«ՀՀ-ն կարող է կորցնել ապաշրջափակվող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը»․ կարծիք Երևանից
ՀՀ-ն ու Թրամփի ապաշրջափակման առաջարկը
Վերջին օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման։ Հղում անելով դիվանագիտական աղբյուրներին՝ «Քարնեգի» հիմնադրամը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկել է, որ կապուղին վերահսկի մասնավոր ամերիկյան ընկերություն։ Առաջարկի մանրամասները, սակայն, հայտնի չեն։
Ադրբեջանն իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ ցամաքային կապի համար ՀՀ-ից արտատարածքային միջանցք է պահանջում։ Հայկական կողմը պնդում է՝ պատրաստ է տրամադրել ճանապարհներ, սակայն հաղորդակցությունների բացումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա։
Այդ ֆոնին միջազգային լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակում նաև հուլիսին ԱՄԷ-ում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին։ Middle East Eye-ը գրել է, որ Էմիրությունները ցանկանում է հյուրընկալել հանդիպումը «կովկասյան երկու ժողովուրդների միջև հարաբերությունները բարելավելու իր ջանքերի շրջանակներում»։ ՀՀ վարչապետի խոսնակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է՝ եթե նման հանդիպում տեղի ունենա, շեշտը դրված է լինելու հենց ապաշրջափակման թեմայի վրա։ Մտավախություն ունի, որ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը ամերիկյան մասնավոր ընկերությանը հանձնելու պարագայում փաստացի գործ ենք ունենալու միջանցքային տրամաբանության հետ՝ մի բան, ինչը տևական ժամանակ կարմիր գիծ էր Երևանի համար։
Ի՞նչ է հայտնի առաջարկի մասին, Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները, մեկնաբանություններ
- Ապաշրջափակման ԱՄՆ-ի առաջարկը. զարգացումներ Մոսկվա-Բաքու լարվածության ֆոնին
- «Հարավային Կովկասը կորցնում է գերակայությունը Անկարայի քաղաքականությունում»․ կարծիք
- «Դիվանագիտական ճեղքումներ չեղան». Փաշինյան-Էրդողան ստամբուլյան հանդիպման մասին
«Երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը»․ առաջարկի մասին
«Քարնեգի»-ի հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն առաջարկել է ապաշրջափակվելիք ճանապարհների կառավարումը պատվիրակել մասնավոր ընկերության։ Նշվում է, որ կապուղին պետք է վերահսկի ամերիկյան ընկերություն, իսկ ձեռքբերվող համաձայնությունների իրականացումը «երաշխավորվի ամերիկյան բիզնեսի և ամերիկյան օգուտի շնորհիվ»:
Հրապարակման հեղինակ Օլեսյա Վարդանյանը «Ազատության» հետ զրւյցում պարզաբանել է՝ առաջարկն արտացոլում է Թրամփի վարչակազմի տրամաբանությունը.
«Դա ենթադրում է, որ եթե կան նախաձեռնություններ, եթե դրանք առաջարկվում են, ի թիվս այլ բաների պետք է ենթադրեն ամերիկյան բիզնեսի, ամերիկյան կապիտալի մասնակցություն: Դրա օրինակը կա մեզնից ոչ հեռու՝ Ուկրաինայում. նույնիսկ ամբողջական համաձայնագիր կնքվեց հազվագյուտ մետաղների վերաբերյալ»։
Վարդանյանի խոսքով՝ առաջարկը կողմերին է ներկայացվել մայիս ամսին Երևան և Բաքու այցելած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի միջոցով։ Ասում է՝ այն դեռ քննարկման փուլում է, կան առաջ շարժվելու «զանազան տարբերակներ»։
«Քարնեգի»-ի վերլուծաբանի հետ զրույցում ԱՄՆ պաշտոնյաներից մեկն ասել է, որ ծրագիրը կհաջողի և հավելել.
«Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար»։
Ի՞նչ լիազորություններ է ունենալու ամերիկյան ընկերությունը, ի՞նչ գործառույթներ է իրականացնելու, երթուղու կառավարում է իրականացնելու միայն ՀՀ-ի, թե՞ նաև Ադրբեջանի տարածքում։ Այս հարցերի պատասխանները դեռևս անհայտ են։
Երևանն ուզում է հասնել «տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող» արդյունքների
Արձագանքելով «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանը՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Հիշեցրել է հայկական կողմի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և հավելել, որ այն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից:
«Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար»,- նշել է նա՝ առանց փակագծեր բացելու։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում միջազգային տարբեր գործընկերներ․
«Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»։
Էրդողանը խոսել է Երևանի «ճկուն մոտեցման» մասին, ՀՀ-ն արձագանքել է
«Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ առանց մանրամասներ հայտնելու։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը պնդել է՝ «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին։
«Մենք այս գիծը դիտարկում ենք որպես աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս»,- նկատել է Էրդողանը։
Նրա հայտարարությունը մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ու շեշտել՝ Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմամբ և տնտեսական զարգացմամբ։
Նրա փոխանցմամբ՝ այդ ըմբռնումով է ՀՀ-ն հանդես եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Կարծում է՝ դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար․
«Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն»։
Արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են։
Փաշինյանն ակնկալում է Թրամփի առաջնորդությունը
Հայաստանի վարչապետն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բարձր է գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Թրամփի տեսլականը․
«Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում»։
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել էր ՀՀ կառավարության անսասան հավատարմությունը՝
- «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղության օրակարգին,
- «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ ապաշրջափակման թեման Վաշինգտոնի համար առաջնահերթություն էր նաև Բայդենի վարչակազմի օրոք։
«2024 թ․-ի ամռանից սկսած կային հրապարակային տեղեկություններ այն մասին, որ քննարկվում է մասնավոր ընկերության միջոցով վերահսկողություն իրականացնելու, այդ ճանապարհով տարանցումը ֆասիլիտացնելու տարբերակը»,- Civilnet-ի եթերում հիշեցրել է նա։
Ասում է՝ նախկինում քննարկվում էր գործընթացում շվեյցարական ընկերություն ներգրավելու տարբերակը, որը Բաքուն մերժեց․
«Այս փուլում քննարկվում է հենց ամերիկյան կամ հայ-ամերիկյան ընդհանուր ընկերության կողմից վերահսկողության իրականացումը։ Հայկական կողմի մասնակցությունն այս նախագծին կարծես թե հենց ՀՀ առաջարկն է։ Այն նպատակ է հետապնդում, առաջին հերթին, խուսափել Իրանի կողմից տարբեր արձագանքներից»։
Կարևոր է համարում, մասնավորապես՝ դետալները հասկանալը։ Ասում է՝ անկախ նրանից, որ բոլորը ֆորմալ առումով կընդունեն Հայաստանի ինքնիշխանությունը, ՀՀ-ն կարող է կորցնել «իրական վերահսկողությունն» այդ ճանապարհի նկատմամբ։
«Շատ տեղեկություններ չունենք, բայց եթե ՀՀ-ն մի շարք լիազորություններ զիջում է այդ ընկերությանը, սա փաստացիորեն ունենալու է միջանցքային տրամաբանություն»,- նկատում է նա և հավելում՝ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանն այդ մասին ակնարկել էր։
Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, իսկ «Խաղաղության խաչմերուկը» իրականություն է դառնալու:
«Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության [ներքո], իրենցն էլ՝ իրենց … և պարզեցումներ պետք է լինեն, և էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատև լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն՝ շահագրռվածություն պետք է ունենանք և կունենանք»,- ընդգծել էր Հայաստանի վարչապետը։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ պարզ չէ՝ արդյո՞ք Թեհրանը պատրաստ է լինելու հանդուրժել ամերիկյան մասնավոր ընկերության ներկայությունն այդ ճանապարհին։ Իրանական կողմը բազմիցս է հայտարարել՝ անընդունելի է համարում «Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն»։
Կարծում է՝ դժգոհելու է նաև Մոսկվան, որը շարունակում է հղում անել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին ու պնդում, թե դրանք դեռևս ակտուալ են։
«Լեռնային Ղարաբաղից դուրս գալուց հետո Ռուսաստանն այս հարցը [հաղորդակցությունների բացման] դիտարկում է որպես ՀՀ և Ադրբեջանի նկատմամբ ազդեցություն ու լծակներ պահպանելու եզակի հարցերից մեկը»,- պարզաբանել է նա։
Քաղաքագետի փոխանցմամբ՝ Բաքուն մինչ օրս դրական պատասխան չի տվել ամերիկյան առաջարկին։
Ասում է՝ եթե ԱՄԷ-ում տեղի ունենա երկու երկրների ղեկավարների հանդիպում, ամենայն հավանականությամբ, շեշտը դրված կլինի հենց ապաշրջափակման թեմայի վրա։ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը կփորձի հասնել նաև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման։
«Որևէ նախանշան չեմ տեսնում, որ Բաքուն հրաժարվելու է, օրինակ՝ Սահմանադրության փոփոխության նախապայմանից։ Պայմանագրի օրակարգով լուծումներ, փոխզիջումներ ակնկալել պետք չէ»,- ամփոփել է փորձագետը։
Լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ կարևոր չէ՝ միջա՞նք, ճանապա՞րհ, թե՞՝ անցում կանվանեն ապաշրջափակվելիք ճանապարհները.
«Կարևորը հետևյալն է՝ ո՞վ է վերահսկելու Ադրբեջանից դեպի Նախիջևան և Թուրքիա տանող, Արաքսի երկայնքով, Մեղրիի շրջանում, ՀՀ սուվերեն տարածքում կառուցվելիք երկաթուղագիծն ու ավտոմոբիլային մայրուղին»։
Շեշտում է՝ Հայաստանը բազմիցս հրապարակավ և ոչ հրապարակավ ընդգծել է, որ Մեղրիի միջանցքը կարմիր գիծ է։
Հավելում է՝ այժմ ՀՀ-ն նախնական համաձայնություն է տվել, որ Արաքսի երկայնքով ձգվող մոտ 45 կիլոմետր երկարությամբ հաղորդակցության ուղիները և այլ ենթակառուցվածքներ դրվեն ամերիկյան, ավելի ճիշտ՝ ամերիկահայկական կազմակերպության կառավարման տակ:
«Մեղրիի հաղորդակցությունների կառավարումը ամերիկահայկական կազմակերպությանը հանձնելու Վաշինգտոնի առաջարկը հավասարազոր է այն հանձնել ամերիկյան կողմին: Հայկական վերջավորությունը [ամերիկահայկական] դրվել է ռուսական և թուլացած իրանական կողմի զայրույթը մեղմելու ակնկալիքով»,- նկատում է Հակոբյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ Երևանը սկզբունքորեն դեմ չէ Վաշինգտոնի առաջարկին, Բաքուն դեռ չունի վերջնական որոշում։ Հակոբյանը նույնպես կարծում է՝ կարևոր նշանակություն է ունենալու ԱՄԷ-ում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպումը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն ու Թրամփի ապաշրջափակման առաջարկը