«Հայ-ռուսական ռազմական կապերը դադարեցնելու ժամանակն է»․ կարծիք
Հայաստանը պետք է խզի կապերը ՀԱՊԿ-ի հետ
«Ժամանակակից արևմտյան տեխնոլոգիաներով զինատեսակներ ստանալու համար Հայաստանը պետք է խզի կապերը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ»,- կարծում է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը։
Նրա դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում այդ ճանապարհով գնալն անխուսափելի է։ Վստահ է՝ այդ կապերը խզելուց հետո Հայաստանը կստանա զենք Նահանգներից և Ֆրանսիայից։
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախօրեին Արզումանյանը հարցազրույց է տվել Factor TV-ին և ներկայացրել իր տեսակետները հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ ռազմական դաշինքի, բանակի վերափոխման Հայաստանի ներուժի և ռազմական նոր կապերի հաստատման անհրաժեշտության մասին։
JAMnews-ն առանձնացրել է զրույցի ամենակարևոր դրվագները
«Պուտինից ինչ-որ բան սպասել պետք չէ»
Արզումանյանի խոսքով՝ պետք չէ ինչ-որ հույսեր կապել կամ պարտականություններ դնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա, դա «անցած էջ» է, պետք է ուղղակի փակել այն։
Նրա գնահատմամբ՝ եթե Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մոսկվան չցանկացավ օգնել Հայաստանին, ապա այսօր դրա հնարավորությունը չունի։
Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվելու է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Ներկա է լինելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում է նաև Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը՝ Ադրբեջանի ագրեսիան և ՀՀ տարածքի զավթումը վերացնելու համար ռազմական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Սպասվում է նաև առանձին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Ինչո՞ւ Մոսկվան չկատարեց իր պայմանագրային պարտավորությունը
Պատճառն, ըստ նրա, այն է, որ Հայաստանի և Ռուսաստանի «ազգային շահերը չեն համընկնում», ավելի շուտ հակասում են իրար․
«Ռուսաստանը, հաշվարկելով իրավիճակը, միջավայրն ու պրոցեսները, եկել է եզրակացության, որ ինքը պետք է կանգնի Թուրքիայի և Ադրբեջանի, ոչ թե Հայաստանի կողքին»։
Ասում է՝ սեփական շահերով առաջնորդվելը Մոսկվայի իրավունքն է, բայց ինչո՞ւ է հայկական կողմը շարունակում ՌԴ-ին որպես դաշնակից վերաբերվել, երբ պարզ ու հստակ ձևավորված են հակահայկական մոտեցումներ։ Ընդգծում է՝ Ադրբեջանն առանց ՌԴ աջակցության չէր կարող նվաճումներ ունենալ Արցախում։
Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ ի տարբերություն ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերն այսօր Հայաստանի շահերի հետ համընկնում են։ Նկատում է՝ դա չի նշանակում, որ այդպես է լինելու միշտ։
Ոչ էմոցիոնալ գնահատական, ոչ էլ բողոք
Արզումանյանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է ընդունի իրականությունն ու ձևավորի Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ։ Ըստ նրա՝ էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելը կամ բողոքելն անիմաստ է։
Ասում է՝ խոսքը ռազմական կապերի մասին է, պետք է հնարավորության դեպքում տարանջատել դրանք էներգետիկ, տնտեսական, մշակութային և այլ կապերից․
«Պետք է հասկանալ, որ ռազմական կապերի ժամանակն ավարտվել է, փակել դրանք։ Ու եթե ստացվի՝ փակել նորմալ, օրենսդրական դաշտում, առանց որևէ թշնամանքի։ Եթե չստացվի, պատրաստ լինել ուրիշ զարգացումների»։
«Հայաստանն ունի 21-րդ դարի բանակ կառուցելու ներուժ»
Փորձագետի դիտարկմամբ՝ 20-րդ դարի բանակը կարող է նորից Հայաստանին պարտության տանել։ Նոր՝ 21-րդ դարի ռազմական ուժերի կառուցման համար, ըստ նրա, Մոսկվայի հետ «բոլոր ռազմական կապերը» խզելն անհրաժեշտություն է։
Արզումանյանի խոսքով՝ անկախ նրանից՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, Երևանը պարտավոր է գնալ այդ ճանապարհով․
«Խնդիրը պետք է դնես ոչ թե՝ դու փոխո՞ւմ ես բանակդ, թե՞ ոչ, այլ թե ինչպես ես փոխում սովետական դոկտրինի ներքո գտնվող քո բանակը և դարձնում արդիական»։
Նկատում է՝ այդ ճանապարհով գնալու համար երկիրն ունի ներուժ։ Օրինակ է բերում առկա մոտեցումներն ու կոնցեպտները, ինչպես նաև արևմտյան բանակներում ծայառած հայ զինվորականների փորձը։
«Նման տրանսֆորմացիան մի սերունդ՝ մոտ տասնհինգ տարի է պահանջում։ Բայց ելնելով այն սպառնալիքներից, որոնց առջև կանգնած ենք, ստիպված ենք այդ ճանապարհն անցնել, որքան հնարավոր է շուտ»,- շեշտել է քաղաքագետը։
«Առաջին քայլը մենք պետք է անենք»
Խոսելով հայկական բանակի հնարավոր վերափոխման մասին՝ Արզումանյանը նշել է, որ Երևանը կունենա նման հնարավորություն, եթե անի առաջին քայլերը։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է՝
- ցույց տա պետական և քաղաքական կամք, այն է՝ Արևմուտքին, լուրջ ուժային կենտրոններին ապացուցի, որ իրոք ուզում է այդ ճանապարհով գնալ,
- հայտարարի, որ հեռանում է ՌԴ դոկտրինալ անվտանգության համակարգերից։
Փորձագետի գնահատմամբ՝ այս քայլերը ձեռնարկելու պարագայում երկիրը կստանա քաղաքական և ռազմական աջակցություն Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Ըստ նրա՝ հայ հասարակությունը պատրաստ է վերջնական ընտրություն կատարել, մնում է միայն, որ «իշխող ուժերը հայտարարեն այդ մասին»․
«Քանի դեռ այդ ընտրությունը չենք արել, կստանանք հիբրիդային և միջանցքային լուծումներ»։
Հնդկաստանը կարո՞ղ է փոխարինել ՌԴ-ին
Փորձագետի գնահատմամբ՝ հնդկական զենքը որակապես զիջում է արևմտյանին, սակայն չպետք է մոռանալ, որ նրանք աշխատում են Ֆրանսիայի և Նահանգների հետ, «համապատասխանում են դոկտրինային»․
«Հնդկաստանի բանակը բավականին վաղուց՝ գրեթե տասը տարի առաջ է անցում կատարել ցանցակենտրոն դոկտրինային։ Կապեր հաստատելը ճիշտ ճանապարհ է։ Մյուս կողմից՝ այս էտապում այլ ելք չկա»։
Արզումանյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է իր սահմանափակ ներուժն ու հնարավորություններն ուղղի Հնդկաստան, Մերձավոր Արևելքի երկրներ։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը պետք է խզի կապերը ՀԱՊԿ-ի հետ