բնակավայրերը հրետակոծվում են․ Ադրբեջանի ՊՆ
Չնայած բնակավայրերը չհրետակոծելու բազում նախազգուշացումներին՝ Աղդամի շրջանի Խընդըրըստան, Ալիբեյլի, Ահմադաղալը և Սաֆարլի գյուղերը ներկա պահին ինտենսիվորեն հրետակոծվում են հակառակորդի կողմից,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Խաղաղ բնակչության շրջանում սպանվածներ և վիրավորներ կան»,- ասված է հաղորդագրությունում։
-
Հայկական կողմը 54 զոհ ունի․ նոր տվյալներ
-
Լարված գիշեր․ Հայաստանի ՀՕՊ-ը ոչնչացրել է Ադրբեջանի հետախուզական ԱԹՍ-ները
Հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերին մոտ, ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ոչնչացվել է Ադրբեջանի չորս ԱԹՍ։ Դրանցից մեկը ոչնչացվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մյուս երեքը՝ Գեղարքունիքի մարզում։
«Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական», — հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի օդային տարածքում հոկտեմբերի 1-ին ընդհանուր առմամբ խոցվել է 7 ԱԹՍ։
-
Ղարաբաղի Մատաղիս գյուղն անցել է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը․ «Ադրբեջանական բանակն օկուպացիայից ազատագրել է Մատաղիս գյուղի (Ղարաբաղի Մարտակերտի շրջան) մերձակայքի բարձունքները և այդ կետն իր վերահսսկողության տակ է պահում։
Հոկտեմբերի լույս 2-ի գիշերը մարտերը շարունակվել են ճակատագծի տարբեր ուղղություններով։
Ջաբրայիլ-Ֆիզուլի ուղղությամբ կոտրվել է հակառակորդի դիմադրությունը, նա ստիպված է եղել նահանջել»։
-
Նորություններ, լուսանկարներ/տեսանյութեր 2020 թ-ի հոկտեմբերի 1-ին Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններից