Հայկական թավշյա հեղափոխության առաջնորդը համարում է, որ իր կառավարությունը կատարել է ժողովրդի հանդեպ բոլոր պարտավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մամուլի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի շտապում և կփորձի պատասխանել բացարձակապես բոլոր հարցերին։ Արդյունքում, հարց ու պատասխանը տևել է շուրջ 4 ժամ։
Ինչի՞ց է սկսել Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսը սկսել է հայտարարությունից այն մասին, որ նրա կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նա նկատի ուներ այն խոստումները, որոնք հնչել են հեղափոխության ընթացքում։
«Մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով։ Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է․ պայքարը մաքսիմալ մասշտաբային է։ Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Եվ ձեր օգնությամբ, մի քանի ժամով շրջափակելով Ազգային ժողովի շենքը, մենք դա արել ենք։ Հետևաբար, բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք հեղափոխության այս փուլում, կատարված են»։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր և իր թիմի ամենանշանակալից ձեռքբերումն այն է, որ իրենք «իշխանությունը վերադարձրել են ժողովրդին»։
• Հայաստանի և ՀԱՊԿ այլ անդամների միջև սկանդալ է հասունանում
• Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը
• Ամենաարդիականը՝ ՀԱՊԿ շուրջ սկանդալը
Լրագրողների առաջին հարցերը վերաբերում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Փաշինյանը հաստատեց, որ իրավիճակը չի փոխվել, և նա պատրաստվում է պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։ Ավելի վաղ Փաշինյանն արդեն հայտարարել էր, որ դժգոհ է դաշնակից պետությունների ղեկավարների վարքից։ Դժգոհությունը կապված է այն բանի հետ, թե ինչպես են Լուկաշենկոն և Նազարբաևն արձագանքել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին։
«Մենք չենք պատրաստվում լռության մատնել Հայաստանի շահերին առնչվող որևէ հարց և պատրաստվում ենք սկզբունքորեն, հետևողականորեն, նաև՝ գործընկերության միջավայրում պաշտպանել Հայաստանի ազգային շահերը»։
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց նաև, որ, եթե դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում չհաջողվի կողմնորոշվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, ապա կոնսենսուսի որոնումները կշարունակվեն։
Նիկոլ Փաշինյանը դժգոհ է և անթույլատրելի է համարում նաև Մինսկի կողմից Բաքվին զենք վաճառելու փաստը։
Նա հիշեցրել է, որ Բելառուսն Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ կայանների խմբաքանակ է վաճառել։
«Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք դատապարտում ենք նման գործարքները, համարում ենք այդ գործարքները ուղղված ընդդեմ Հայաստանի ազգայի շահերի, և մենք կարծում ենք, որ նման գործարքները խաթարում են ՀԱՊԿ կազմակերպության բովանդակությունը։ ․․․Մենք փոխադարձաբար պետք է պարզաբանումներ ունենանք»։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ընդգծել է, որ ռազմական դաշինքի անդամները պետք է պարզեն միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունները։ Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանություները ձգտում են նոր բովանդակություն հաղորդել կազմակերպությունում իրենց անդամակցությանը․
«Մենք մեր պարտավորությունները լիարժեք դաշնակցային կատարում ենք, ինչը, ցավոք, չենք կարող պնդել մի շարք այլ գործընկերների պայմաններում»։
Այն հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, Փաշինյանը հակիրճ է պատասխանել․
«Ռուսաստանի դիրքորոշումն այս պատմության մեջ խիստ կառուցողական եմ համարում»։
Իրանի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նաև Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների կիրառման հարցը։ Նա նշել է, որ այդ կապակցությամբ հայ-իրանական հարաբերությունները փոփոխություններ չեն կրի․
«Մենք հարևաններ ենք, և պետք է ոչ միայն պահպանենք հարաբերությունների լավ մակարդակ, այլ նաև փորձենք դրանք նոր մակարդակ տեղափոխել։ Օրինակ, ընկերությունը հարաբերություններ ունի ամերիկյան և իրանական ընկերությունների հետ։ Լինում է, որ ամերիկյան գործընկերը նրան ընտրության առաջ է կանգնեցնում․ եթե ուզում ես ինձ հետ աշխատել, դադարեցրու համագործակցությունն իրանական կողմի հետ։ Դա մասնավոր հարց է։ Կառավարական մակարդակում մենք ասել ենք մեր դիրքորոշումը, ներկայացրել ենք մեր շահերը հայ–իրանական հարաբերություններում, և ես հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին, որովհետև մեզ համար շատ կարևոր է նաև ԱՄՆ–ի հետ լավ հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը»։
Նախարարությունների քանակը կկրճատվի
Ինչ վերաբերում է ներքին քաղաքական հարցերին, ապա Փաշինյանը նշել է, որ պետք է աշխատել պետական ապարատի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Այդ կապակցությամբ պլանավորվում է կրճատել նախարարությունների թիվը
«Կառավարության կառուցվածքը շատ է փոխվելու։ Այսօր մենք ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո մենք այդքան նախարար չենք ունենալու։ Նրանց թիվը զգալիորեն կկրճատվի։ Թվի ավտոմատ կրճատում չի լինի, կլինի բովանդակային փոփոխություն։ Ըստ այդմ էլ փոփոխություններ տեղի կունենան նախարարների գործառույթներում, քանի որ կընդլայնվեն նրանց պատասխանատվության շրջանակները»։
Խոշոր գումարներ է հաջողվել պետբյուջե վերադարձնել
Հնչեց նաև կոռուպցիոն մերկացումների մասին հարց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ամիսներին հաջողվել է պետբյուջե վերադարձնել մոտ 10 մլրդ դրամ (20 մլն դոլար), և քրեական գործ է հարուցվել 64 մլրդ դրամի (ավելի քան 130 մլն դոլար) յուրացումների և չարաշահումների կապակցությամբ․
«Արդյո՞ք սա ամբողջն է։ Ոչ։ Ինչո՞ւ ամբողջը չէ, որովհետև քննչական մարմիններն ունեն հնարավորությունների որոշակի սահմանափակում: Նրանք աշխատում են հնարավորության ամբողջ ծավալով: Երբ ավարտվեն այդ քննությունները, ապա կսկսվեն նորերը»։