«Անկախ մամուլը չի կարող գոյատևել առանց «Վրացական երազանք»-ի վրա միջազգային ճնշման»․ ՀԿ-ներ
ՀԿ-ները՝ ի պաշտպանություն Վրաստանում անկախ լրագրության
23 միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են մամուլի ազատության և լրագրողների իրավունքների հարցերով, համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ միջազգային հանրությանը կոչ անելով ուժեղացնել ճնշումները Վրաստանի կառավարության վրա։
Կազմակերպությունները մատնանշել են այն սուր սպառնալիքի մասին, որի հետ կարող են բախվել վրացական ԶԼՄ-ները բռնաճնշող օրենքների և փոփոխությունների պատճառով։ Բացի այդ, հայտարարությունում ամփոփված են այն բոլոր ճնշող գործողությունները, որոնց օգնությամբ «Վրացական երազանք»-ի ռեժիմը փորձում է լռեցնել Վրաստանի անկախ լրատվամիջոցներն ու լրագրողներին։
Հայտարարության հեղինակների կարծիքով՝ անկախ լրագրությունը Վրաստանում չի կարող գոյատևել առանց ռեժիմի վրա մշտական միջազգային ճնշման։ Կազմակերպությունները «Վրացական երազանք»-ին կոչ են արել դադարեցնել հարձակումները լրատվամիջոցների վրա, չեղարկել բռնաճնշող օրենքներն ու անմիջապես ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին։
Ի՞նչ է ասվում հայտարարությունում
«Վրաստանի կառավարության` ավտորիտար իշխանությունն ամրապնդելու ուժեղացող փորձերի ֆոնին անկախ ԶԼՄ-ները հայտնվել են աննախադեպ ճնշման տակ և այժմ գտնվում են գոյատևման եզրին։ Լրագրողները գնալով ավելի հաճախ են ենթարկվում ձերբակալությունների, ֆիզիկական հարձակումների, կամայական տուգանքների, գրաքննության, ինչպես նաև ֆինանսական և ինստիտուցիոնալ ճնշումների։
IPI-ն [Մամուլի միջազգային ինստիտուտ] միանում է մամուլի ազատության, լրագրության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ կրկին դիմելով միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրամիությանը, կոչ անելով արդյունավետ ճնշում գործադրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության վրա՝ վերջ դնելու անկախ լրագրության հետապնդմանը, պաշտպանելու ժողովրդավարական սկզբունքներն ու մամուլի ազատությունը։ Կրկին մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում վրացի լրագրողներին, որոնք հրաժարվում են լռություն պահպանել՝ չնայած ճնշումների աճին։
Վերջին ամիսներին «Վրացական երազանք»-ն ընդունել է մի քանի բռնաճնշող իրավական ակտեր, այդ թվում՝ օտարերկրյա գործակալների գրանցման նոր օրենքը, ինչպես նաև դրամաշնորհների և հեռարձակման մասին օրենքների փոփոխությունները։
ԶԼՄ-ներն ու քաղհասարակության առաջնորդները ենթարկվում են քրեական հետապնդման վտանգի, եթե պետությունը պնդում է, որ նրանք գործում են «օտար տերերի» անունից։ Ավելին, ՀԿ-ներն ու ԶԼՄ-ները պարտավոր են ստանալ «Վրաստանի կառավարության կամ կառավարության կողմից լիազորված անձի/մարմնի համաձայնությունը»՝ նախքան Վրաստանից դուրս որևէ դրամաշնորհ ստանալը։ Ակնկալվում է, որ նույնիսկ միջազգային կազմակերպության կողմից լրագրողներին անվճար ուսուցման տրամադրումը կհամարվի օրենքի խախտում։
Վրաստանում անկախ ԶԼՄ-ներն ունեն ընդամենը մի քանի ամիս, նախքան ստիպված կլինեն փակվել՝ հանրությանը զրկելով անկախ տեղեկատվությունից։
Օգտվելով «Հեռարձակման մասին» օրենքի նոր փոփոխություններից՝ իշխանությունները արդեն Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողով (GNCC) են ներկայացրել բողոքներ ընդդեմ Ֆորմուլա և Պիրվելի հեռուստաընկերությունների։
Բողոքները ներկայացվել են հեռուստաընկերությունների կողմից օգտագործված տերմինների պատճառով, ներառյալ՝ «ապօրինի խորհրդարան», «ապօրինի կառավարություն», «օլիգարխական ռեժիմ» և «ռեժիմի բանտարկյալներ»։ Ֆորմուլա և Պիրվելի հեռուստաընկերություններն այժմ բախվում են հնարավոր պատժամիջոցների, բովանդակությունը ուղղելու պահանջների, տուգանքների և նույնիսկ հեռոարձակման լիցենզիաների չեղարկման վտանգի հետ։ Սա «Վրացական երազանք» կուսակցության կողմից խիստ գրաքննություն մտցնելու և անկախ ԶԼՄ-ներին լռեցնելու բացահայտ փորձ է։
Բացի այդ, վերջին ամիսներին բողոքի ակցիաներ լուսաբանող լրագրողները ենթարկվել են մեծ տուգանքների։ Ըստ Media Freedom Map-ի տվյալների՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից 28 լրագրող տուգանվել է 5000 լարիով (մոտ 1600 եվրո) Թբիլիսիում եվրոպամետ հանրահավաքները լուսաբանելիս «ճանապարհ փակելու» համար։ Որոշ լրագրողներ տուգանվել են մի քանի անգամ ավելի։
Վրաստանի հանրային հեռարձակողը երկար ժամանակ ծառայել է որպես «Վրացական երազանք»-ի գործիք՝ խոչընդոտելով առանց քաղաքական վերահսկողության աշխատելու լրագրողների փորձերին։ Վերջերս հանրային հեռարձակողի ղեկավարությունն աշխատանքից ազատել է լրագրողներ Վասիլ Իվանե Չիկովանիին և Նինո Զաուտաշվիլիին՝ այն բանից հետո, երբ նրանք հանդես են եկել հեռարձակողի գործունեության քաղաքական միջամտության դեմ, ապա փակել է Զաուտաշվիլիի «Իրական տիեզերք» թոք-շոուն։
Այդ ընթացքում փորձառու վրացի լրագրող, երկրի ամենահայտնի երկու անկախ լրատվական կազմակերպությունների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին անարդարացի կերպով պահվում է կալանքի տակ՝ հունվարի սկզբին ձերբակալվելուց ի վեր։
Media Freedom Map-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ից տարբեր մեղադրանքներով ձերբակալվել և կալանավորվել է առնվազն 13 լրագրող։ Մինչ օրս 246 լրագրող ենթարկվել է հարձակումների, այդ թվում՝ ֆիզիկական հետապնդումների, զրպարտության արշավների, մասնագիտական գործունեության միջամտության, իրավական հետապնդման կամ տուգանքների միջոցով։
Մամուլի ազատության դեմ այս գործողությունները տեղի են ունենում օրենքի գերակայության և ժողովրդավարական ազատությունների արագընթաց ու համակարգային խարխլման ֆոնին։
Անկախ լրագրությունը Վրաստանում չի կարող գոյատևել առանց «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների համար պատասխանատու մարմինների ղեկավարների վրա մշտական միջազգային ճնշման։
Վրաստանում մամուլի ազատության, ժողովրդավարական ազատությունների և լրագրողների իրավունքների խարխլումը ավտորիտարիզմի աճի և երկրի աշխարհաքաղաքական կուրսի փոփոխության ֆոնին ունի ավելի լայնամասշտաբ հետևանքներ տարածաշրջանի ժողովրդավարության համար։ Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում արդյունավետ ճնշում գործադրել Վրաստանի վրա և աջակցել երկրի անկախ լրագրությանը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ ենք անում դադարեցնել ԶԼՄ-ների վրա հարձակումները, չեղարկել բռնաճնշող օրենսդրությունն ու անմիջապես ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին»։
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կառույցները՝
- International Press Institute (IPI)
- European Federation of Journalists (EFJ)
- European Centre for Press and Media Freedom (ECPMF)
- Osservatorio Balcani Caucaso Transeuropa
- Index on Censorship
- Organized Crime and Corruption Reporting Project (OCCRP)
- Society of Journalists (Warsaw)
- South East Europe Media Organisation (SEEMO)
- Media Diversity Institute
- Media Diversity Institute Global
- Justice for Journalists Foundation
- RNW Media
- Ossigeno.info
- Reporters Without Borders (RSF)
- IFEX
- Association of European Journalists in Belgium (AEJ Belgium)
- IMS (International Media Support)
- Global Forum for Media Development (GFMD)
- Democracy Reporting International (DRI)
- Institute for Reporters’ Freedom and Safety (IRFS)
- PEN International
- Public Media Alliance (PMA)
- Committee to Protect Journalists (CPJ)
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀԿ-ները՝ ի պաշտպանություն Վրաստանում անկախ լրագրության