«Զսպո՞ղ, թե՞ լարում մտցնող գործոն»․ հայ-ամերիկյան զորավարժություններ ՀՀ-ում
Հայ-ամերիկյան զորավարժություններ ՀՀ-ում
Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվեն հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ։ Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արծիվ գործընկեր 2023» խորագրով զորավարժություններն անցկացվում են միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ Հայաստանն իր վաղեմի գործընկերն է, նման զորավարժություններ առաջին անգամ չէ, որ անցկացվում են։ Չնայած դրան՝ ռուսական կողմը մտահոգիչ է համարել Երևանի որոշումն ու նշել, որ «խորությամբ կվերլուծի» ստացվող տեղեկությունները։
Հայ քաղաքագետները կարծում են՝ զորավարժությունների անցկացումը Հայաստանի համար կարևոր է, երկիրը պետք է առաջնորդվի բացառապես իր պետական շահերով։ Մյուս կողմից նկատում են՝ Ռուսաստանի և Իրանի հնարավոր արձագանքները պետք էր հաշվի առնել և այդ ուղղությամբ տանել դիվանագիտական աշխատանք։
Բոլոր մանրամասները՝ ի՞նչ է հայտնի զորավարժությունների մասին, ՌԴ արձագանքն ու Հայաստանի պատասխանը, մեկնաբանություններ
85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորականներ են ներգրավված
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությունները ենթադրում են խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ Գործընկերություն հանուն խաղաղության «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար» — ասված է հաղորդագրությունում։
ՊՆ-ն տեղեկացրել է, որ զորավարժություններն անցկացվելու են խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում։
«Զառ» կենտրոնը բարեկարգվել է ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ և վերաբացվել նախորդ տարի։ Այն Հայաստանի ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է։ Այս կենտրոնում են իրականացվում խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, վերապատրաստման դասընթացները և այլն:
Թե քանի զինվորական է մասնակցում՝ պաշտոնական Երևանը չի հաղորդել։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության խոսնակն է «Ռոյթերզ»-ին հայտնել, որ հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականների կազմում է նաև Կանզասի ազգային գվարդիան։ Այն արդեն 20 տարի, ինչ համագործակցում է Հայաստանի հետ։ Հրապարակումից տեղեկանում ենք, որ զորավարժությունների ընթացքում ամերիկացի զինվորականներն օգտագործելու են հրաձգային զինատեսակներ, սակայն չեն կիրառելու ծանր զինտեխնիկա։
Ամերիկյան կողմի ու պաշտոնական Մոսկվայի կարծիքները
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Հայաստանն ԱՄՆ վաղեմի գործընկերն է, իսկ գործընկերների հետ մշտապես են վարժանքներ իրականացնում և աշխատում «զինված ուժերի միջև փոխգործակցելիության շարունակական բարելավման նպատակով»։
«Ազատության» հարցմանն ի պատասխան դեսպանատնից շեշտել են, որ 2003 թվականից ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանն ամուր գործընկերային հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ․
«Ամերիկյան և հայկական զորամիավորումները մասնակցել են համատեղ զորավարժությունների Հայաստանում, Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, ընդ որում՝ Հայաստանում այդպիսի վարժանքներ են անցկացվել 2003, 2006 և 2008 թվականներին»:
Պաշտոնական Մոսկվան ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի որոշումը մտահոգիչ էր համարել։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել էր՝ կհետևեն իրավիճակին։
«Նման լուրերը մտահոգության տեղիք են տալիս՝ հատկապես ներկա իրավիճակում։ Մենք խորությամբ կվերլուծենք այդ տեղեկությունները»,- նկատել էր նա։
Ավելի ուշ թեմային անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարարը՝ նշելով, թե «որևէ լավ բան չի տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս»։
«Չեմ կարծում, որ դա լավ է որևէ մեկի համար, այդ թվում` հենց Հայաստանի։ Որտեղ էլ հայտնվել են ամերիկացիները, գիտեք՝ նրանք հարյուրավոր բազաներ ունեն աշխարհով մեկ, դա լավ բանի չի հանգեցրել»,— հայտարարել է Լավրովը։
«Հայաստանի սուվերեն որոշումն է»․ պատգամավոր
Հայ-ամերիկյան զորավարժությունների վերաբերյալ Մոսկվայից հնչող մտահոգություններին արձագանքել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանի տարածքում ամերիկյան կողմի հետ զորավարժություններ անցկացնելու որոշումը Հայաստանի սուվերեն որոշումն է, տաբեր կողմեր կարող են անհանգստություններ ունենալ, դժգոհություններ հայտնել, բայց սա Հայաստանի սուվերեն որոշումն է։ Կարծում եմ՝ սա նաև արձագանք է և արդյունք է հայ-ամերիկյան խորացող հարաբերությունների»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խանդանյանը։
Մեկնաբանություններ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան.
«Որքան ինձ հայտնի է, զորավարժության նախաձեռնողը, առաջարկ անողը եղել է Միացյալ Նահանգները, Երևանը պարզապես չի մերժել ու ընդառաջել է այս առաջարկին: Իհարկե, սա իր հերթին պայմանավորված է Հայաստանի իշխանության քաղաքական խնդիրներով ու նպատակներով. Հայաստանի իշխանությունը փորձում է այսկերպ որոշակիորեն նվազեցնել այն կախվածությունը, որ կա Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ Արևմուտքին ևս փորձում է բերել, այսպես ասենք, Հայաստանի անվտանգության համար պատասխանատվության դաշտ, բարձրացնել պատասխանատվությունը։
Սակայն առանցքային հարցն այն է, թե ինչպես են այդ զորավարժություններին արձագանքում Ռուսաստանն ու Իրանը։ Այս տեսնակյունից, բնականաբար, Երևանը պետք է կարողանա դիվանագիտական լուրջ աշխատանք տանել Մոսկվայի և Թեհրանի հետ, որպեսզի, անվտանգային խնդիրներ լուծելուն զուգահեռ, Հայաստանը չդարձնի հակադիր ուժերի բախման թատերաբեմ։ Հատկապես, որ Ադրբեջանը պատրաստ սպասում է այդպիսի հնարավորության»։
«ԱՄՆ-ի հետ զորավաժություններ անցկացնելու առաջարկը Հայաստանին արվել էր դեռ ամիսներ առաջ, և Հայաստանի իշխանությունները մտածում էին՝ արժե ընդունել առաջարկը, թե՞ ոչ։
Այս փուլում, երբ Ադրբեջանն ուժեր է կուտակել Հայաստանի սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, երևի նրանք մտածում են, որ քաղաքական առումով դա կարող է ազդակ լինել նույն Բաքվին, որ չարժե դիմել ակտիվ գործողությունների»։
«Կարճաժամկետ հեռանկարում այս զորավարժությունները կարող են զսպող գործոն դառնալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների համար։ Սակայն, միևնույն ժամանակ, դրանք կարող են մեծացնել լարվածությունը Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի և Իրանի հարաբերություններում։
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը կարող է նպաստել նրան, որ ռուսներն ու ադրբեջանցիները Արցախի հարցում առանձին պայմանավորվածություններով կարող են սակարկել հայկական շահերը։ Ինչ վերաբերում է Թեհրանին, ապա տարածաշրջանում Իսրայելի և Արևմուտքի ներկայությունը սկզբունքորեն անընդունելի է։ Ուստի, պետք է հավասարակշռություն պահպանել: Ամենակարևորը պատերազմի և Արցախի դեմ, Արցախի պետական կառույցների դեմ Ադրբեջանի գործողությունների կանխումն է»։
«Նշված զորավարժությունները մեզ համար շատ կարևոր են։ Իսկ ՌԴ-ն միշտ է դժգոհ․ սկզբում դժգոհ էր Եվրամիության դիտորդական առաքելությունից, հիմա՝ զորավարժությունից, բայց Հայաստանը գիտակցում է, որ ԱՄՆ-ի, թե այլ եվրոպական ու միջազգային կազմակերպությունների ու երկրների հետ համատեղ աշխատանքը բխում է միայն մեր շահերից։
Պետք է այդպես էլ առաջնորդվենք, ՌԴ-ին կարող է շատ բան դուր չգալ, դա իր գործն է։ Ինչպես, օրինակ, դուր չի գալիս այն, որ մեր երկրում մամուլն ազատ է: Զարգացնել է պետք մեր բանակը, երկիրը, որ եթե անգամ լարվածություն կամ պատերազմ լինի, ունակ լինենք պաշտպանվելու»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայ-ամերիկյան զորավարժություններ ՀՀ-ում