«Կտրուկ քայլերը տնտեսական մեծ վնասներ կարող են բերել»․ հայ տնտեսագետ
Հայաստանի տնտեսության զարգացումը
Մինչ Հայաստանի կառավարությունը խոսում է երկրի տնտեսական դիմակայունության բարձրացման և արևմտյան շուկաներ մուտք գործելու անհրաժեշտության մասին, փորձագետները նկատում են՝ Ռուսաստանից ՀՀ կախվածության թուլացման ուղղությամբ Երևանի քայլերը դեռ նկատելի չեն։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի փոխանցմամբ՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ 2023 թ․-ին Հայաստանի առևտրաշրջանառության մոտ 36 տոկոսը եղել է ԵԱՏՄ երկրների հետ, հիմնականում՝ Ռուսաստանի։
Ռուսաստանի հովանու տակ գործող ԵԱՏՄ-ի շրջանակում տնտեսական կապերի խորացման մասին վկայում են և Հայաստանի իշխանությունները։ Վարչապետ Փաշինյանը, ով օրեր առաջ Բրյուսելում քննարկում էր երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորությունները, մինչ այդ, այս տարվա փետրվարին կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր․
«2023 թ․-ին ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը կազմել շուրջ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը՝ 37,5%-ով»:
«Հիմնական շուկան մնում է Ռուսաստանը»
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, Հայաստանի համար հիմնական շուկան դեռևս Ռուսաստանն է։ «Ազատության» հետ զրույցում նա նկատել է՝ «քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց թվերը չեն ստում»։ Ու դրանք փաստում են՝ Հայաստանը բավականին մեծ կախվածություն ունի Ռուսաստանից․
«Հայաստանի ապրանքների համար հիմնական արտահանման շուկան շարունակում են մնալ ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը»։
Պարսյանի փոխանցմամբ՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ և ԱՄՆ-ի հետ շրջանառությանը՝ միասին վերցրած․
«ԵՄ երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում է մեր առևտրաշրջանառության մոտ 12.9 տոկոսը, ԱՄՆ-ի հետ՝ 3.2 տոկոսը»,- հայտնել է Պարսյանն ու շեշտել՝ մեծ տարբերություն է ԵԱՏՄ երկրների մոտ 36 տոկոսի համեմատ։
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանումը նվազել է 8.2 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 38 տոկոսով։ Սա, ըստ նրա, «բավականին մտահոգիչ» է։
Շեշտում է՝ արտահանումը ռուսական շուկա ավելացել է 40 տոկոսով։ Պարսյանը հիշեցնում է՝ ՌԴ հետ ապրանքաշրջանառության աճին նպաստել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։
«Տևական ու ծախսատար գործ է»
Սուրեն Պարսյանը «տևական ու ծախսատար գործ է» համարում դեպի Արևմուտք ՀՀ արտահանման ծավալներն ավելացնելը։ Հիշեցնում է՝ «եվրոպական ստանդարտները բարձր են»։ Վիճակագրությունից ելնելով՝ ենթադրում է․ այս փուլում Հայաստանը չի կարող վերանայել անդամակցությունը ԵԱՏՄ-ում։
Նրա համոզմամբ՝ պետք է ժամանակ շահել, աշխատել տարբեր երկրների հետ, հզորացնել երկրի տնտեսությունն ու դիվերսիֆիկացնել կապերը, միայն դրանից հետո «փորձել որևէ քայլ կատարել»։
Տնտեսագետի խոսքով՝ արտահանման նոր շուկաներ գտնելու համար կառավարությունը պետք է սկսեր քայլեր ձեռնարկել մի քանի տարի առաջ, սակայն չի արել․
«Ցանկացած կտրուկ քայլ այս պահին հղի է բավականին մեծ տնտեսական վնասներով»։
Պարսյանի համոզմամբ՝ նախ կարիք կա մշակել հստակ ծրագրեր՝ պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, արտահանման դիվերսիֆիկացիայի, նոր շուկաների հնարավորությունների վերաբերյալ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի տնտեսության զարգացումը