«Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ն դեռ շատ անելիք ունի»․ TI-ի զեկույցը
ՀՀ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024 թ․-ին
Կոռուպցիայի մակարդակն աշխարհում 2024 թ․-ին անհանգստացնող բարձր է եղել։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ կոռուպցիայի ընկալման համաթվի միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր: 0-ն բացարձակապես կոռումպացվածն է, 100-ը՝ բացարձակապես մաքուրը։ Կառույցի փոխանցմամբ՝ դա ընդգծում է կոռուպցիայի դեմ «հրատապ գործողությունների անհրաժեշտությունը»։
Ինչպես 2023 թ․-ին, այնպես էլ 2024 թ․-ին Հայաստանի համաթիվը եղել է 47։ Կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ «մտահոգիչ ազդանշան է»։ Շեշտում է՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեջ ՀՀ-ն նույնիսկ միջին հորիզոնականներում չէ։
«Սա նշանակում է, որ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, առավել ևս, որ մեր երկիրը ձգտում է դեպի Եվրոպա՝ նպատակ ունենալով հետագայում դառնալ Եվրամիության անդամ»,- ընդգծում է Հոկտանյանը։
- ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց կմեկնարկի․ ԱԺ-ն կողմ քվեարկեց
- ՀՀ-Վրաստան ապրանքաշրջանառությունը 2024 թ.-ին․ նկատելի անկում՝ լավատեսության ֆոնին
- «ՀՀ-ն պետք է ընտրի՝ լինել առաջատա՞ր, թե՞ արձագանքողի դերում»․ ՏՏ ոլորտի մասնագետ
Հայաստանում կա՞ համակարգային կոռուպցիա
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է իրականացնել խորը և մանրազնին ուսումնասիրություններ։
«Հայաստանում բոլորն ընդունում են, որ կա որոշ ծավալի կոռուպցիա։ Համակարգային կոռուպցիան միանշանակ ամենավատ տարբերակն է, իսկ թե կա՞ նման բան Հայաստանում, պետք է անցկացնել լուրջ հետազոտություններ։ […] Մեծ ռիսկերի հավանականությունը պահպանվում է, իհարկե, ոչ այնքան, որքան առաջ էր»,- նշել է նա։
Հոկտանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնասիրություններ՝ ապացուցելու համար, որ երկրում համակարգային կոռուպցիա չկա։ Ըստ նրա՝ դա թույլ կտա ունենալ ավելի ամբողջական պատկեր և գնահատել պետության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ քայլերը։
«Պետք չէ խանդավառվել վերջին տարիների դրական դինամիկայից»
Փորձագետը կարծում է՝ առաջին հերթին, պետք է շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել ընդունված և ընդունվող ռազմավարություններին, որպեսզի դրանք «չմնան թղթի վրա»։
«Վերջին տարիների որոշակի դրական դինամիկայից խանդավառվելը դեռ քիչ է։ Պետք է հասկանալ, թե կոնկրետ միջոցառումների կատարումն ինչ ազդեցություն է ունենում բնակչության ընկալումների վրա»,- նկատում է նա։
Վարուժան Հոկտանյանը հիշեցնում է՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին կոռուպցիայի ընկալման համաթվի դինամիկայի առումով ՀՀ-ն գրանցել էր ռեկորդային ցուցանիշներ։
«Հետո, դժբախտաբար, մենք հայտնվեցինք լճացման փուլում, ուստի պետք է արվեն լուրջ քայլեր, լինի համակարգային վերանայում, որպեսզի տվյալ երևույթից կարողանանք ձերբազատվել»,- ասել է նա և հավելել, որ եթե առաջընթաց չլինի, հետագայում կկանգնենք հավելյալ խնդիրների առջև։
Հարևան երկրներից ՀՀ-ն միայն Վրաստանին է զիջում
Ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի դասակարգվել են 180 երկիր և տարածք։ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ։ Հարկ է ընդգծել, որ համաթիվն արտահայտում է ոչ թե հանրության, այլ փորձագետների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքը։
Չորս անմիջական հարևաններից միայն Վրաստանն ունի ավելի բարձր համաթիվ՝ 53 միավոր։ Թուրքիայի համաթիվը 34 է, Իրանինը՝ 23, Ադրբեջանինը՝ 22։
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շարքում նույնպես ՀՀ-ն առաջատար է։ Պատկերը հետևյալն է՝
- Ռուսաստան— 22,
- Բելառուս- 33,
- Ղազախստան- 40,
- Ղրղզստան- 25։
Ինչպե՞ս է որոշվում երկրի կոռուպցիայի ընկալման համաթիվը
Կոռուպցիայի ընկալման համաթիվը հրապարակվում է սկսած 1995 թվականից։ Այն հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ առաջատար ցուցիչ է։
Յուրաքանչյուր երկրի համաթվի որոշման համար համադրվում են 13 տարբեր աղբյուրների տվյալներ։
Դրանց թվում են Համաշխարհային բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Համաթիվը որոշվում է ըստ բոլոր աղբյուրների կողմից երկրին տրված միավորների միջինացված արդյունքի։
Օրինակ՝ 2024 թ․-ի համար Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը որոշելիս հաշվի են առնվել՝
- Բերթելսման հիմնադրամի 2024 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, 2023 թ․-ին՝ 49),
- Freedom House-ի «Անցումային փուլում գտնվող պետություններ» 2024 թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, 2023 թ․-ին՝ 44),
- Global Insight-ի Երկրի ռիսկայնության 2024 թ. վարկանիշը (46 միավոր, 2023 թ․-ին՝ 47),
- Political Risk Services International-ի Երկրի ռիսկայնության 2024 թ. ուղեցույցը (33 միավոր, 2023 թ․-ին՝ 32),
- Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2024 թ․-ի հրապարակումը (50 միավոր, 2023 թ․-ին՝ 55)
- Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2024 թ. հրապարակումը (56 միավոր, 2023 թ․-ին՝ 54):
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2024 թ․-ին