ՀՀ վարչապետն ունի բարձր վարկանիշ, բայց նրա հրաժարականը պահանջում են 43,6%․ GALLUP International
Հայաստանում հարցվածների 38,8 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի գլխավորել կառավարությունը։ 43,6%-ը համարում է, որ նա պետք է հրաժարական տա։ Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները, որն անցկացրել է MPG (Marketing Professional Group) ընկերությունը։ Սա միակ սոցիոլոգիական կազմակերպությունն է Հայաստանում, որը GALLUP International-ի պաշտոնական ներկայացուցիչն է երկրում։
Վերջին նման հարցումն անցկացվել է 2020 թ-ի նոյեմբերին։ Այն ժամանակ, MPG ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով, վարչապետի հրաժարականն էր պահանջում հարցվածների 35%-ը։ Սակայն, միաժամանակ, վարչապետը պահպանում է ամենաբարձր վարկանիշը մյուս հայ քաղաքական գործիչների շրջանում։
- Հայաստանը՝ տնտեսական լճացման եզրին․ ի՞նչ սպասել 2021 թ-ին
- Կարծիքներ․ «Սարգսյանի Հայաստան» VS «Փաշինյանի Հայաստան»․ ո՞րն է ավելի լավը
Վարչապետի վարկանիշը նախկին նախագահների վարկանիշից բարձր է
Սոցհարցմանը մասնակցած քաղաքացիներին խնդրել են 1-5 բալ սանդղակով գնահատել քաղաքական գործիչներին։
Պարզվել է, որ ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2,8 բալ։
Նրանից հետո ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2,3 բալ։
Հայաստանի նախկին նախագահներն ավելի ցածր բալերն են ստացել․
- առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1,7,
- երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2,
- երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1,7։
Ընդդիմադիրների շրջանում առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանն է՝ 2,2 բալ։ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հավաքել է 1,8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1,5, «Դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1,6։
«Հայրենիքի փրկության շարժում» միավորված ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նույնպես 1,6 բալ է հավաքել։
«Արցախյան պատերազմում կրած պարտության համար նախորդ իշխանություններն են մեղավոր»
Հարցվածների 32%-ն Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության համար մեղադրում է Հայաստանի նախկին իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանին մեղավոր է համարում 28,8%-ը։
Հարցվածների 16,1%-ը պարտության պատճառ է համարում պատերազմին Թուրքիայի մասնակցությունը, իսկ 4,4%-ը մեղադրում է Հայաստանի պաշտպանության նախարարության և ԼՂՀ Պաշտպանության բանակի առանձին սպաներին։
Չնայած պատերազմի արդյունքներին՝ կան նաև մարդիկ, որոնք համարում են, որ հայկական կողմը պարտություն չի կրել։ Դա հարցվածների 10,2% է։
30,7%-ը կարծում է, որ Հայաստանը պետք է վերադարձնի Շուշին և Հադրութը, ինչպես նաև Արցախին հարող 7 շրջանները, այսինքն՝ վերադառնա 2020 թ-ի պատերազմից առաջ եղած իրավիճակին։
«3,1%-ը նշել է, որ պետք է ճանաչել Ադրբեջանի ամբողջականությունը, հանձնել Արցախն ու ավարտել հակամարտությունը», — հաղորդել է MPG ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Մեծ մասը կողմ է ընտրություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարվա վերջին երկրի քաղաքական ուժերին առաջարկել էր խորհրդատվություններ սկսել 2021 թ-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Դա Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու նրա տեսլականն էր։
Սակայն արդեն 2021 թ-ի փետրվարին իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը հայտարարեց, որ ընտրություններ չեն լինելու։
Որոշումը հիմնավորվեց նրանով, որ «արտահերթ ընտրությունների անցկացման մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և հանրության լայն շրջանակներում արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ չկա»։
Ըստ հարցման արդյունքների՝ արտահերթ ընտրությունների անցկացումը «միանշանակ անհրաժեշտ» է համարում հարցվածների 37,1%-ը, իսկ «ավելի շատ անհրաժեշտ»՝ 21,3%-ը։
«Ավելի շատ պետք չէ» և «ընդհանրապես պետք չէ» տարբերակների օգտին քվեարկել է հարցվածների համապատասխանաբար 13,6%-ն ու 19,7%-ը։
Եթե ընտրությունները կայանային մոտակա կիրակի օրը, ապա առաջատարների եռյակում կհայտնվեին «Իմ քայլը»՝ 33,1%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 4,4% և «Լուսավոր Հայաստանը»՝ 2,6%։ Սրանք այն քաղաքական ուժերն են, որոնք այժմ էլ ներկայացված են խորհրդարանում։
Նախկին իշխող «Հանրապետական կուսակցությունը», որի առաջնորդը նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է, կհավաքեր 2,2% ձայն, ընդդիմադիր «Դաշնակցություն» կուսակցությունը՝ 2,2%։
Հարցվածները պատասխանել են նաև արտահերթ ընտրությունների անցկացման ձևաչափի մասին հարցին։ Հարցվածների 41,2%-ը կարծում է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28,2%-ը դեմ է դրան։ 7,9%-ը կարծում է, որ ընտրությունները պետք է անցնեն ընդդիմության առաջարկած ժամանակավոր կառավարության ղեկավարությամբ։