«Ցեղասպանությունը զուտ հայկական հարց չէ». կարծիքներ
Հայոց ցեղասպանության 109-րդտարելիցը
Աշխարհաքաղաքական նոր իրավիճակը փոքր երկրներին թելադրում է սեփական քաղաքականությունն առաջ տանելու նոր պայմաններ, փոխում է նրանց ռազմավարությունները։ ԽՍՀՄ-ից անջատվելուց հետո Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք առաջնահերթություն է դիտվել։
Հատկանշական է, որ երկրի Անկախության հռչակագրում հայտարարվում է «պատմական արդարության վերականգնման մասին»։ Ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Սակայն վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է մտածել հռչակագրի խմբագրման նպատակահարմարության մասին։ Նաև խոսել է պատմական և իրական Հայաստանների տարանջատման անհրաժեշտության մասին։ Այս առաջարկները հասարակությունում արձագանք չեն գտել, նույնիսկ վրդովմունք ենք առաջացրել։
Շատ մարդիկ և փորձագետներ եկել են այն եզրակացության, թե վարչապետն «արտաքին ճնշման տակ առաջարկում է հրաժարվել անցյալից»։ Խոսքը, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից հնարավոր ճնշումների մասին է։
Թուրքիայի նախագահ Էրդողանն օրերս լրագրողներին ասել է․ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայի իրողություններից։ Հիմա Փաշինյանը ևս դա հասկանում է։ Այժմ ժամանակն է ստեղծել ճանապարհային նոր քարտեզներ իրական հիմքերի վրա։ Հուսով եմ՝ Հայաստանը կձերբազատվի խավարից, ուր նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի պայծառ ապագա տանող նոր սկզբի ճանապարհը»։
Հայ վերլուծաբանները կարծում են, որ նման զիջումների գնալով՝ երկրի իշխանությունները «կորցնում են անբարյացակամ հարևանի վրա ազդեցության լծակները, որոնք կարելի էր օգտագործել բանակցությունների ընթացքում»։
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի և քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչպես են աշխարհաքաղաքական փոփոխություններն ազդում ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ քաղաքականության վրա։
- «Հայաստանը նոր չէ արևմտյան կուրս որդեգրել»․ Փաշինյան
- Հայ միլիարդատեր և բարերար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել Բաքվի բանտում
- Լուծո՞ւմ, թե՞ միակողմանի զիջում․ Երևան-Բաքու երկխոսություն սահմանազատման շուրջ
Սուրեն Մանուկյան, ցեղասպանագետ, արևելագետ
Քաղաքականության փոփոխություն Հայոց ցեղասպանության հարցում
«Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի քաղաքականությունն այսօր չէ փոխվել։ Այն փոխվել է 2018 թվականից, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Հայոց ցեղասպանության հարցն այս կառավարության առաջնահերթությունների ցանկի մեջ չի մտնում։
Նախկին իշխանությունները, որոնք ունեին լեգիտիմության շոշափելի պակաս, այդ բացերը լրացնում էին Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով։
Բայց նրանք նաև հասկանում էին, թե որքան կարևոր է այս թեման Հայաստանի համար։ Նրանք գիտակցում էին, որ դա կարող է լինել միջազգային քաղաքականության մեջ որոշ երկրների վրա ճնշում գործադրելու լրացուցիչ լծակ։ Առաջին հերթին՝ Թուրքիայի։
Միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության թեմայի առկայության պայմաններում Թուրքիան կզսպի իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ։ Նրան անընդհատ կհիշեցնեն 100 տարի առաջ իր կատարած հանցագործությունների մասին։
Ներկայիս իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փոխարինեցին ժողովրդավարական և հեղափոխական Հայաստանի թեմայով։
Այժմ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանն ավելացել է նաև Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման թեման։ Շատ միջազգային կազմակերպություններ և փորձագետներ ԼՂ-ում կատարված իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն։ Բայց Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն բարձրացնում այդ հարցը՝ ելնելով աշխարհաքաղաքական փոփոխություններից և հարևան երկրների կողմից հնարավոր սպառնալիքներից։ Նրանք զգուշանում են Ադրբեջանի և Թուրքիայի կոշտ արձագանքից։
Ներկայիս իշխանությունները վարում են ամեն գնով հարևաններին հանդարտեցնելու քաղաքականություն»։
Պաշտոնապես չեն հրաժարվի ցեղասպանության ճանաչումից
«Հայաստանի իշխանությունները, իհարկե, պաշտոնապես չեն հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից։ Բայց նաև միջազգային հարթակներում չեն բարձրաձայնի թեման ու դրան առանձնապես ուշադրություն չեն դարձնի։
Միևնույն ժամանակ իշխող թիմը պատրաստվում է 2025 թվականին կայանալիք ընտրություններին։ Եվ նրա համար կարևոր է ընտրողների ներգրավել, բարձրացնել կուսակցության վարկանիշը:
Թիմը հասկանում է, որ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը ընտրողների շրջանում տարակուսանք կառաջացնի։ Չէ՞ որ նրանցից շատերը ցեղասպանությունից փրկված մարդկանց ժառանգներ են։ Այդ ընտանիքներից յուրաքանչյուրում դեռ պահպանվում է կորսված հայրենիքի հիշատակը»։
Ցեղասպանությունը համամարդկային հարց է
«Հայոց ցեղասպանությունը զուտ հայկական հարց չէ։ Այն համամարդկային է: Եվ յուրաքանչյուր երկիր ունի պարտավորություն՝ կանխելու այս հանցագործության իրագործումը։ Այդ թվում՝ Հայաստանում։
Անկախ նրանից, թե որտեղ է տեղի ունենում ցեղասպանությունը և ում նկատմամբ, Հայաստանը՝ այնպես, ինչպես բոլոր երկրները, որոնք ստորագրել են Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, և երկիր, որը 2005 թվականին միացել է «Պաշտպանելու պատասխանատվություն» (Responsibility to Protect) ծրագրին, պարտավոր է անել ամեն ինչ՝ մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար:
Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը միտված է նմանատիպ հանցագործությունների կանխմանը»։
Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները
«Եվ այս տեսանկյունից Հայաստանը հրաժարվել է արցախցիների նկատմամբ իր պարտավորություններից: Հրաժարվել է պաշտպանել իր հայրենակիցներին՝ պատճառաբանելով, թե այդ տարածքը ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, և միջամտությունը կնշանակի միջազգային պայմանագրերի խախտում։
Իրականում սա կեղծ հայտարարություն է։ Որովհետև յուրաքանչյուր երկիր ոչ միայն կարող է, այլև պարտավոր է միջամտել՝ ՝ ընդհուպ զորք մտցնելու իրավունքով, եթե աշխարհի ցանկացած կետում կա ցեղասպանության վտանգ:
«Պաշտպանելու պատասխանատվություն» ծրագիրը ենթադրում է, որ եթե երկիրն ի վիճակի չէ պաշտպանել իր տարածքի փոքրամասնություններին, նրանց ենթարկում է հալածանքի կամ զինված հարձակման, մեկ այլ երկիր պարտավոր է քայլեր ձեռնարկել և դադարեցնել այդ գործընթացը:
Զորք մտցնելուց բացի ցանկացած երկիր ցանկացած պահի կարող է բարձրացնել ԼՂ հայերի պաշտպանության հարցը՝ մինչ անգամ արդարության վերականգնման համար դիմել միջազգային դատարան։ Նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվել է այդ քայլին դիմել»։
Գուրգեն Սիմոնյան, քաղաքագետ
Ազգային շահերի պաշտպանություն
«Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը չի կարելի կապել աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։ Լինեն դրանք տերությունների աշխարհաքաղաքական շահերը, թե ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակը։ Ոչինչ չպետք է խոչընդոտի ազգային շահերի պաշտպանությանը, հայ ժողովրդի նկատմամբ արդարությունը վերականգնելու և այս հանցագործությունը դատապարտելու պահանջին։
Այլ բան, որ Հայաստանի իշխանությունների մոտ իրականության ընկալման տեղաշարժ է տեղի ունեցել։
Այս խնդրին նմանատիպ մոտեցումն արկածախնդիր եմ համարում։ Հայաստանը ոչ մի կերպ չպետք է դադարեցնի կամ սահմանափակի ցեղասպանության ճանաչման պահանջատիրության քաղաքականությունը։
Խոսակցություններն այն մասին, որ այդ քաղաքականությունը, իբր, կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա, կեղծ օրակարգ է։
Ի թիվս այլ բաների, սա նաև Թուրքիայի վրա ազդեցության լծակ է։ Սա թուրքական հավակնությունները զսպելու մեխանիզմ է, հավակնություններ, որոնք կարող են ագրեսիվ կերպով ազդել տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա։
Պարզապես անընդունելի է, որ ինքներս հրաժարվենք նման լծակից։ Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, այն չունի վաղեմության ժամկետ։ Եվ այդ արարքը կատարած կողմը, կամ նրա իրավահաջորդը պետք է պատասխանատվության կանչվի»։
Հայաստանի իշխանությունները ճնշման տակ են
«Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը մշտապես զիջումների է գնում Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումների ներքո։ Բայց այնպիսի հարցեր, ինչպիսիք են ցեղասպանության ճանաչման պահանջից և պատմական հիշողությունից հրաժարվելը, չեն կարող լուծվել մեկ գիշերում: Սա կարող է տարիներ տևել:
Իրենց այսօրվա գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանին հանձնելով տարածքներ, որոնք միայն խորհրդային իշխանության կամքով էին ժամանակին հայտնվել Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հայաստանի իշխանությունները վատնում են իրենց ռեսուրսը և կորցնում են հաջորդ ընտրություններում վերընտրվելու շանսերը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայոց ցեղասպանության 109-րդտարելիցը