«Զինվորի տան» թիթեռները
Հայ զինվորները պատերազմից հետո։ Հայկ Նավասարդյանի հեղինակած «Երկրորդ կյանք՝ անիվների վրա» ֆիլմի հիման վրա:
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ժայռամասերում թիթեռների պակաս չի զգացվում։ Վարդան Վարդանյանը ծնվել և ապրել է Մեղրիում։ 30 տարեկանում նա չէր էլ պատկերացնի, որ իր ապագա կյանքը կապ կունենա թիթեռների հետ։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց և սպայի կոչում ստանալուց հետո Վարդանն անցնում է ծառայության հարազատ Մեղրիի զորամասում։
Շուրջ մեկ ու կես տարի ծառայությունն իր հունով էր ընթանում։ Սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։
Վարդանի զորամասը մարտական գործողություններին մասնակցելու հրաման է ստանում։ Հոկտեմբերի 10-ի գիշերը՝ լույս 11-ին անօդաչու թռչող սարքի հարվածի արդյունքում ստացած բազմաբեկորային վիրավորումով Վարդանը տեղափոխվում է հիվանդանոց:
«Ընկնելիս միանգամից հասկացա, որ ոտքերս չեմ զգում։ Հետո կորցրեցի գիտակցությունս։ Այդ ընթացքում մի պահ մտածում եմ՝ եթե լույսը բացվի, մայրս ու կինս իմանան, որ զոհվել եմ, ինչպե՞ս են ապրելու։ Դա ինձ կարծես թե նոր կյանք տվեց։ Այդ պահը ես համարում եմ իմ երկրորդ ծնունդը»,— պատմում է նա։


Բժիշկներն ասում են, որ Վարդանի ստացած ողնաշարաողնուղեղային վնասվածքը չվերականգնվող կամ ուշ վերականգնվողներից է, իսկ Հայաստանը անվասայլակով տեղաշարժվող անձանց համար ամենահարմար երկիրը չէ։ Ամենաբարդ խնդիրը աշխատանք գտնելն է։
«Ինձ ինչ-որ ժամանակ է պետք, վստահ եմ, որ քայլելու եմ, բայց դա հիմա չեմ ընդունում որպես գլխավոր նպատակ։ Եթե չես քայլում, կյանքդ չի ավարտվում, ուղղակի այլ տեսք է ստանում»,- ասում է նա։
- «Ձյան մեջ ամեն ինչ նույնն է դառնում». պատերազմի մասնակիցների պատմությունները
- Պացիֆիզմ կամ «մենք երբեք չենք կարող միասին ապրել»․ փոխակերպման պատմություններ
- Ջերմուկ, ուրիշ աշուն
- Մեքենան, որը փրկել է ղարաբաղցի փախստականների լուսանկարները
Վիրավորվելուց հետո Վարդանը հայտնվում է Երևանում դեռ 2018 թվականին հիմնադրված «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։ Պատերազմի արդյունքում հաշմանդամություն ստացած զինծառայողներն այստեղ անվճար վերականգնողական բուժում են ստանում և մասնակցում սոցիալական, կրթական, ժամանցային բազմաթիվ ծրագրերի։
Հենց այստեղ Վարդանը սկսեց, ինչպես ինքն է ասում, «կյանքին այլ տեսք տալ»՝ թիթեռների օգնությամբ, թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստել։


Ինչպես Վարդանն է ասում, ամենամեծ, բազմազան ու յուրահատուկ թիթեռը այս կոմպոզիցիայում է պատկերված։
«Նույնիսկ եթե թիթեռի մի թևը վիրավորվել է, այն չի համարվում ոչ պիտանի։ Մի քանի վիրավորներով հավաքվել ենք ու պատրաստել ամենամեծ տարբերակը»,- ասում է նա։
Վարդանի կինը՝ Անահիտը պատմում է, որ երեկոյան ընտանիքով հաճախ փազլներ են հավաքում։


Սա Վարդանի և Անահիտի երազանքի տունն է՝ փազլով հավաքած։ Նրանք Երևանում վարձով են բնակվում։
«Շատ մեծ հույս ունենք, որ մի օր տունը քարերով կհավաքենք»,- ասում է Անահիտը։
Նրանց մյուս սիրելի զբաղմունքը Երևանում շրջելն է։
«Զբոսնելիս մենք միշտ ժպտում ենք, մարդիկ էլ մեզ նայելով ուրախանում են․․․ Ամեն դեպքում կյանքը շարունակվում է, այն պետք է ուրախ ապրել»։
Բայց նրանց գլխավոր նպատակը երեխա ունենալն է։ Վարդանը վերականգնողական կենտրոնում անգամ վարժություններ է անում՝ պատրաստվելով ապագա փոքրիկի հետ խաղալուն։

