Հայ-բրիտանական համագործակցության ակտիվացում․ ինչո՞վ է պայմանավորված
Հայ-բրիտանական հարաբերությունների նոր փուլ
Նախօրեին Երևան է ժամանել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։ Այցը տարածաշրջանային է։ Սակայն դեսպանատան հաղորդագրության մեջ շեշտվում է նաև, որ նախարարը «նոր թափ է հաղորդելու նախորդ շաբաթ Լոնդոնում կայացած Միացյալ Թագավորություն-Հայաստան ռազմավարական երկխոսությանը»։
Հայաստանյան փորձագետների մի մասը կարծում է՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանը «ռազմավարական ուղղություն» է Արևմուտքի համար։ Մյուս մասը պնդում է՝ Հարավային Կովկասում բրիտանական ակտիվ քաղաքականությունը միտված է Ռուսաստանի ազդեցության զրոյացմանը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու տեսքով։
Դոքերթին երկրորդ անգամ է ժամանում Հայաստան, նրա առաջին այցը մայիսին էր։ Տարածաշրջանային այցի շրջանակներում նա մեկնելու է նաև հարևան երկրներ՝ Ադրբեջան ու Վրաստան։
Բրիտանացի պաշտոնյայի այցը հաջորդում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած այցին։ Մեկ շաբաթ առաջ ՄԹ-ում բացվեց ՀՀ դեսպանության նոր շենքը։ Միրզոյանը նշել էր՝ «ոչ միայն շենքի բացումն ենք ազդարարում, այլև նոր հիմք ենք դնում մեր հարաբերությունների խորացման համար»։ Կողմերը հայտարարել էին ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին։
Լեո Դոքերթիի այցի մանրամասները, ինչպես նաև փորձագիտական կարծիք
«ՄԹ-ը հուսալի գործընկեր է խաղաղության և կայունության համար»
Այցից առաջ նախարար Լեո Դոքերթին հայտարարել է․
«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։ Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»։
Հայաստանում Բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևան նախարարի այցի ընթացքում քննարկվելու է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը․
«Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»։
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը «շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ»։ Ասվում է, որ Երևանում, Բաքվում և Թբիլիսիում Դոքերթին առաջարկելու է «ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար»։
«Հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ»
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Լեո Դոքերթին շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը։ Հիշեցրել է՝ արտգործնախարարի այցը ՄԹ և հավելել, որ այն «նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը»: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին․
«Շեշտվել է 2023 թ․-ի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը»։
Ըստ հաղորդագրության՝
- քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը,
- կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը,
- մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության շուրջ:
Երևանյան այցի շրջանակներում նախարարին ընդունել է նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ ԱԽ գրասենյակից հաղորդել են, որ Արմեն Գրիգորյանն ու Լեո Դոքերթին ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև «անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները»։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է՝ Արևմուտքը ռազմավարական ուղղության է հռչակել Հայաստանը։ «Հանրային ռադիոյի» հետ զրույցում նա նշել է, որ ՄԹ հետ ակտիվացած հարաբերությունները պետք է դիտարկել շղթայի մեջ, և հիշեցրել, որ վերջին տարիներին բարձր մակարդակի վրա են նաև ՀՀ հարաբերությունները Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։
«Հայաստան-Բրիտանիա ռազմավարական հարաբերությունների մեկնարկը, նաև Լոնդոնում ՀՀ դեսպանության բացումը շղթայական այն կապն է, որը ցույց է տալիս հարաբեությունների զարգացումը»,- նկատել է նա։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում բրիտանական քաղաքականության ակտիվացումը ՌԴ ազդեցությունը զրոյացնելու համար է։
«Հիմնական շեշտը դրվելու է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության գործընթացն» արևմտյան հարթակներում առաջ տանելու և ավարտին հասցնելու ուղղությամբ, ինչի միջոցով էլ կկառուցվի Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու կամ գրեթե զրոյացնելու հաջորդ՝ ավելի հաստատուն փուլը»,- ընդգծել է նա։
Կարծում է՝ Ադրբեջանը հրաժարվում է ոչ թե արևմտյան հարթակներից, այլ հրաժարվում է բանակցել, քանի դեռ Հայաստանը չի ընդունել իր պայմանները։ Ըստ նրա՝ «փորձ է արվում Հայաստանին համոզել, որ ընդունի դրանք»․
«Բրիտանիան, իհարկե, ունի որոշակի ազդեցություն Ադրբեջանի վրա, այն տասնյակ ու հարյուրավոր միլիարդների տեսքով, որ ներդրվել են ադրբեջանական տնտեսության մեջ, բայց խնդիրն այն է, թե արդյոք կա՞ մոտիվացիա Ադրբեջանի վրա ազդեցություն գործադրելու, և արդյոք կա՞ այդպիսի ազդեցության իրական հնարավորություն»։
Բադալյանի խոսքով՝ բրիտանական խաղի տրամաբանությունն այլ է, մասնավորապես՝ շեշտը դրվում է Հայաստանի համար «որոշակի բոնուսային խոստումներ» տալու վրա՝ ակնկալելով, որ Երևանն ընդառաջ կգնա Բաքվի պատկերացումներին։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-բրիտանական հարաբերությունների նոր փուլ