Հավատք, կոլտնտեսություն և թթվասեր. թե ինչպես են ռուս մոլոկանները պահպանում նախնիների ավանդույթներն Ադրբեջանում
«Կարող եք մեքենան չկողպել, ոչ ոք չի տանի այն»,— ծիծաղում է կինը՝ ցույց տալով, թե որ տուն գնանք կաթնամթերք գնելու: Նրա հագին երկար կիսաշրջազգեստ է, բաճկոն, իսկ գլխին՝ բաց գույնի գլխաշոր, ինչպես շատ տեղացի կանանց գլխին:
Ադրբեջանական Իվանովկա գյուղում մինչև հիմա դռները չեն կողպում, այստեղ գրեթե հանցավորություն չկա: Բացի այդ, նրանք հայտնի են իրենց կաթնամթերքով՝ թթվասերով, սերուցքով, կաթնաշոռով, պանրով և, իհարկե, «մոլոկանի» թթու դրած հայտնի կաղամբով:
Հիմա Իվանովկայի լավագույն ժամանակները չեն: Դա հասկանալու համար բավական է շրջել փողոցներում: Խանութներից և տներից շատերը, գեղատեսիլ, բայց չխնամված լճակը լքվածության տպավորություն են թողնում:
Փողոցներում հիմնականում տարեցների կարելի է հանդիպել: Երիտասարդությունը ռուսական դեսպանատան օգնությամբ զանգվածաբար մեկնում է Ռուսաստան սովորելու և ապրելու: Մյուսները Բաքու են գնում: Իվանովկայի բնակիչները բարյացակամ և բարեհամբույր են: Շատերն են փողոցում մեզ բարևում, ինչպես հին ծանոթների: Ցանկացած տուն կարող ես մտնել: Ուրախությամբ կշփվեն հետդ, կօգնեն խորհրդով, եթե պետք է: Հարցազրույցի հետ կապված իրավիճակն այլ է. մարդիկ չեն ուզում պատմել խնդիրների մասին տեսախցիկի առջև. վախենում են անախորժություններից, ինչպես իրենք են ասում:
Ավելի քան 200 տարի առաջ մոլոկաններին Ռուսաստանում դասում էին «առանձնապես վնասակար հերետիկոսությունների» շարքին. նրանք հրաժարվում էին ուղղափառություն ընդունել, չէին ընդունում սրբապատկերներն ու խաչերը: Եկատերինա Երկրորդը սկսեց մոլոկաններին Ռուսաստանի կենտրոնից հեռու արտաքսել՝ դեպի հեռավոր գուբերնիաներ: 1834թ-ին դժվարին ուղուց հետո մոլոկանները հիմնվեցին Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանում (որն այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր)՝ անտառածածկ բլուրների վրա:
Նադեժդա Վասիլևնա Ժաբինան պատմության ուսուցչուհի է գյուղական դպրոցում: Նրա երեխաները Ռուսաստան են մեկնել, ինչպես ինքն է ասում, «հանգամանքներն են այդպես դասավորվել»: Սակայն այնուամենայնիվ հաճախ են գալիս և շատ են կարոտում հարազատ գյուղը:
Նադեժդա Ժաբինա
Ովքե՞ր են մոլոկանները
Ինչպես պատմում է Նադեժդա Ժաբինան, մոլոկանները միանգամից ընդհանուր լեզու են գտել ադրբեջանցիների հետ: Տեղացիներին դուր է եկել, որ մոլոկաններն, ինչպես և մուսուլմանները, չեն ճանաչում սրբապատկերներ, չեն խմում և հայհոյանքներ չեն գործածում: Ադրբեջանում Իվանովկայի մոլոկանները հայտնի են նախևառաջ որպես լավ, ազնիվ աշխատողներ:
Տատյանա Կոզորիզն արդեն վաղոց Բաքվում է ապրում: Մենք նրան խնդրեցինք պատմել, թե ինչով է մոլոկանների հավատքը տարբերվում «մնացած» քրիստոնեությունից:
Տատյանա Կոզորիզ
Ինչպե՞ս են Բաքվում արձագանքում, երբ իմանում են, որ Տատյանան Իվանովկայից է:
«Չգիտես ինչու, միանգամից համեղ ուտելիքն են հիշում, — ծիծաղում է նա: — Ամենաառաջին արձագանքը. «Հա, Իվանովկա, այնտեղի թթվասերը, կաթն ու կաթնաշոռը շատ համեղ են»»:
Պետք է նշել, որ Իվանովկայի բնավ ոչ բոլոր բնակիչներն են խստորեն պահպանում կրոնական ավանդույթները: Բացի այդ, նախկինում էթնիկ ռուսները մեծամասնություն էին կազմում, իսկ հիմա՝ գյուղի բնակչության կեսը: Այնպես որ, մոլոկանների համայնքը դանդաղ, բայց սակավաթիվ է դառնում:
Կոլտնտեսություն
Միխայիլ Ժաբինն 82 տարեկան է: Նա մենակ է ապրում այն տանը, որն իր իսկ ձեռքերով է կառուցել։ Կահույքը նույնպես ինքն է պատրաստել: Նա 15 հավ ունի, որոնց համար հորեղբայր Միշան ամեն օր կոմբիկեր է թրջում: Նա սիրում է կատակել, իսկ երիտասարդներին, որոնք չգիտեն, թե ինչ է «թագուջակն» ու «ձիասայլը», ներողամիտ բարեհոգությամբ է վերաբերվում:
Հորեղբայր Միշան ամբողջ կյանքում կոլտնտեսությունում է աշխատել՝ 10 տարեկակնից: Հասել է տրակտորի վարորդի պաշտոնի, ինչով շատ է հպարտանում:
Միխայիլ Ժաբին
Կոլտնտեսության ներկայիս գործերի մասին խոսում է առանց ավելորդ հանդիսավորության. «Գողանում են: Ավելի շատ են գողանում, քան կոլտնտեսությանն ինչ-որ բան են հանձնում»:
Իվանովկայում կոլտնտեսություն է հիմնվել 1936թ-ին: Կոլտնտեսության լեգենդար նախագահ Նիկոլայ Նիկիտինի ղեկավարությամբ։ Նա պաշտոնի անցնելու պահին 27 տարեկան էր։ Կոլտնտեսությունը գյուղին անհավանական շահույթ էր բերում: Գյուղնը մեծանում էր, ճանապարհներն ասֆալտապատում էին, հիվանդանոց և մանկապարտեզ կառուցում: Աշխատակիցներին վճարում էին «աշխօրի»՝ կոպիտ ասած, աշխատանքի քանակի համար: Նախագահը խիստ էր, բայց արդար: Նիկիտինը կոլտնտեսությունը ղեկավարում էր 41 տարի, և այդ ժամանակաշրջանն Իվանովկայում հիացմունքով, երկյուղածությամբ և տխրությամբ են հիշում: Տխրությամբ, քանի որ հիմա կոլտնտեսությունն «էլ այն չէ»:
Իվանովկայի բնակիչները՝ կոլտնտեսության մասին
Գնում ենք այդ լեգենդար կոլտնտեսություն: Կանգ ենք առնում հսկայական դարպասների մոտ: Մեզ դիմավորում է պահակն ու ասում, որ ղեկավարությունը տեղում չէ: Խնդրում է 15 րոպե սպասել, մինչև կզանգի:
5 րոպե անց դուրս է գալիս իր խցից, զարմացած տեսք ունի: Ասում է, որ չի կարելի տեսնել կոլտնտեսությունը: Իրենց մոտ կարանտին է:
Կարանտինի մասին, ըստ ամենայնի, տեղեկություն չուներ ոչ միայն պահակն, այլ նաև կոլտնտեսության աշխատակիցները: Մենք չենք կարողանում ներս մտնել, թույլ չեն տալիս լուսանկարել անգամ այդ պահակակետը: Հասցնում ենք լուսանկարել միայն դրա կողքը կապած շանը:
Թե ինչպես էին ուզում կոլտնտեսությունը գողանալ
«Մենք չենք գողանում, այլ աշխատավարձն ապրանքի տեսքով ենք վերցնում, ինչպես Նիկիտինի ժամանակ»:
Հենց այսպես էին իրենց գործողությունները բացատրում կոլտնտեսության աշխատակիցները նախագահ Նիկոլայ Դուբրովինին: Վերջինս՝ Նիկիտինի եղբորորդին, 2015թ-ին փորձել է բարեփոխումներ անցկացնել, ինչի համար էլ բաքվեցի մի գործարարի օգնությամբ փորձել է պետական աջակցություն ստանալ:
Սակայն արդյունքում ոչ մի բարեփոխումներ էլ չստացվեց անցկացնել, քանի որ դրանց ուժեղ դիմադրում էին ինչպես բնակիչները, որոնք ինչ-որ խարդախություն էին կասկածում («կոլտնտեսությունն իրենց անունով կձևակերպեն, և մեզնից ամեն ինչ կխլեն»), այնպես էլ Իսմայիլլիի շրջանի գործադիր իշխանությունը, որն արդյունքում իր սեփական՝ «կամավոր-պարտադիր» բարեփոխումներն իրականացրեց, և կոլտնտեսությունն անցավ նրա ամբողջական իշխանության տակ:
Բանն այն է, որ Նիկիտինի անվան կոլտնտեսությունն Ադրբեջանում անցկացրած բարեփոխումներից հետո հին ձևաչափն ուներ՝ ըստ նախագահ Հեյդար Ալիևի բանավոր հրահանգի: Ավելի ուշ այն ձևակերպեցին որպես «ընկերակցություն», սակայն կանոնակարգը նախկինը մնաց՝ 1970թ-ի: Կարևոր որոշումները կայացվում էին կոլտնտեսության ընդհանուր ժողովին, այդպես էլ ընտրում էին նախագահին: Գործադիր իշխանության միջամտությունից հետո կոլտնտեսությունում խորհուրդ ձևավորվեց, որը հավատարիմ էր հենց այդ իշխանությանը, իսկ նախագահն ամբողջությամբ կախման մեջ էր խորհրդից:
Այժմ Իսմայիլլիում կարող են չվախենալ, որ ամրապնդված կոլտնտեսությունը «կզբաղեցնի» Իվանովկայի ողջ տնտեսական տարածքը, իսկ նախագահը կկարողանա այդ տարածքը վերահսկել:
Ի՞նչ է լինելու
Չնայած ամայությանն՝ Իվանովկայի փողոցները տարբերվում են Ադրբեջանի մյուս գյուղերի փողոցներից: Օրինակ, անասունները չեն արածում փողոցներում. դրա համար տուգանում են: Այս կարգերը պահպանվել են գյուղի բարգավաճման ժամանակներից: Օդը մաքուր է մնում, թրիքի մեջ ընկնելու հավանականությունն էլ՝ զրոյանում:
Բացի այդ, Իվանովկայում հիացած զբոսաշրջիկներ են պտտվում: Բաքվից, Ադրբեջանի այլ քաղաքներից, արտասահմանցիներ:
«Ռուսաստանից զբոսաշրջիկներ գրեթե չեն գալիս: Նրանց պարզապես չի հետաքրքրում ռուսական գյուղը: Այստեղով հիմնականում հետաքրքրվում են արտասահմանցիներն ու Ադրբեջանի բնակիչները: Գալիս են տեսնելու, հետաքրքրվում են, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում, ինչպիսին են ավանդույթները, պայմանները, կենցաղը»,
— պատմում է «John & Tanya Ivanovka Guesthouse»-ի տեր Սարխան Սադիղովը:
Հյուրատուն բացելու միտքը ծագել է նրա մոր՝ Տանյայի և նրա ամուսին Ջոնի մոտ:
Սարխան Սադիղով
Եվ այնուամենայնիվ, երիտասարդներն այստեղ կարող են ձանձրանալ: Այս մասին ասում են զբոսաշրջիկ տղաները, որոնց հանդիպեցինք փողոցում.
«Մեզ այստեղ շատ է դուր գալիս, հանգիստ է, բայց լավ է մի քանի օրվա համար միայն»:
Այդ մասին է խոսում նաև Տատյանա Կոզորիզը.
«Իմ բոլոր հարազատներն Իվանովկայում են, ես հաճախ եմ երեխայի հետ այնտեղ մեկնում, բայց ինձ դուր է գալիս քաղաքում ապրել»:
Շատ տարիներ են անցել այն պահից, երբ Իվանովկան դադարել է կուշտ, բարգավաճող գյուղ լինել՝ «միլիոնատեր կոլտնտեսությամբ»: Այնուամենայնիվ, այն դեռևս բազմամշակութայնության յուրօրինակ խորհրդանիշ է և բացառիկ բրենդ: Գյուղի հանդեպ վստահության աստիճանն այնքան մեծ է, որ հիմա էլ Իվանովկայից ձեթ գնելիս ցանկացած բաքվեցի վստահ է, որ այն միայն արևածաղկի սերմերից է և ոչ մի հավելում չի պարունակում:
Իսկ թե ինչպես օգտագործել այդ առավելություններն այս բացառիկ վայրի պահպանման և վերածնման համար, կախված է ոչ միայն իշխանություններից, այլ նաև բնակիչներից: