Հայ-ադրբեջանական սահմանն ընդլայնվել է․ անվտանգություն և լուսաբանում
Հայ լրագրողների աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանանին
Շուրջ մեկ տարի է, ինչ հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրեր մուտք գործելու կամ նկարահանումներ իրականացնելու համար պետք է թույլտվություն ստանան։
Սահմանափակումները, որոնց վրա հղում են կատարում Ազգային անվտանգության ծառայությունն ու պաշտպանության նախարարությունը, սահմանվել են 44–օրյա պատերազմից առաջ՝ դեռևս 2020 թ․ օգոստոսին, երբ ուժի մեջ մտան «Պետական սահմանի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Դրանցով արգելվում է առանց թույլտվություն ստանալու «տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը և սահմանային տեղամասում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները»։
Փոփոխությունների անհրաժեշտությունը ԱԱԾ–ն հիմնավորում էր այն հանգամանքով, որ «սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն, իր հերթին, վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս»:
Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման վրա, որի կապակցությամբ նպատակահարմար է համարում սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ։
- Իմ մանկության երկաթգիծը, որը կյանքի փակ ճանապարհների լուռ խորհրդանիշ է ու վկա
- «Նրանք պետք է իմանան, որ մենք թշնամի ունենք»․ երեխաներն ու արցախյան հակամարտությունը
- Ակումբային սթենդափը վերադառնում է Երևան
Այս փոփոխությունները, թերևս, մեծ արձագանք չէին ստանա, եթե չլիներ 2021 թ․–ի փետրվարի 10–ի ԱԱԾ հայտարարությունը, որում նշվում էր, որ «պայմանավորված անվտանգության նկատառումներով և ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացմամբ՝ տվյալ վայրերում լուսաբանման նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը»։
Հայտարարությանը նախորդել էին սահմանային գոտում տեղի ունեցած ռազմական գործողությունները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի մասին լուրերը։
Լրագրողները և իրավապաշտպան կազմակերպությունները միանգամից արձագանքեցին հայտարարությանը՝ նշելով, որ դրանում ներկայացված իրավական հիմքերը բավարար չեն լրագրողների գործունեության սահմանափակման համար։ ԱԱԾ–ն արձագանքեց՝ նշելով, որ «հայտարարությունը չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու նպատակ, և հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ»։
ԱԱԾ-ն նաև հորդորել էր «զերծ մնալ անհարկի շահարկումներից»՝ մեկնաբանելով, թե «աշխատանքների փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես պայմանավորված է նաև լրագրողական գործունեության արդյունավետությամբ և անվտանգությամբ»։
Հայտարարության հրապարակման հաջորդ օրը Civil.net–ի լրագրող Գևորգ Թոսունյանը նկարահանող թիմի հետ ուղևորվեց Ագարակ (Սյունիքի մարզ)։
«Ագարակ գնացինք Ճակատենի ճանապարհով։ Հենց հասանք Արաքսի ափին, նկատեցինք անցակետը։ Կանգնեցրին, անձնագրերը ստուգեցին, գրանցեցին, նույնն էլ երկրորդ անցակետում։ Ընդ որում՝ առաջինում հրամանատարը ռուս էր, կապվեց իրենց ղեկավարության հետ, զեկուցեց, ասաց՝ պետք է սպասեք, որ թույլտվություն տան։ Հետո էլ սահմանափակումները ներկայացրեց՝ հավելելով, որ Նռնաձորում նկարահանում չենք կարող անել, ԱԱԾ-ից թույլտվություն է պետք։ Մեկ ժամից ավելի անիմաստ կորցրեցինք այդ անցակետերում։ Բացի այդ, ճնշող է, երբ դու քո երկրում ես, իսկ օտարերկրացին ասում է՝ գուցե ձեզ չթողնենք առաջ գնալ», — հիշում է նա։
Գևորգը այն լրագրողներից է, որոնք հաճախ են լինում սահմանային գոտիներում։ Ըստ նրա՝ լրագրողների աշխատանքի սահմանափակումները հետպատերազմյան առաջին փուլում, հիմնականում, կամայական բնույթ էին կրում․
«Այդ շրջանում մենք հաճախ էինք գնում Սյունիքի այն բնակավայրեր, որոնք սահմանակից էին Ադրբեջանին։ Օրինակ՝ Շուռնուխ գնալիս, որն ամենամոտ բնակավայրերից է, սահմանապահ ծառայության աշխատակիցներն ուղղակի կամայականորեն արգելում էին մեր մուտքը համայնք։ Հետագայում, երբ եղավ ԱԱԾ հայտարարությունը, որոշակի հստակություն մտցվեց այն մասով, որ եթե այդ տարածքում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ ուժերը, ապա պետք է ստանալ նրանց թույլտվությունը։
Ստացվում էր, որ նախապես դիմելու պարագայում, մենք, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կստանայինք տեղում աշխատելու, բայց այստեղ մեկ այլ խնդիր է առաջանում։ Երբ սահմանում իրավիճակի լարում է տեղի ունենում, և լրագրողն անմիջապես ստիպված է լինում ուղևորվել իրադարձությունների կիզակետ՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար, նրան ուղղակի թույլ չեն տալիս դա անել՝ հիշեցնելով թույլտվության պահանջի մասին։ Իսկ թույլտվություն ստանալը, սովորաբար, տևում է մեկ շաբաթից ավելի», — ասում է Գևորգը։
Ըստ լրագրողի՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ Հայաստանի տարբեր հատվածներում աշխատանքների կազմակերպման համար տարբեր կառույցների կողմից տրված թույլտվություն է պետք․ Սյունիքում լրագրողներին գործունեություն իրականացնելու թույլտվություն տալը ԱԱԾ իրավասությունների շրջանակում է, Գեղարքունիքի մարզում՝ Հայաստանի պաշտպանության նախարարության։
«Մոտ երկու ամիս առաջ դիմել էի պաշտպանության նախարարություն՝ նշելով, որ ցանկանում եմ Գեղարքունիքի սահմանային բնակավայրերում նկարահանումներ իրականացնել, ընդ որում՝ հստակ նշելով, որ խոսքը համայնքում բնակվող մարդկանց, նրանց կյանքի, առօրյայի, խնդիրների մասին պատմություններ նկարելու մասին է։ Դիմումս մերժել էին՝ որպես հիմնավորում նշելով միայն մի բան, թե այդ տարածքում իրավիճակը լարված է։ Դա ինձ համար շատ թույլ հիմնավորում է, քանի որ այդ բնակավայրերում պատերազմից հետո իրավիճակը գրեթե միշտ է լարված, բայց այնտեղ ապրող մարդկանց ձայնը լսելի դարձնելու կարիք կա», — ասում է Գևորգը։
Նա վստահ է՝ այս սահմանափակումները ոչ միայն խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, այլև ավելացնում են ապատեղեկատվության տարածման հնարավորությունը՝ հատկապես սահմանային լարվածությունների ժամանակ․
«Վերջին օրինակներից կարող եմ նշել։ Գնացել էինք Վերին Շորժա, Գեղարքունիքի մարզ, որտեղ նախօրեին փոխհրաձգություն էր եղել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև։ Տարածք մուտք գործելու թույլտվություն չունեինք։ Հանդիպեցինք համայնքապետին, նա համաձայնեց ինձ և մեկ այլ լրագրողի զարտուղի ինչ–որ ճանապարհով հասցնել գյուղ։
Գյուղում, բնականաբար, հանդիպեցինք զինվորականների, որոնք արգելեցին մեզ լուսաբանել որևէ բան։ Այդ ժամանակ համայնքապետը բորբոքված փորձում էր բացատրել, որ, նախորդ օրը լրատվամիջոցներից շատերը ապատեղեկատվություն են տարածել՝ տեղում չլինելով, ասեկոսեների վրա հիմնվելով, ինչը խուճապային տրամադրություններ է առաջացրել մարդկանց մոտ։ Մինչդեռ մի քանի պատասխանատու, պրոֆեսիոնալ լրագրողների աշխատանքը հենց տեղում կարող էր կանխել կեղծ լուրերի տարածումը։ Արդյունքում մեզ թույլ տվեցին միայն կարճ հարցազրույց տեսագրել համայնքապետի հետ»։
Գևորգը համոզված է՝ պետական գերատեսչության և լրագրողների փոխհամաձայնեցված համագործակցությունն ավելի արդյունավետ կարող է լինել, քան նման սահմանափակումները։ Լրագրողները, որոնք սահմանային լարվածության ժամանակ պատրաստ են մեկնել և աշխատել տեղում, հազիվ թե ապատեղեկատվություն տարածելու միտում ունենան, նրանք գնում են օբյեկտիվ լուսաբաման հետևից։ Մինչդեռ հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող լրագրողի համար շատ դժվար է ստուգել իրեն փոխանցվող տեղեկության իսկությունն ու աղբյուրի հավաստիությունը։
«Հատկապես սահմանային լարվածությունների ժամանակ, երբ պաշտոնական տեղեկատվությունը հապաղում է, իսկ հասարակությունը չունի վստահելի աղբյուր, մեդիան դառնում է ապատեղեկատվության տարածման միջոց, որի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մնում է ստուգված, փաստարկված տեղեկությունների հաղորդումը տեղից», — ասում է Գևորգ Թոսունյանը։
Սյունիքում սահմանային դարձած բնակավայրերի վիճակն ու այնտեղ ապրողների կյանքը լրագրող Դավիթ Գալստյանի ուշադրության կենտրոնում են։ Նա գիտի սահմանային բնակավայրեր հասնելու գրեթե բոլոր ճանապարհները, անգամ նրանք, որ վրիպում են սահմանապահների աչքից։
«Ես հաճախ եմ լինում Սյունիքում, հատկապես պատերազմից հետո։ Կարծում եմ՝ այս բնակավայրերի մասին լուսաբանումը շատ կարևոր է՝ սկսած ճանապարհների վիճակից՝ մինչև մարդկանց սոցիալական խնդիրները։ Երբ հայտնի դարձավ, որ Շուռնուխի ճանապարհը փակվել է, միանգամից ուղևորվեցինք այնտեղ։ Թույլտվության համար դիմելու, սպասելու ժամանակ չունեինք։ Գնացինք Խոտ–Որոտան ճանապարհով, մեքենան գրեթե ջարդելով։
Երբ հասանք Որոտան, հանդիպեցինք սահմանապահ ծառայության աշխատակիցներին, հարցրեցինք՝ արդյոք Որոտանից Շուռնուխ տանող ճանապարհը բա՞ց է, կարո՞ղ ենք գնալ, թե՞ ճանապարհին ադրբեջանցիներն են կանգնած։ Նրանք միանգամից զարմացան, թե ինչպե՞ս ենք հասել այդտեղ՝ աննկատ մնալով։ Սահմանապահները ոչ միայն արգելեցին մեզ շարունակել ճանապարհը, այլև մարդիկ ուղարկեցին՝ հսկողություն իրականացնելու այն ճանապարհի վրա, որով մենք էինք եկել», — հիշում է նա։
Դավիթն ասում է՝ սահմանափակումները երբեմն աբսուրդի են հասնում։ Օրինակ՝ արգելում են նկարահանում իրականացնել տներում, փակ տարածքներում, որտեղ տեղորոշման, ռազմական օբյեկտներ նկարահանելու վտանգ չկա։ Բացի այդ, հստակեցված չեն այն համայնքները, որոնց վրա տարածվում են այս սահմանափակումները, ինչը նշանակում է, որ օրենքի այս կետը ԱԱԾ–ի և ՊՆ–ի կողմից կարող է շահարկվել կամայական պահի՝ սահմանին կից գտնվող համայնքներում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար։
Սահմանային բնակավայրեր իր բազմաթիվ այցելությունների համար Դավիթը գրեթե երբեք թույլտվություն չի ստացել, բայց նաև երբեք խնդիր չի ունեցել ուղևորությունների ընթացքում պատրաստված նյութերի հրապարակումից հետո։
«Ես իմ աշխատանքի նկատմամբ ունեմ որոշակի ներքին սահմանափակումներ, կանոններ, որոնք միշտ պահպանում եմ։ Ես գիտեմ՝ ինչը կարող է վնաս պատճառել, ինչը կարող է խնդրահարույց լինել սահմանային անվտանգության տեսանկյունից։ Բնականաբար, նույն սկզբունքներն ունեն նաև իմ գործընկերները։ Ես ունեմ ինքնակարգավորման իմ ներքին մեխանիզմը, որով և առաջնորդվում եմ։
Ինձ հետաքրքիր չեն սկանդալային լուրերը սահմանից, ինձ համար առավել կարևոր են այդ համայնքներում ապրող մարդկանց խնդիրները։ Իրականում, այս սահմանափակումներն անիմաստ և անարդյունավետ են։ Նախ՝ լրագրողը միշտ հրատապության խնդիր ունի, իսկ թույլտվությունը ստանալ հնարավոր է միայն գրավոր դիմումի հիման վրա, բանավոր թույլտվության ընթացակարգ նախատեսված չէ։
Բացի այդ, եթե ԱԱԾ–ն և ՊՆ–ն խնդիր են տեսնում լրագրողների կողմից իրականացված նկարահանումների մասով, ապա վստահ կարող եմ ասել, որ ինֆորմացիայի հիմնական արտահոսքը լինում է տեղի բնակիչների կամ նույն տարածքում ծառայություն իրականացնող զինվորների կողմից արված լուսանկարների կամ տեսանյութերի միջոցով։ Մինչդեռ պրոֆեսիոնալ լրագրողները՝ հատկապես պատերազմից հետո, հիմնականում գիտեն, թե ինչն է կարելի նկարել և ինչպես, որպեսզի հնարավոր չլինի տեղորոշում կատարել», — ասում է Դավիթ Գալստյանը։
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։