«ԼՂ-ի իրավիճակը կներկայացվի ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը»․ Հայաստանի ԱԳՆ
Հայաստանը պահանջում է բացել Լաչինի միջանցքը
«Հայաստանը Արցախում ստեղծված իրավիճակը կներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկման ժամանակ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանը փոխարտգործնախարարն է ներկայացնելու, իսկ քննարկման թեման հակամարտության իրավիճակում պարենային անվտանգության ապահովումն ու սովի բացառումն է։ Կնյազյանի խոսքով՝ պաշտոնական Երևանը Լաչինի միջանցքի վերաբացման համար օգտագործում է իրեն հասանելի ողջ գործիքակազմը։ Այդ նպատակով ջանքեր են գործադրում Ադրբեջանի վրա ճնշումն ուժեղացնելու համար, ինչն էլ «արդեն տեղի է ունենում»։
Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, խորացող հումանիտար ճգնաժամին այսօր կառավարության նիստում անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է արել «որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ, չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ»։
Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն էլ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ հուլիսի 26-ից կանգնած են Հայաստանից ԼՂ ուղարկված բեռնատարները։ Իրավիճակի վերաբերյալ հասցեական գնահատականներ, սակայն, չեն հնչեցրել։
Հայ հասարակությունը վրդովված է այս իրավիճակով։ Կոչերի և հայտարարությունների փոխարեն մարդիկ գործուն քայլեր են ակնկալում։ Սոցցանցերում հայ օգտատերերի գրառումները՝ հոդվածի վերջում։
Մանրամասներ իրավիճակի մասին
Հայաստանը մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոռնիձորում են՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ արցախցի երեխաների համար քաղցրավենիքով։
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ դիմել է ռուս խաղաղապահներին օգնությունը տեղ հասցնելու խնդրանքով, արձագանք, սակայն, դեռևս չկա։ Բաքուն հայկական կողմի այս նախաձեռնությանը բացասական է արձագանքել և այն որակել որպես Ադրբեջանի «տարածքային ամբողջականության նկատմամբ սադրանք»։
Հունիսի 15-ից ԼՂ-ը լիակատար պաշարման մեջ է, սնունդ և դեղորայք չի մատակարարվում։ Ստեփանակերտից ահազանգում են՝ եթե Լաչինի միջանցքը շարունակի փակ մնալ, սովամահության դեպքեր կարող են գրանցվել։ Արցախ մուտք էր գործում միայն Կարմիր խաչի կոմիտեն՝ հիվանդներին տեղափոխելու նպատակով։ Միջազգային կառույցի տեղաշարժը, սակայն, հուլիսի 29-ից սահմանափակված է։ Կոմիտեի ուղեկցությամբ Երևան ուղևորվելիս Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետից այդ օրը առևանգվել էր Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը։
«Այս պահի դրությամբ ավելին ասել չեմ կարող»
Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նման արձանագրում է արել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։ Մեջբերել է կառույցի գլխավոր քարտուղարի հայտարարությունն ու նշել, որ ակնկալում են, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հայտարարությունը «դրական արդյունքների կհանգեցնի»։
ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ Անտոնիու Գուտերեշը «խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների մասին հաղորդագրություններով», հատկապես՝ տեղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Նա կոչ է արել «անհապաղ քայլեր ձեռնարկել կարիքի մեջ գտնվող մարդկանց հումանիտար օգնության մատակարարումը» թույլ տալու համար։
«Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության»,- ասված է հայտարարությունում։
«Շրջափակման հետևանքով ամենաշատը երեխաներն են տուժում»
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը․
«Երեխաները փաստացի այս պահին զրկված են ոչ միայն այս քաղցրավենիքից [հումանիտար բեռներում ներառված], այլ նաև ամենօրյա սննդից, էլ չենք խոսում բուժօգնության և կրթության իրավունքի մասին»։
Սարգսյանը հույս է հայտնել, որ կկարողանան նրանց համար նախատեսված քաղցրավենիքը մնացած բեռների հետ հնարավորինս շուտ տեղ հասցնել։ Ասում է՝ այդ դեպքում գոնե մասամբ կմեղմվի բարդ իրավիճակը։
Նա նաև տեղեկացրել է, որ ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս լուծել պիտանելիության հետ կապված խնդիրները։
«Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը»
Կառավարության նիստի մեկնարկին Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ապօրինաբար է արգելափակում հումանիտար բեռների մուտքը ԼՂ․
«Բեռի անցմանը խոչընդոտելը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում է»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցին և մեջբերել Իլհամ Ալիևի հայտարարությունը թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ։
«Այս առումով անհրաժեշտ է լսել ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը, թե ինչո՞ւ նրանք չեն ապահովում հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը»,- ասել է վարչապետը։
Կարծում է՝ այդ հարցի պարզաբանումը կարևոր է, համապատասխան մարմինները պետք է աշխատեն այն ստանալու ուղղությամբ։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին՝ ասել է, որ ի հեճուկս բոլոր բարդությունների՝ երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղության հասնելու հնարավորություն կա։ Բաքվին կոչ է արել զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն միտված քայլերից։ Այդ քայլերի շարքում հիշատակել է նաև Վագիֆ Խաչատրյանի առևանգումը։
«Վագիֆ Խաչատրյաին, մյուս գերիներին, պատանդներին, պահվող անձանց ազատ արձակելը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ»,- շեշտել է նա։
«Շատ բան կախված է փոխզիջումային քայլերից»․ ՌԴ տեսակետը
Նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ Լաչինի միջանցքում և ԼՂ-ում ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք աշխատում ենք կողմերի հետ և ևս մեկ անգամ վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման և տեղի բնակչության կյանքի համար բնականոն պայմանների ապահովման անհրաժեշտությունը», — հայտարարել է նա։
Զախարովայի գնահատմամբ՝ այս հարցում շատ բան է կախված քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի գնալու պատրաստակամությունից։
Քաղաքացիների կարծիքը
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վերջին շրջանում շատ են հանդիպում հետևյալ բովանդակությամբ գրառումները․
«Կոչ, կոչ։ 8 ամիս է՝ կոչ եք անում։ Դուք խիղճ ունե՞ք։ Սպասո՞մ եք համատարած սովամահ լինեն մեր երեխաները, նոր ոտքի ելնե՞ք»։
«Ամբողջ աշխարհը նավթն ու գազն ավելի թանկ է գնահատում, քան մարդկային կյանքը»։
«Ստացվում է՝ բոլոր կառույցներն էլ անկարող են։ Միայն անարժեք խոսել են կարողանում»։
«Եթե կարծում եք, թե Պուտինը այնքան է խեղճացել, որ չի կարողանում Ալիևից թույլտվություն ստանալ, որ Արցախ հումանիտար բեռներ գնան, ապա չարաչար սխալվում եք։ Այդ շրջափակման շահառուն հենց ինքն է։ Արցախահայությունը իրականում ոչ այնքան Ալիևի պատանդն է, որքան Պուտինի»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը պահանջում է բացել Լաչինի միջանցքը