Թեև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցում դրական կանխատեսումներ կան, բայց այս պահին հնարավոր չէ ասել՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո գերիներ կվերադառնան Հայաստան, թե ոչ։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան, Ստրասբուրգի դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Գերիների վերադարձի հարցում Սահակյանի ունեցած դրական կանխատեսումը հիմնվում է այն բանի վրա, որ «բարձր մակարդակի բոլոր հանդիպումներից առաջ կամ հետո գերիների վերադարձ եղել է»։
Փաստաբանի դիտարկմամբ՝ այս պահին հնարավոր չէ ասել՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո գերիներ կվերադառնա՞ն, թե՞ ոչ։
Ասում է՝ հարցը քաղաքական է, պայմանավորվածություններն էլ՝ ստվերային։
Մինչև այժմ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 150 գերի, բոլորն էլ փակ պայմանավորվածությունների արդյունքում: Պաշտոնական Բաքուն հաստատել է ևս 38 հայի գերեվարման փաստը։ Նրանցից 37-ը, սակայն, արդեն իսկ դատապարտվել են։
Փաստաբան Սահակյանի գնահատմամբ՝ գերիներին վերադարձնում կամ դատապարտում են առանց «որևէ իրավական տրամաբանության», օրինակ՝ նույն հանգամանքներում Խծաբերդից գերեվարված 62 պահեստազորայիններից 32-ը վերադարձվել են, 30-ը՝ դատապարտվել։
«Սա ևս ցուցանիշ է, որ որոշումները կայացվում են քաղաքական նպատակահարմարությամբ»,- ընդգծել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:
«Ազատության» հետ զրույցում փաստաբանը չի բացառել, որ Բաքվում պահվող գերիները կարող են հայրենադարձվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ։
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման օրակարգի մասին դեռևս որևէ բան չի հաղորդվել։ Շառլ Միշելի միջնորդությամբ նախորդ տարեվերջին կայացած հանդիպումը վերաբերում էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։
Քաղաքագետներն ակնկալում են, որ այս կազմով երկրորդ հանդիպմանը ևս կքննարկվի նույն թեման՝ չբացառելով, որ անդրադարձ կկատարվի նաև սահմանային վերջին միջադեպերին և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկին։
«Այդ հանդիպման ընթացքում պետք է շատ ցավոտ և սուր հարցեր դրվեն սեղանին, և կողմերը փորձեն այդ սուր կետերը հարթել և փորձել առաջ շարժվել, որը, մեղմ ասած, հեշտ չի լինելու, բայց սա է ակնկալիքը», — բրյուսելյան հանդիպման նախօրեին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը։
Թե ինչ ցավոտ և սուր հարցերի մասին է խոսքը՝ Էդուարդ Աղաջանյանը չի մանրամասնել։
Նրա փոխանցմամբ՝ «Հայաստանը չի հրաժարվում իր հայտարարած խաղաղության օրակարգից» և փորձելու է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում։