Հայաստանի ԱԺ-ն երկար քննարկեց, բայց չհաստատեց 2025 թ․-ի պետբյուջեն
ՀՀ՝ 2025 թ․-ի բյուջեի քննարկումներ
Երեք օր է, ինչ Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այսօր ԱԺ-ում ելույթով հանդես եկավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող և հարկ վճարող քաղաքացին է։
«Եթե ուզում ենք ուժեղ պետություն ունենալ պիտի միասին՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի, հնարավորինս շատ փող աշխատենք, մեծ եկամուտներ գեներացնենք և հարկերի միջոցով հարստացնենք մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն՝ մեր պետական բյուջեն»,- ընդգծեց նա։
Ակնկալվում էր, որ վարչապետի եզրափակիչ ելույթից հետո հարցը վերջապես կդրվի քվեարկության, բյուջեն կհաստատվի։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, սակայն, ասաց, որ հայտարարվում է «նախագծի քննարկման ընդմիջում» առնվազն 4 օրով։ Իշխող թիմի ներկայացուցչի փոխանցմամբ՝ պատգամավորներն ու խմբակցությունները կկարողանան առաջարկներ ներկայացնել միայն առաջիկա 24 ժամերի ընթացքում։
Ներկայացնում ենք 2025 թ․-ի պետական բյուջեի նախագծում սահմանված ցուցանիշները և առաջնահերթությունները, ինչպես նաև այն ուղղությունները, որտեղ կառավարությունը մտադիր է ավելացնել տրամադրվելիք միջոցները։
Գործադիրն առաջնահերթություն է համարում տնտեսական աճն ու անվտանգության բարձրացումը
Կառավարության կանխատեսումների համաձայն՝ հաջորդ տարի երկրի տնտեսական աճը կկազմի 5.6 տոկոս։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին ՀՀ տնտեսությունը դրսևորել է բավականին բարձր դիմադրողականություն, ուստի անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր տնտեսական ներուժի հետագա բարելավման համար:
Ասում է՝ գործադիրի համար «գերառաջնահերթություն» է ինչպես երկրի տնտեսության դիմադրողականության, այնպես էլ անվտանգության բարձրացումը, քանի որ ներկա զարգացումները ստիպում են «դիվերսիֆիկացնել և ամրապնդել անվտանգային համակարգերը»։
«Տնտեսական աճը և անվտանգության բարձր զգացումը պետք է հետ պտտեն արտագաղթի անիվը: Մեր հայրենակիցներին պետք է հաղորդեն այն վստահությունը, որ հայրենիքն է աշխատանքի արդյունքը վայելելու և սեփական ստեղծագործական գաղափարները իրացնելու լավագույն վերջնակետը»,- արձանագրել է Հովհաննիսյանը։
2025 թ․-ի բյուջեի ակնկալվող ցուցանիշները և ծախսերը
Կառավարության անդամներն ու խորհրդարանականները ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում հաջորդ տարվա բյուջեն են քննարկում հոկտեմբերի վերջից։ Այս ընթացքում Ֆինանսների նախարարը ներկայացրել է նախագծի մանրամասները՝
- 2025 թ․-ի ավարտին պետական պարտքը կհասնի 5 տրլն 914 մլրդ դրամի (այժմ՝ 5 տրլն 37 մլրդ)։
- Բյուջեի պակասուրդը կլինի 5.5 տոկոս՝ միջնաժամկետում հասնելով 3 տոկոսի:
- Կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ՝ ավելի քան 5.4 տոկոսով գերազանցելով 2024 թ․-ի բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։
- Կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Այս ոլորտի ծախսերը կկազմեն 664 միլիարդ դրամ՝ 20 տոկոսով գերազանցելով 2024 թ․-ի բյուջեով սահմանված ծախսերը։
- 2025 թ․-ին պետական կառավարման համակարգի ծախսերը կկրճատվեն 4 տոկոսով։
Տնտեսությունը փոխվել է, աճի թիրախը՝ ոչ
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարն արձանագրել էր՝ Հայաստանի տնտեսության մեջ էական փոփոխություններ են տեղի ունեցել։
«Մեր և բազմաթիվ միջազգային գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի պոտենցիալը բարձրացել է միջինում 4.5-ից՝ դառնալով 5.5 տոկոս»։
Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2025 թ․-ին ակնկալվում է 5․6 տոկոս տնտեսական աճ, 2026-2027 թթ․-ին՝ միջինում 5.5 տոկոս․
«Մեր թիրախը չի փոխվել: Մենք թիրախավորում ենք 2025 թ․-ին հասնել 7 տոկոս տնտեսական աճի, որի համար հավելյալ ջանքեր են պետք՝ արագացնելու այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, պատշաճ ապահովելու բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը և, իհարկե, ակտիվ աշխատանք անելու արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի և ներդրումների հետ կապված»։
«Տեղափոխվում ենք զարգացման նոր մակարդակ»
Ֆինանսների նախարարը խորհրդարանում ունեցած ելույթում նկատել է՝ ՀՀ տնտեսությունը հիմնվում է առկա ներուժի վրա ու տեղափոխվում զարգացման նոր մակարդակ։ Դա էլ, իր հերթին, ամուր հիմքեր է ստեղծում երկրի կայուն առաջընթացի համար:
Ասում է՝ չնայած վերջին տարիների մարտահրավերներին՝ ՀՀ տնտեսության դիմադրողականությունն աճել է.
«Ի թիվս արտաքին գործոնների՝ այս առումով իրենց ազդեցությունն են ունեցել նաև ՀՀ կառավարության այնպիսի նպատակաուղղված քաղաքականությունները, ինչպիսիք են ենթակառուցվածքներում պետական ներդրումների շարունակական ավելացումը, տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության բարձրացումը, բիզնես միջավայրի բարելավումը և այլն»։
«Յուրաքանչյուր միավոր հարկ պետք է խոհեմությամբ ծախսենք»
Նախարարը վստահեցրել է՝ կառավարությունը կարևորում է ծախսերի արդյունավետության բարձրացումը։ Ուստի շարունակելու է ջանքեր գործադրել ստվերի կրճատման, ինչպես նաև «հարկերն ավելի մեծ խնամքով ու խոհեմությամբ ծախսելու» ուղղությամբ․
«Միայն այն, որ 2025 թ․-ին կառավարությունը կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը, արդեն իսկ վկայում է, որ մենք չենք խուսափում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց և, առաջին հերթին, ինքներս մեզ ենք արդյունավետության և արտադրողականության բարձրացման հայտ ներկայացնում»։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2025 թ․-ի համար խնդիր են դրել «կոնսոլիդացնել ուժերն ու ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց»։
Ասում է՝ հնարավորության սահմաններում խնայելու են միջոցները, ֆինանսավորելու են այն ծրագրերը, որոնք ուղղված են երկարաժամկետ հեռանկարում «Հայաստանի անվտանգությունը, քաղաքացիների կենսամակարդակը երաշխավորելուն, տնտեսության ներուժի ընդլայնմանը նպաստելուն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ՝ 2025 թ․-ի բյուջեի քննարկումներ