Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է․ ի՞նչ սպասել
Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է
Հայաստանն այսօր հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա։ Այս նպատակով սահմանը բաց կլինի 10 օր։ Արտգործնախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։
Սա, ըստ էության, երկրորդ դեպքն է, երբ փակ սահմանը բացվում է։ 2023 թ․-ի փետրվարին հայկական կողմը նույն անցակետով 100 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժով։
Հայ փորձագետների մի մասը հույս ունի, որ 10 օրով Մարգարայի անցակետի բացումը կարող է դառնալ առաջին քայլ հայ-թուրքական սահմանի բացման ճանապարհին։ Մյուս մասը չի կիսում այդ լավատեսությունը։ Նկատում է՝ գործ ունենք «սահմանափակ գործողության» հետ։
Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների միջև, սակայն, դիվանագիտական հարաբերություններ մինչ օրս չեն հաստատվել: Երկրների միջև ցամաքային սահմանը փակ է 1993 թ.-ից:
Հայ-թուրքական կարգավորման մասին խոսակցություններն ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Թեև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, թուրքական կողմը առիթը բաց չի թողնում հայտարարելու համար, որ Երևանի հետ սկսված բանակցությունների օրակարգը կոորդինացնում է Բաքվի հետ:

- ՀՀ և Թուրքիայի բանագնացները հանդիպեցին սահմանին․ ի՞նչ են պայմանավորվել
- Ինչպե՞ս է Թուրքիան տեսնում հայ-ադրբեջանական հաշտությունը․ Էրդողանի արձագանքը
- Թուրքիան՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների մոդերատորի դերում. ի՞նչ կստացվի
- «Միջանցքի դիմաց ՀՀ-ն կարող է Թուրքիայով ճանապարհ ստանալ դեպի Սև ծով»․ քաղաքագետ
Որոշվել է օգնությունն ուղարկել առավել արագ և նվազ ծախսերով
Նախօրեին ՀՀ կառավարությունն առանց քննարկելու՝ չզեկուցվող հարցերի փաթեթի շրջանակում ընդունեց որոշում Հայաստանի անունից Սիրիա ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները ցամաքային ճանապարհով՝ Թուրքիայի տարածքով տեղափոխելու մասին։
Թե կոնկրետ ինչ ապրանքների և ինչ ծավալի մասին է խոսքը՝ գործադիրը չի հաղորդել։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ հումանիտար աջակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում։
«Նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի անունից Սիրիա ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար»,- նշված է հիմնավորման մեջ։
Սահմանն առանձին խմբերի համար պետք է բացվեր «ամենասեղմ ժամկետում», բայց դեռ փակ է
Կարգավորման գործընթացում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը գրեթե 3 տարի առաջ՝ 2022 թ․-ի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն էին ձեռք բերել, այն է՝ բացել ցամաքային սահմանը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Ընդ որում՝ խոսք էր գնում «ամենասեղմ ժամկետների» մասին։ Մինչ օրս վերոնշյալ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։
Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել՝ Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման։ Կառավարությունը շուրջ 1 մլրդ դրամ է ծախսել այն վերակառուցելու համար։ Անկարան, սակայն, շարունակում է հայ-թուրքական կարգավորումը կապել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետ և պնդել, որ սահմանը կբացվի հայ-ադրբեջանական խաղաղության հաստատումից հետո։
«Կարգավորում կլինի, ժամանակի հարց է»․ Փաշինյան
Մեկ շաբաթ առաջ Հայաստան էին այցելել թուրքական 10 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Մեդիատուրը կազմակերպել էր հայկական կողմը՝ պետբյուջեից ծախսելով 7մլն 550 հազար դրամ (տեղափոխման, կեցության և սննդի ծախսեր)։ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» հայտնել էր, որ նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումները Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնելն է։
Թուրք լրագրողները նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի հնարավորություն էին ունեցել։ Հետաքրքրվել էին՝ եթե մի օր թողնի քաղաքականությունն ու թոշակի անցնի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և հատկապես Հարավային Կովկասի հետ կապված ինչպիսի՞ ժառանգություն կցանկանա թողնել։
«Եթե ցանկությունների ժանրից խոսենք, միանշանակ կցանկանամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ»,- նկատել էր ՀՀ վարչապետը։
Շեշտել էր՝ 2022 թ․-ի պայմանավորվածության չիրագործումը դեռևս չի նշանակում «քաղաքականության ձախողում» և երկկողմ հարաբերություններում արդյունքների բացակայություն։
«Համոզված եմ, որ եթե մենք հետևողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցն այն չի լինելու՝ կլինի՞ կարգավորում, թե՞՝ չէ: Հարցը լինելու է՝ ե՞րբ կլինի կարգավորում: Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց»,- նշել էր նա։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը հույս ունի, որ Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կդառնա «առաջին քայլը» ՀՀ-Թուրքիա սահմանը քայլ առ քայլ ամբողջությամբ գործարկելու ճանապարհին։
«Եվ նման հույսերի լուրջ նախադրյալներ կան: Զարմանալի չէ, որ ադրբեջանցի մի շարք փորձագետներ նեղսրտած աղմկում են իրենց անձնական էջերում ու լրատվամիջոցներում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ղևոնդյանը։
Թուրքագետ Նելլի Մինասյանի խոսքով՝ ընդամենը 10 օրով սահմանի բացումն էական ազդեցություն չի ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա։ «Ազատության» հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայի տարածքով Սիրիա աջակցություն ուղարկելը «սահմանափակ գործողություն» է․
«Մեծ հաշվով, դա ոչ Հայաստանին է վերաբերում, ոչ էլ Թուրքիային։ Այսինքն՝ երկկողմանի գործընթացի արդյունք չէ։ Այն վերաբերում է երրորդ երկրին, որի հետ կապված թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան ունեն ինչ-որ վերաբերմունք, և կոնկրետ բեռների փոխադրման հարցում կա համընկնում իրենց տեսակետների»։
Մինասյանը չի կարծում, որ այս փուլում ինչ-որ լուրջ գործընթաց տեղի կունենա, օրինակ՝ անցակետը կշարունակի բաց մնալ նաև տասը օր անց։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-թուրքական սահմանը 10 օրով բացվել է