«Հնարավոր չէ, որ տրվի չկրակելու հրաման»․ Հայաստանի վարչապետ
41 քառակուսի կմ-ի կորուստը նոյեմբերի 16-ի արդյունք չէ։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ գործադիրի ղեկավարի՝ երեկվա տեղային մարտերի արդյունքում «բալանսը չի փոխվել»․
«Այնպես չէ, որ այդ 41 քառակուսի կմ-ն ամբողջությամբ և լիարժեք վերհսկվում է ադրբեջանցիների կողմից»։
Այլ մանրամասներ, որոնք հնչեցին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում նախորդ օրվա ռազմական էսկալացիայի և ստեղծված իրավիճակի շուրջ։
Փաշինյանի խոսքով՝ դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով է Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվել «շուրջ 40 և ավելի քառակուսի կմ տարածք»։ Ասում է՝ կան նաև Խորհրդային Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են։
«Սա է պատճառը, որ միջազգային հանրությունն ասում է՝ սկսեք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց, կողմնորոշվեք՝ ինչ մեթոդաբանությամբ ու իրավական հիմքերով է գործընթացն ընթանալու, որպեսզի հարցը մեկընդմիշտ փակենք», — ասում է Նիկոլ Փաշինյանը։
Հարցին, թե՝ խորացե՞լ է արդյոք Ադրբեջանը ՀՀ տարածքում, վարչապետը պատասխանել է․ «Ըստ էության՝ ոչ ավելի խորացել են, ոչ էլ չեն խորացել»։
Փաշինյանը ևս մեկ անգամ վստահեցրել է՝ բալանսը չի փոխվել, պարզապես «ներխուժված հատվածներում» Հայաստանն ու Ադրբեջանն ունեն դիրքեր, որոնց բաշխվածությունն այս ընթացքում անընդհատ փոխվում է․
«Միջազգային հանրությունը դա դիտում է որպես լարվածության աղբյուր։ Ակնկալում են, որ հարցը սկսենք քննարկել, դնել լուծման ռելսերի վրա։ Մենք միջազգային հանրության այս ուղերձն ընդունում ենք, ընկալում ենք»։
Անդրադառնալով իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու սահմանագծման և սահմանազատման գործընթացը տեղից չի շարժվում, ՀՀ վարչապետն ընդգծել է, որ պատճառը «Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգումն է»։
Փաշինյանը տեղեկացրել է, որ ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով, Հայաստանը համաձայնել է, սակայն Ադրբեջանից կոնկրետ պատասխան չի ստացվել։
Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ նախկինում արված առաջարկներն ուժի մեջ են։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Փաշինյանին հարցրել է՝ ով չտվեց կրակելու հրաման կամ ով տվեց չկրակելու հրաման, որովհետև տեսանյութերում երևում է, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության։
«Հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն», — պատասխանել է ՀՀ վարչապետը։
ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին՝ ասելով, որ բացելը հեշտ չէ և կախված չէ միայն հայկական կողմից, բայց կառավարությունը պատրաստ է գնալ լուծումների․
«Դա չի նշանակում, որ ցանկացած լուծում մեզ համար ընդունելի կլինի, կամ մեր պատկերացրած ցանկացած լուծում ընդունելի կլինի Ադրբեջանի կամ միջազգային հանրության համար»։
Փաշինյանի գնահատմամբ՝ հնարավոր չէ վերցնել ու նման հարցերը չափել «միայն սեփական արշինով», ուստի պետք է գնալ լուծումների՝ հասկանալով, որ չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։
Խոսելով խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ Հայաստանի վարչապետը նշել է, որ դա բանակցային գործընթացի վերջնանպատակն է, ոչ թե Ադրբեջանի նախաձեռնությունը։
Մինչ այդ, սակայն, պետք է համաձայնեցնել պայմանագրի տեքստը, ինչը ծավալուն աշխատանք է։
«Մենք երբեք չենք հրաժարվել այդ աշխատանքն անելուց, հակառակը՝ միշտ պատրաստակամություն ենք հայտնել և դա համարում ենք նաև մեր օրակարգը», — ասել է Նիկոլ Փաշինյանը։