ՀՀ՝ ԵՄ անդամակցության հարցը կդրվի՞ հանրաքվեի․ արևմտամետ ուժերը դիմել են ԿԸՀ
ՀՀ եվրաինտեգրման հարցը կդրվի՞ հանրաքվեի
Հայաստանի մի շարք արտախորհրդարանական ուժեր, որոնք կողմ են երկրի եվրաինտեգրմանը, նախօրեին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի ստանան Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար ստորագրահավաք իրականացնելու թույլտվություն: ԿԸՀ-ն որոշում կայացնելու համար ունի տասը օր։
Հաստատումից հետո թաղապետարանների և համայնքապետարանների շենքերում պետք է բացվեն ստորագրահավաքի կետեր: Նախաձեռնող խումբը պետք է հավաքի 50 հազար ստորագրություն՝ իր հեղինակած օրինագիծը Ազգային ժողով ներկայացնելու համար։ Սահմանադրության համաձայն՝ եվրոպամետ ուժերն ունենալու են ընդամենը 60 օր ժամանակ անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու համար։
Մի քանի ամիս է, ինչ երկրում ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։ Հունիսի վերջին նույնիսկ խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Իշխող ուժը, սակայն, այդ քննարկումները վաղաժամ է համարում և շեշտում՝ «հանրաքվեն անդամակցության գործընթացի վերջին փուլն է», իսկ ՀՀ-ն Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ դեռևս չի ներկայացրել։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի խոսքով՝ եթե դասական մոտեցմամբ կողմնորոշվենք՝ հանրաքվեն իսկապես պետք է կայանա ամենավերջին փուլում։ Օրինակ է բերում Մոլդովան, որն ունի թեկնածու երկրի կարգավիճակ և այժմ պետք է անցկացնի հանրաքվե և պարզի՝ ամբողջ ժողովուրդը կողմնակի՞ց է եվրաինտեգրմանը, թե՞՝ ոչ։
«Պատրաստ ենք հավաքել նաև 300 հազար ստորագրություն»
Նախաձեռնող խմբի համոզմամբ՝ «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագծի ներկայացումը ԱԺ պետք է դիտարկել որպես «քաղաքացիների կամարտահայտություն»։ Բացի այդ, նկատում են՝ եթե կառավարությունն իսկապես պատրաստ է միանալ Եվրոպային, իրենց նախաձեռնությունը միայն ու միայն կօգնի գործընթացին։
«Եթե չեն ցանկանա դա, կամ եթե դա կեղծավորություն է, ուրեմն՝ մենք ցույց ենք տալիս, որ ժողովուրդը ավելի առաջադեմ է, քան իշխանությունը»,- ասում է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը:
Օրինագծի բովանդակությունը դեռևս հայտնի չէ, այն չի հրապարակվել։
Խզմալյանի խոսքով՝ իրենց առաջ քաշած օրակարգից չեն հրաժարվելու նույնիսկ այն պարագայում, եթե 50 հազար ստորագրություն հավաքվի, օրինագիծը մտնի խորհրդարան, բայց իշխող մեծամասնությունը դեմ քվեարկի դրան․
«Մենք պատրաստ ենք գնալ երկրորդ փուլի և հավաքել 300 հազար, որը դարձնելու է հանրաքվեն պարտադիր՝ ըստ օրենքի»։
Օրենսդիրների մերժման պարագայում օրինագիծը հանրաքվեի դնելու համար պետք կլինի 300 հազար ստորագրություն։ Արևմտամետ ուժերը դրանք պետք է հավաքեն նույն ժամկետում՝ 60 օրվա ընթացքում։
«Հիմա չէ հանրաքվե անցկացնելու ժամանակը»
«Ինչպես տեսնում եք՝ եվրաինտեգրման գործընթացն ամբողջ թափով առաջ է գնում, ինչ-որ փուլում, բնականաբար, հանրաքվեի հերթն էլ է հասնելու, բայց հիմա այդ փուլը չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Իշխող մեծամասնության պատգամավորը նկատել է՝ հանրաքվեն անդամակցության գործընթացում վերջին փուլն է՝ ակնարկելով, որ այժմ այդ մասին խոսակցությունները վաղաժամ են։
«Հայաստանի կառավարությունն առաջիկա առնվազն կես տարում Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի»,- ասել է Եղոյանը։
Նրա խոսքով՝ անդամակցության հարցը ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ լուծվող հարց է, և ՀՀ կառավարությունը «ցանկացած պահի էլ կարող է նման հայտ ուղարկել Եվրամիություն»։
ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել ՀՀ-ին․ Փաշինյանի հարցադրումը
Դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարել էր, որ «Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։
2024 թ․-ի հուլիսին՝ Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի ընթացքում նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի համար նախ պետք է քարոզարշավ անել, որի ժամանակ էլ քաղաքացիները հարցնելու են ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ինչքա՞ն ժամանակում, ի՞նչ քայլերով, Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։
«Ասելու են՝ դուք հայտարարեցիք, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունն է պատրաստ։ Հիմա հարց՝ Եվրամիությունն ինչքանո՞վ է պատրաստ: Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր: Ո՛չ, չեմ կարող տալ»,- շեշտել է Փաշինյանը։
Մեկնաբանություն
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի խոսքով՝ Հայաստանը «գնացքից հետ է ընկել»։
«Ի տարբերություն մյուս բոլոր երկրների, որոնք ունեն ԵՄ հետ ինտեգրացիայի նկրտումներ։ Դա Արևմտյան Բալկանների մի քանի երկրներ են, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, միայն մենք ենք, որ թեկնածության կարգավիճակ չունենք»։
Factor TV-ի եթերում նա համաձայնել է իշխող ուժի այն տեսակետի հետ, որ հանրաքվեն պետք է իրականացվի անդամակցության վերջին փուլում։ Այս պահին ՀՀ-ում այդ հարցով հանրաքվեի անցկացումը ռիսկային է համարել։
«Եթե հանրաքվե եք անում, դրան պետք է տարիներով նախապատրաստվել։ Անկեղծ ասած, ես կուզենայի կիսել մեր քաղաքական ուժերի վստահությունը, որ իրոք մեր բնակչության մեծ մասը կողմ կքվեարկի։ Ես չունեմ այդ վստահությունը»,- նկատել է նա։
Փորձագետի դիտարկմամբ՝ կան արդեն իսկ թեկնածու երկրներ, որոնք «հուսախաբության եզրին են», քանի որ նրանց անդամակցությունը պարբերաբար խոչընդոտում են ԵՄ անդամ մեկ-երկու երկրներ, ըստ այդմ՝ փոխվում են նաև հանրային տրամադրությունները։
«Լայն աջակցությունը ԵՄ-ին անդամակցելու հարցում նվազել է, օրինակ՝ Հյուսիսային Մակեդոնիայում։ Այդ երկրի առաջ անընդհատ նախապայմաններ են դնում։ Նախ՝ Հունաստանը, հիմա՝ Բուլղարիան։ Դրանք վերաբերում են երկրի անունը փոխելուն, սահմանադրությունը փոխելուն, ինքնության հետ կապված հարցեր են առաջանում»,- պարզաբանել է Թաթիկյանը։
Ասում է՝ նույնիսկ հանրաքվեից հետո հնարավոր է՝ ստեղծվի իրավիճակ, որ ՀՀ-ին տարիներով չհաջողվի ստանալ թեկնածուի կարգավիճակ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ եվրաինտեգրման հարցը կդրվի՞ հանրաքվեի