Ղարաբաղի հայերի առաջնորդի շրջագայությունը Մինսկի խմբի համանախագահող երկրներով․ ի՞նչ են խոսում Ադրբեջանում
«Ապօրինի կազմավորման ղեկավարի այցելությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ կարող են հանգեցնել հակամարտության շուրջ անսպասելի զարգացման։ Այդ դեպքում ողջ պատասխանատվությունը կընկնի հայկական կողմի վրա», — ասված է Ադրբեջանի արտգործանախարարության հայտարարությունում։
• Ֆրանսիական պատվիրակությունը Ղարաբաղում և Ադրբեջանի բողոքի նոտան
Ի՞նչ է տեղի ունեցել
Խոսքը գնում է Ղարաբաղի հայերի առաջնորդ Բակո Սահակյանի՝ Մոսկվա կատարած այցի մասին։ Ադրբեջանի դժգոհությունն ուղղված է ռուսական կողմին, որն, ընդունելով նրան որպես պաշտոնական դեմք, «այդպիսով խախտում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրը»։
Այդ պայմանագրի համաձայն՝ «կողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, արգելելով կանխել առանձին անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս Կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային աբողջականության դեմ»։
Դրանից առաջ Սահակյանն այցելել էր Փարիզ և ԱՄՆ։ Ֆրանսիան ադրբեջանական ԱԳՆ-ից բողոքի նոտա էր ստացել, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ միայն հայտարարություններ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չճանաչված հանրապետություն է Հարավային Կովկասում, որի բնակչության մեծ մասն էթնիկ հայեր են։ Լեռնային Ղարաբաղն իր հարակից տարածքներով հայկական կողմի վերահսկողության տակ է անցել 1991-1994թ-ի ռազմական գործողությունների ժամանակ։ Հակամարտությունը «սառեցված» է համարվում, սակայն զորքերի շփման գծում փոխհրաձգությունը շարունակվում է, և մարդիկ են զոհվում։
ԵԱՀԿ Մինսկի խումբը (The OSCE Minsk Group) ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումը։
Այն մասին, որ Սահակյանը նոյեմբերի 24-ին Մոսկվա է ժամանել, հայտնի է դարձել միայն նրա մամուլի ծառայության հայտարարությունից, և այդ այցի մանրամասները չեն նշվում։
• «Համակարգչային պատերազմ», որը խաղում են Ադրբեջանի և Հայաստանի երեխաները
Ի՞նչ են ասում փորձագետները
Ադրբեջանցի փորձագետները համակարծիք են, որ Բակո Սահակյանի այցերը խոսում են նրա այն մտադրության մասին, որ համանախագահները Ղարաբաղի հայերին ընդունեն որպես ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների կողմ։
JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․
«Ղարաբաղի հայերի առաջնորդների՝ Եվրոպա և Ռուսաստան կատարած այցերի մեջ ոչ մի նոր բան չկա։ Նրանք դա կիրառում են հակամարտության հենց ամենսկզբից՝ 90-ական թվականներից։
Այդ հանդիպումների գլխավոր նպատակը քաղաքական չէ, այլ, ավելի շուտ, հումանիտար։ Նրանց ձայնն առանց այդ էլ լսելի է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար Խանքենդի են այցելում։ Այդ այցերի ժամանակ ղարաբաղյան հայերի առաջնորդները հանդիպում են տարբեր բարեգործական հիմնադրամների հետ, պայմանավորվածություն ձեռք բերում նվիրատվությունների մասին ինքնահռչակ հանրապետությունում ծանր կյանքին աջակցելու համար։
Ինչո՞ւ է այս անգամ Ադրբեջանի արձագանքն ավելի կոշտ, քան նախկինում։ Հավանաբար այն պատճառով, որ Հայաստանում իշխանափոխոթյուն է տեղի ունեցել, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է Ղարաբաղի հայերին ընդունել որպես հակամարտության կողմ և նրանց հետ ուղղակիորեն բանակցություններ վարել։ Դա նյարդայնացնում է Բաքվին։
Առաջինը նրա «ձեռքի տակ ընկավ» Ֆրանսիան, քանի որ հենց Փարիզից էր Սահակյանը սկսել իր շրջագայությունը։ Այնուհետև Ղարաբաղի հայերի առաջնորդը մեկնել էր Վաշինգտոն և Մոսկվա, իսկ աձագանքը՝ մի փորք մեղմվեց։ Պատճառների մասին միայն կարելի է կռահել, բայց երևի ԱՄՆ-ին և Ռուսաստանին մեր իշխանությունն ավելի շատ է հարգում և վախենում, քան Ֆրանսիային»։