«Թրամփի վարչակազմը ռադարի տակ է պահում Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»․ կարծիք
ՀՀ-ն կմիանա՞ Աբրահամի համաձայնագրերին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ամերիկյան Breitbart կայքին տված հարցազրույցում խոսել է մի շարք երկրների՝ «Աբրահամի համաձայնագրերին» միանալու մասին:
«Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնք շատ-շատ մոտ են հակամարտության վերջնական կարգավորմանը: Կարծում եմ՝ հնարավոր է, որ երկուսն էլ ցանկություն հայտնեն միանալ «Աբրահամի համաձայնագրերին»: Սա մի մեծ նախաձեռնություն է նախագահի համար, և նա հավատում է դրան»,- հայտարարել է Ուիթքոֆը։
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է հայտարարությանը։ Նշել է՝ ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ։
«Ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- շեշտել է խոսնակը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ չնայած առկա ռիսկերին, կան նաև հնարավորություններ։ Մասնավորապես՝ կարող է մեծանալ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով ԱՄՆ հետաքրքրվածությունը։ Civilnet-ի եթերում Գրիգորյանն ակնարկել է՝ Ուկրաինայում և Գազայում հրադադարի հասնելու անհաջող փորձերի ֆոնին Վաշինգտոնը կարող է պայմանագրի ստորագրումը դիտարկել որպես «շատ հեշտ արտաքին քաղաքական հաջողություն»։
«Նոր վարչակազմը ռադարի տակ պահում է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ Նպաստելով դրա ամբողջականացմանը՝ կարող է հեշտ արտաքին քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել։ Սա կարելի է դրական հանգամանք համարել»,- նկատել է քաղաքագետը։
- «Հայաստանը չպետք է վախենա»․ կարծիք Թրամփ-Պուտին հնարավոր գործարքի մասին
- «Թրամփի վարչակազմի համար հայ գերիների ազատ արձակումն առաջնահերթություն է»․ Ջարեդ Գենսեր
- Թրամփի ուշադրությունը կշեղվի՞ Ուկրաինայից դեպի Կովկաս․ կարծիք Երևանից
- «Ժառանգություն Թրամփի վարչակազմին»․ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատում
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է՝ «Աբրահամի համաձայնագրերը» Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին են։ Դրանք ստորագրվել են 2020 թ․ սեպտեմբերին Իսրայելի և ԱՄԷ-ի, Իսրայելի և Բահրեյնի միջև՝ ԱՄՆ միջնորդությամբ։ Հիմնական նպատակը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելն է։ Նրա փոխանցմամբ՝ այդ համաձայնագրերի ստորագրումը համարվում է Թրամփի նախագահության առաջին շրջանի գլխավոր արտաքին քաղաքական հաջողություններից մեկը։
«Դրանցով հնարավորություն էր ստեղծվել պաշտոնական տնտեսական փոխգործակցության համար։ Այդ երկրների միջև միգուցե կային ոչ պաշտոնական առևտրային կապեր, բայց համաձայնագրերը նոր դուռ են բացել այդպիսի համագործակցություններ հաստատելու համար։ Հետագայում այլ երկրներ ևս միացել են, մասնավորապես՝ Մարոկկոն, Սուդանը»,- մանրամասնել է նա։
Ասում է՝ արաբա-իսրայելական հարաբերությունները լրջորեն խաթարվել են Գազայում ընթացող պատերազմի պատճառով, սակայն մինչ այդ էլ համաձայնագրերը լուրջ հաջողություններ չեն գրանցել։
Մասնավորապես՝ փորձ է արվել ստեղծել հիմնադրամ, հավաքագրել 3 մլրդ դոլար միջոցներ և իրականացնել ներդրումային ծրագրեր։ Սակայն այդ փորձը հաջողության չի հասել։ Գրիգորյանի խոսքով՝ ԱՄԷ-ում Իսրայելի կողմից ինչ-որ ներդրումային ծրագրեր իրականացվել են, բայց խոսքը շատ փոքր ծավալների մասին է։
Ըստ նրա՝ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր Ադրբեջանը ջանքեր է գործադրում այս համաձայնագրերի մաս դառնալու համար․
«Իսրայելի հետ սերտ հարաբերություններն օգտագործելով՝ փորձում էին նոր վարչակազմի հետ կապ հաստատել և Բաքվին դարձնել այդ համաձայնագրերի մաս։ Խոսում էին նաև եռակողմ՝ ԱՄՆ-Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունների մասին»։
Փորձագետի խոսքով՝ Ուիթքոֆի հայտարարության մեջ նորությունն այն է, որ խոսվում է նաև Հայաստանի՝ համաձայնագրերին միանալու մասին։ Ընդ որում, Երևանի և Բաքվի՝ «Աբրահամի համաձայնագրերին» միանալու հարցը կապվում է խաղաղության գործընթացի հետ․
«Եթե տրամաբանությունը Իսրայելին իսլամական կամ արաբական աշխարհի հետ հաշտեցնելն է, ապա Ադրբեջանն արդեն հրաշալի, կարելի է ասել՝ ռազմավարական բնույթի հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Մեր պարագայում, այո, կան խնդիրներ Իսրայելի և ՀՀ միջև։ Բայց չեմ հասկանում՝ ինչու է պետք հայ-ադրբեջանական կարգավորումը կապել ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետ»։
Քաղաքագետը չի բացառում, որ համաձայնագրերին միանալու պարագայում Բաքուն կփորձի «վաճառել» Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ դրա դիմաց ստանալով «դիվիդենտներ»։
«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե պայմանագիրը ավելի շատ պետք է ՀՀ-ին։ Դրա համար իրենց պետք է ինչ-որ հավելյալ արժեք տալ, որպեսզի գնան, ստորագրեն այն։ Խոսում են խաղաղության դիվիդենտի մասին։ Փորձում են եվրոպացիների, ամերիկացիների հետ խոսակցություններում ասել՝ այո, կստորագրենք, բայց դուք պետք է ինչ-որ ներդրումներ անեք, աջակցեք մեզ վերականգնողական աշխատանքներում [ԼՂ-ում]»,- նշել է նա։
Գրիգորյանը նկատում է՝ Ուիթքոֆը Թրամփի հատուկ բանագնացն է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման, այնպես էլ մերձավորարևելյան հարցերում։ Նրա փոխանցմամբ՝ մինչ օրս բանագնացը միայն մեկ հաջողություն է գրանցել՝ նախքան Թրամփի երդմնակալությունը կարողացել է բանակցել և ապահովել «Համաս»-ի կողմից պահվող ամերիկացի գերիների վերադարձը։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին, ըստ Գրիգորյանի, հատուկ բանագնացն այս հարցում մակերեսային մոտեցումներ ունի։ Նույնիսկ կրկնել է ռուսական քարոզչական թեզեր։ Վստահ է՝ պատճառն այն է, որ Ուիթքոֆը չունի դիվանագիտական անցյալ, պետական կառավարման համակարգ է եկել անշարժ գույքի ոլորտից։
Ասում է՝ Ուիթքոֆը Թրամփի «գործարքային» արտաքին քաղաքականության մարմնավորումն է, ինչը կարող է խնդիրներ ստեղծել Երևանի համար, եթե համաձայնագրերին միանալու հնարավորության հարցով բանագնացը լինի հենց նա․
«Այդ պարագայում բացակայելու է ինստիտուցիոնալ հիշողությունը, որն առկա է Պետդեպի պարագայում։ Ալիևի համար շատ ավելի հեշտ է լինելու ինչ-որ բաներում համոզել Թրամփին, քան Փաշինյանի համար։ Ալիևն ու Ուիթքոֆը ավելի հեշտ են ընդհանուր լեզու գտնելու»։
Ընդգծում է՝ կան վերոնշյալ ռիսկերը, սակայն պետք է օգտագործել ստեղծված հնարավորությունն ու ԱՄՆ-ին «պոզիտիվ դեր» վերապահել հայ-ադրբեջանական գործընթացում։ Քաղաքագետի համոզմամբ՝ դա առնվազն թույլ կտա խուսափել էսկալացիաներից։
«Եթե Թրամփը կրկին ներգրավվի գործընթացում, Ադրբեջանի կողմից նոր էսկալացիան չի ողջունվելու ԱՄՆ-ի կողմից»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ն կմիանա՞ Աբրահամի համաձայնագրերին