«ՀՀ-ն ունի ԱԹՍ-ներ արտադրելու պոտենցիալ»․ ռազմական փորձագետ
ՀՀ-ում ստեղծված զինատեսակների փորձարկում
«Հայաստանում իրականացվել են մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով մի քանի ներքին փորձարկումներ։ Դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվել ՀՀ զինված ուժերում»,- նախօրեին հայտարարել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող 25 կազմակերպություններ արդեն իսկ պատվեր ունեն պաշտպանական գերատեսչությունից։
Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ Հայաստանն իսկապես ունի պոտենցիալ որոշ զինատեսակներ, այդ թվում՝ ԱԹՍ-ներ արտադրելու։
«Եթե մենք խոսում ենք ամերիկյան ԱԹՍ-ների մասին, երևի այդ մակարդակի դժվար կլինի Հայաստանում արտադրել, բայց միջին կարգի, ինձ թվում է, որ Հայաստանը կարող է ունենալ։ Դրա պոտենցիալը կա ՀՀ-ում, ու կա գոնե մի 3-4 արտադրող, որ այդ որակի ապրանքը կարող է արտադրել», — ասել է նա:
«ՊՆ-ն 122 մլրդ դրամի պատվեր է տվել»
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարությունը պատվեր է ներկայացրել ռազմարդյունաբերության ոլորտի 25 կազմակերպությունների։ Նախարարն ակնկալում է, որ 2024 թ․-ի ընթացքում այդ թիվը կավելանա՝ հասնելով 29-ի․
«ՊՆ-ն այս պահին արդեն 122 միլիարդ դրամի պատվեր է տվել հայաստանյան ընկերություններին։ Տարվա կտրվածքով ակնկալում ենք, որ պատվերների ընդհանուր գումարը կկազմի 191 միլիարդ դրամ»։
Հայրապետյանը վստահեցրել է՝ ռազմարդյունաբերության ոլորտն իր ուշադրության կենտրոնում է։ Այն առաջնահերթություն է ինչպես իր ղեկավարած գերատեսչության, այնպես էլ կառավարության համար։ Հայտնել է, որ ԲՏԱ նախարարության ներկայացուցիչները հանդիպել են ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, քննարկել առկա խնդիրները։
Նախարարի գնահատմամբ՝ կարևոր փոփոխություն է, մասնավորապես՝ ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը։
«Հնարավոր կդառնա իրականացնել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների և դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման և արտադրության, ինչպես նաև արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ»,- մանրամասնել է նա։
Ռազմարդյունաբերության կոմիտեն ԲՏԱ նախարարությանը ենթակա մարմին է։ Կոմիտեն մշակում է ռազմարդյունաբերության համակարգի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի և մի շարք այլ նախագծեր։
Մխիթար Հայրապետյանի կարծիքով՝ կոմիտեի առաքելությունն է ստեղծել այնպիսի միջավայր, որ ռազմարդյունաբերությունը ոլորտային խաղացողների համար լինի գրավիչ՝ թե՛ գիտահետազոտական, թե՛ բիզնես տեսանկյունից։
Փորձագիտական կարծիք
«ԱՊՐԻ Հայաստան» կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է՝ խոսք է գնում սերիական արտադրության համար համապատասխան գումարներ հատկացնելու մասին։
Նկատում է՝ այլ հարց է՝ կկարողանա՞ն այդ ամենն արտադրել, թե՞ ոչ։ Կարծում է՝ եթե նման որոշում է կայացվել, ուրեմն ոլորտի պատասխանատուները համարում են, որ այդ պատվերիների մեծ մասը կարող է իրագործվել։ Շեշտում է՝ որոշ զինատեսակներ արտադրելու պոտենցիալ Հայաստանն ունի։
«Եթե համեմատություն փորձենք տանել Ռուսական «Օրլան 10» հետախուզական ԱԹՍ-ների հետ, ինձ թվում է, որ դրանից ավելի բարձր կարգի տեղական ԱԹՍ մենք կարող ենք ունենալ: Դա այն էր, ինչ պատերազմից առաջ՝ 2020 թվին գնվել էր»,- ասել է նա «Ազատության» հետ զրույցում։
Փորձագետի կարծիքով՝ անպայման չէ, որ դետալներով բացահայտվի՝ կոնկրետ ինչ տեսակների և որքան զենք-զինամթերքի պատվեր է տրվել։
Նկատում է՝ այդ մասին տեղեկություններ կարելի է հավաքագրել նաև բաց աղբյուրներից, օրինակ՝ «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսներից, որտեղ կարելի է տեսնել «ԱԹՍ-ների բավականին մեծ տեսականի, հրետանու որոշակի զինամթերք, ինչպես նաև էլեկտրոնիկայի հետ կապված սարքավորումներ»։ Ներսիսյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այն, որ դրանց մի մասը կարող է գնված, ոչ թե արտադրված լինել։
Ռազմական փորձագետից հետաքրքրվել են՝ «հարձակողակա՞ն, թե՞ պաշտպանական զենքերի արտադրության մասին է խոսքը»։
«Օրինակ՝ հակատանկային հրթիռը հարձակողակա՞ն զենք է, թե՞ պաշտպանական։ Կարող եք կիրառել և հարձակվելիս, և պաշտպանվելիս»,- պարզաբանել է նա և հավելել՝ նույնն է նաև մյուս զինատեսակների պարագայում։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում ստեղծված զինատեսակների փորձարկում