«Հայաստանի տնտեսությունը դիմակայունություն է ցույց տալիս». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի տնտեսությունը 2021-22 թթ.-ին
2021 թվականի Հայատանի պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվել է 147 միլիարդ դրամով: Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել մայիսի 31-ին խորհրդարանում կազմակերպված նախորդ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ:
Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ՝ լրացուցիչ եկամուտներ են կարողացել բերել նաև օրենսդրական որոշ փոփոխությունների արդյունքում:
Նախորդ տարվա տնտեսական ցուցանիշների, ինչպես նաև 2022 թ.-ի համար նախանշված նպատակների մասին
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երբ նշում է եկամտային մասի հետ կապված օրենսդրական փոփոխությունների մասին, խոսքն «առաջին հերթին պղնձի խտանյութի արտահանման տուրքի մասին է, որը մոտ 24 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ է բերել բյուջեին»:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2021 թվականին նախատեսված էր 3.1 % տնտեսական աճ, բայց ցուցանիշը սպասվածից ավելի է եղել՝ 5.3 %:
«Կարևոր է ընդգծել, որ եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 միլիարդ դրամով: Ի՞նչ նկատի ունենք գերակատարել ասելով: Նկատի ունենք, որ երբ ընդունվում էր 2021 թ.-ի բյուջեի նախագիծը, եկամտային մաս էր արձանագրված, և տարվա ընթացքում մենք նախատեսվածից ավելի եկամուտ ենք հավաքել»,- նշել է Փաշինյանը:
«33%-ով ավելի հարկ է հավաքվել, քան 2017 թ.-ին»
Վարչապետը հետաքրքիր էֆեկտ է որակել այն, որ ավելի շատ հարկ են հավաքել հարկային դրույքաչափը նվազեցնելով (նկատի ունի անցումը համահարթ եկամտային հարկման- JAMnews).
«2017 թ.-ին հավաքագրվել է 343 մլրդ 683 մլն եկամտային հարկ, երբ հարկային դրույքաչափերը եղել են անհամեմատ բարձր: 2021 թ.-ին, երբ վերին շեմից ընդհուպ տասնքանի %-ով նվազում ենք ունեցել, եկամտային հարկ հավաքագրել ենք 459 մլրդ դրամ, այսինքն՝ 116 մլրդ դրամով կամ 33%-ով ավելի»:
Եկամտային հարկը պետությունը քաղաքացիներին է վերադարձնում մի շարք դեպքերում: Ամենածավալուն ծրագիրը հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձինն է:
Փաշինյանի փոխանցմամբ՝ այս ծրագրի շրջանակում 2021 թ.-ին պետությունը վերադարձրել է 32 մլրդ 640 մլն դրամ գումար, ինչը 1250%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից: Նրա խոսքով՝ «սա նշանակում է, որ մարդիկ բնակարան են ձեռք բերել», ցույց է տալիս, որ կառավարության բարեփոխումներն ունեն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակություն:
«Լավատեսական իրավիճակ ունենք». ընթացիկ տարվա մասին
Վարչապետ Փաշինյանի փոխանցմամբ՝ թեև գլոբալ տնտեսական վիճակը լարված է, սակայն Հայաստանի տնտեսությունը «դիմակայունություն է ցույց տալիս»:
«Առաջին եռամսյակի տվյալներով մենք 8.6% տնտեսական իրական աճ ունենք, իսկ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք 9.4% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական ցուցանիշ է»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Փաշինյանի մեկնաբանմամբ՝ ի հեճուկս աշխարհաքաղաքական, ներքաղաքական խնդիրների, Հայաստանում տնտեսական «կոլապս» տեղի չունեցավ, քանի որ կառավարությունը «տնտեսությունից գումար չի կորզում».
«Ընդհակառակը, հնարավորինս շատ գումար ենք վերադարձնում: Ես ուզում եմ տնտեսական որոշակի դիմակայունության հարցում ընդգծել ստվերի կրճատումը, որն իր հերթին արդյունք է համակարգային կոռուպցիայի հաղթահարման»:
Հայաստանի վարչապետը շեշտում է՝ աշխարհում տնտեսական վիճակը լարված է, իսկ Հայաստանն աշխարհից կտրված չէ, սակայն պետք է կենտրոնանալ 2022 թվականի բյուջեի կատարման վրա: Այս տարվա համար նախատեսված 7%-անոց տնտեսական աճն ապահովելու համար Փաշինյանը հանձնարարել է կենտրոնանալ բյուջեի, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարման վրա:
Գործադիրի ղեկավարը դրական ակնկալիքներ ունի նաև հարկային եկամուտների մասով: 2022 թ.-ի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը նախանշել է ունենալ 715 միլիարդ դրամ եկամուտ, Փաշինյանի համոզմամբ՝ այն կգերակատարվի:
«Մենք վստահ ենք, որ առաջին հինգ ամիսների տվյալներով 45 միլիարդ դրամով կգերակատարենք այն ցուցանիշը, որն ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով: Ընդ որում, նախորդ տարվա առաջին հինգ ամիսների նկատմամբ 141 միլիարդ դրամով ավելի գումար կհավաքագրենք »,- նշել է Հայաստանի վարչապետը:
Հայաստանի տնտեսությունը 2021-22 թթ.-ին