Խորհրդարանի փակ մուտքեր ու վարչապետի հրաժարականի պահանջ։ Ճգնաժամը Հայաստանում խորանում է
Հայաստանում մարտի 9-ի երեկոյից ընդդիմությունը փակել է խորհրդարանի բոլոր մուտքերն ու պահանջում է վարչապետի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ շենքը կապաարգելափակեն միայն իրենց պահանջների կատարումից հետո։
Սակայն մարտի 10-ի առավոտը սկսվել է ոչ թե իր հրաժարականի, այլ ընդդիմության համար այլ ցավոտ հարցի մասին վարչապետի հաղորդագրությունից։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը պատասխան էր գեներալիտետի կողմից վարչապետի հրաժարականի կոչին։ Փաշինյանը ԳՇ ղեկավարության այդ հայտարարությունը գնահատել էր որպես ռազմական հեղաշրջման փորձ և սկսել նրա պաշտոնանկության ընթացակարգը։
Քանի որ ընդդիմությունը սատարում էր վարչապետի հրաժարականի մասին զինվորականների պահանջը և պայքարում էր, որ Օնիկ Գասպարյանը պահպանի իր պաշտոնը, նրա պաշտոնանկության մասին հաղորդագրությունը միայն յուղ է լցրել կրակին։
Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մանրամասներն ու վերջին իրադարձությունները։
Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը
Սոցցանցերում վարչապետի գրառմանը կցված է հայտարարություն, որում ասվում է․ «Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունն ուժի մեջ է մտել, քանի որ հանրապետության նախագահը չի ստորագրել հրամանագրի նախագիծը, որը վարչապետն էր ուղարկել նրան, և չի դիմել Սահմանադրական դատարան օրենքով սահմանված ժամկետներում»։
Վարչապետի հայտարարությունից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն, անուամենայնիվ, դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունն ուսումնասիրելու խնդրանքով։ Այդ օրենքը, մասնավորապես, կարգավորում է զինծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը։
Իսկ Նիկոլ Փաշինյանն արդեն նախագահին է ներկայացրել Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին միջնորդությունը։ Նա այդ պաշտոնն արդեն զբաղեցրել է 2018 թ․ մայիսից մինչև 2020 թ․ հունիս։
Նախագահի գործողությունները
Հայաստանի նախագահի վարչակազմում նախօրեին հայտարարել են, որ Արմեն Սարգսյանի կողմից ՍԴ դիմելու վերջնաժամկետ չկա։ Արդյունքում՝ նա իրոք դիմել է ՍԴ, սակայն չի վիճարկել վարչապետի որոշման սահմանադրականությունը։ Նախագահը մտադիր է միայն պարզել «Զինվորական ծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Չորեքշաբթի օրը նախագահի կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ դիմումի ներկայացումը ՍԴ՝ պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ են դարձել Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում․
«Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում»։
Ինչպես պարզաբանել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, Սահմանադրական դատարանը կարող է այնպիսի եզրակացություն տալ, որով ավտոմատ կերպով կչեղարկվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը:
Օնիկ Գասպարյանը կվիճարկի վարչապետի որոշումը դատարանում
Օնիկ Գասպարյան արդեն դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու համար իրեն պաշտոնից ազատելու որոշումը։
Գեներալը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իր պաշտոնանկության ողջ գործընթացը հակասահմանադրական է․
«Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»։
Օնիկ Գասպարյանը կարծում է, որ ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում։
Հաղորդվում է, որ Հայաստանի Զինված ուժերի հրամանատարական կազմը միացել է ԳՇ նախկին պետի հայտարարությանը:
Ընդդիմության գործողությունները
Ընդդիմության մարտի 10-ի հանրահավաքը հայտարարված է ժամը 16.00-ին։ Խորհրդարանի մուտքերը դեռևս արգելափակված են, թեև առավոտից այստեղ ընդդիմության համախոհները դեռևս շատ չէին։
Սակայն մարտի 9-ի երեկոյան Ազգային ժողովի մուտքերը փակել էին հազարավոր մարդիկ, որոնք արձագանքել էին «Հայրենիքի փրկության ընդդիմադիր շարժման» և վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչին։
Վերջինս մարդկանց առաջարկել էր վարչապետի հրաժարականի մասին իրենց պահանջի կատարման համար պայքարի նոր մեթոդ՝ պատգամավորներին թույլ չտալ խորհրդարանի շենք մտնել։
Իրավիճակը սրվել էր, ոստիկանության և ընդդիմության կողմնակիցների միջև ծեծկռտուք էր սկսվել։ Արդյունքում՝ ցուցարարներին հաջողվել էր արգելափակել խորհրդարանի մուտքերն ու երկու մեծ վրան տեղադրել Դեմիրճյան փողոցի կողմից։
Փետրվարի 25-ից ընդդիմադիրներն արդեն փակել էին խորհրդարանի կենտրոնական մուտքը Բաղրամյան փողոցից։ Այնտեղ նույնպես վրաններ են տեղադրվել, որոնցում գիշերում են ընդդիմության կողմնակիցները։
Այսպիսով՝ խորհրդարանի շենքի բոլոր մուտքերն ու ելքերն ամբողջությամբ փակ են։
Մարտի 9-ի երեկոյան բողոքի ակցիայի համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստ է ապաարգելափակել մուտքերը, եթե վարչապետը հայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Սակայն ընդդիմադիր գործիչը վստահ է, որ Փաշինյանն այդ քայլին չի գնա, քանի որ արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունները «հերթական սուտն» են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հայտարարել էր, որ պատրաստ է արտահերթ ընտրություններ անցկացնել 2021 թ-ին, եթե ստացվի պայմանավորվել խորհրդարանական ընդդիմության հետ։ Սակայն վարչապետը դեռևս կարողացել է բանակցել միայն խորհրդարանում ներկայացված երկու ընդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հետ։
Ինչպես այդ հանդիպումից հետո հաղորդել էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, կոնսենսուս չի ձևավորվել, սակայն երկխոսությունը շարունակվելու է։ Մյուս ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հանդիպման մասին տեղեկություններ դեռ չկան։