Վրաստանում հաշմանդամություն ունեցող անչափահասները ենթարկվել են սեռական բռնության. «Բաթումելեբի»
Հաշմանդամություն ունեցող երեխաների սեռական բռնություն Վրաստանում
«Բաթումելեբի» պարբերականի տեղեկություններով՝ 7-18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաները ենթարկվել են սեռական բռնության, ինչը նկարահանվել է և տարածվել սոցցանցերի տարբեր խմբերում։ «Հաշմանդամություն ունեցող կանանց դաշինք» հասարակական կազմակերպությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով սկսել հետաքննություն անչափահաս աղջիկների նկատմամբ անպարկեշտ գործողություններ և սեռական բռնության իրականացնելու փաստերի առնչությամբ։
Դաշինքի ղեկավար Դեա Էրեմաշվիլին ասում է, որ իր հետ կապ է հաստատել հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպաններից մեկը՝ ակտիվիստ Տատյա Դատաշվիլին և պատմել, որ փակ չատերում տարածվում են աղջիկների նկատմամբ սեռական բռնություն պատկերող տեսանյութեր։
«Տեսանյութերը շատ են, մոտ 27 հոլովակ ենք ստացել, որտեղ պատկերված են ոչ միայն սեռական բռնություններ, այլև փոքրիկ աղջիկների հետ սեռական ակտեր։ Վերջերս դիտեցի տեսանյութերից մեկը, որտեղ մի աղջիկ պատմում է խմբակային բռնաբարության մասին»,— ասում է Դեա Էրեմաշվիլին։
Իրավապաշտպանների խոսքով՝ տղամարդիկ, ովքեր բռնության են ենթարկել աղջիկներին, նույնպես ունեն հաշմանդամություն, մասնավորապես՝ լսողության հետ կապված խնդիրներ։
«Բաթումելեբի»-ի լրագրողները զրուցել են նաև 17-ամյա մի երիտասարդի հետ, ով Instagram-ում գրել է աղջիկների նկատմամբ բռնության մասին։ Դեռահասը պատմել է, որ նմանատիպ դեպքեր եղել են Բաթումիում, Թբիլիսիում և Քութայիսիում։
«Նրանք 7-8, 10, 11, 12, 13 և 18 տարեկան աղջիկներ են։ Ինչպես ինձ ասացին, դա տեղի է ունեցել Բաթումիում, ինչպես նաև Թբիլիսիում և Քութայիսիում։ Այդ տղամարդիկ աղջիկների համար անծանոթներ չեն, առաջարկում են ճանապարհել, կոնֆետներ են նվիրում, ինչ-որ տեղ հրավիրում, և նրանք վստահում են։
Կան տեսանյութեր, որտեղ նման երկխոսություններ են տեղի ունենում աղջիկների և տղամարդկանց միջև, և կան տեսանյութեր, որտեղ աղջիկներին ուղղակիորեն սեքս են առաջարկում կամ խնդրում են ուղարկել մերկ լուսանկարներ, իսկ հետո այդ նկարները տարածվում են մանկապիղծների շրջանում»,— ասել է դեռահասը։
Նա նշել է, որ տուժողները տեղյակ են եղել տեսանյութերի մասին, թեև նրանցից ոմանք երիտասարդ տարիքի պատճառով չեն գիտակցել կատարվածի էությունը, ոմանք էլ վախից լռել են։
- Հայաստանում գերադասում են լռել երեխայի նկատմամբ սեռական բռնության մասին
- «Վախենում ենք». Ինչպե՞ս է Ադրբեջանն արձագանքում երեխաների նկատմամբ բռնության դեպքերին
Ըստ իրազեկ անձանց՝ տեսահոլովակները նկարահանվել են առնվազն երեք տարի։ Իսկ իրավապաշտպանների տվյալներով՝ սեռական բռնության մեջ ներգրավված է եղել առնվազն 12 տղամարդ, որոնցից երեքն ապրում են Բաթումիում։
«Բաթումելեբին» կապ է հաստատել նաև այն կանանցից մեկի հետ, ում դուստրը 2019 թվականին սեռական բռնության զոհ է դարձել։ Ներկայումս ընտանիքը բնակվում է արտերկրում, սակայն կնոջ խոսքով՝ եթե հետաքննությունը շահագրգռված լինի, ինքը պատրաստ է ցուցմունք տալ այն մարդու մասին, ով շոշափել էր իր ութամյա դստեր սեռական օրգանները։
«Դա 2019 թվականի սեպտեմբերին էր, երբ ես ու աղջիկս գտնվում էինք Բաթումիում վարձակալած բնակարանում։ Մենք այդ մարդուց էինք բնակարան վարձել, և ես նրան ճանաչում էի։ Որքանով ես եմ հասկանում, այդ մարդը երեխաների հետ կապ է հաստատում առցանց եղանակով և նրանց սեքս առաջարկում: Ինձ նաև պատմել են, որ երեխաները լաց են լինում, երբ տեսնում են այդ մարդուն և վախենում են նրանից։ Եթե դատախազությունը հետաքրքրվի, տեղեկություն կտրամադրեմ»,- ասել է մայրը։
Հաշմանդամություն ունեցող երեխաների սեռական բռնություն Վրաստանում