«ՀՀ-ով անցնող ճանապարհը լինելու է այլընտրանք, ոչ թե հիմնական երթուղի»․ կարծիք
Հայաստանը՝ այլընտրանքային ճանապարհ
«Հաղորդակցությունների բացման համատեքստում Ադրբեջանի կողմից նկատում ենք քաղաքական պահանջներ, ուժի գործադրման սպառնալիք։ Նման պայմաններում տնտեսական նախագծերի իրականացումը չի կարող երկար կյանք ունենալ»,- ապաշրջափակման մասին նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ասում է՝ Հայաստանին պետք են այլընտրանքային ճանապարհներ, երկիրն ապաշրջափակման կարիք ունի։ Սակայն ներկա պահին գործ ունենք Բաքվի կողմից ՀՀ-ի նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու փորձի հետ, որն իրականացվում է «տնտեսական փաթեթավորմամբ»։
«Թույլ փաստարկ է, թե նման նախագծերով կփորձենք սիրաշահել ադրբեջանական կողմին, բերել կառուցողական դաշտ: Ճիշտ հակառակը կլինի՝ Ադրբեջանն այս նախագծերն օգտագործելով կփորձի Հայաստանին ավելի անկյուն մղել»,- Factor TV-ի եթերում արձանագրել է Պարսյանը։
Տնտեսագետն առաջարկում է սառը դատել, գնահատել նախագծի ուժեղ և թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները։
Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք» է պահանջում։ Պնդում է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է ապահովվի անխոչընդոտ անցում։ Պաշտոնական Երևանը հայտարարում է՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա 4՝ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության և փոխադարձության սկզբունքների պահպանմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է՝ Երևանը Վաշինգտոնից ստացել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման առաջարկ։ Նկատել է՝ կարող է կիրառվել օտարերկրյա կազմակերպության կամ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության մոդել։ Քննարկվում է ճանապարհն ամերիկյան ընկերության արտապատվիրակելու տարբերակը։ Թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերապահված լինելու ընկերությանը՝ հայտնի չէ։
Փաշինյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև Եվրամիությունը, ներդրումային հետաքրքրություն է ցուցաբերում նաև Չինաստանը։
Հարցազրույցի կարևոր դրվագները՝ ստորև
- «Հայ սահմանապահների չհանդիպելու որևէ տարբերակ չկա»․ Երևանի արձագանքն Ալիևին
- «Եթե բացվի միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, ՀՀ-ի շրջափակումն ավելի կխորանա»․ կարծիք
- «ՀՀ-ի ճանապարհների արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ-ն»․ Փաշինյան
ՀՀ-ում մտածում են ոչ թե տնտեսական շահի, այլ ագրեսիա կանխելու մասին
«Հայաստանի գործող իշխանությունները փորձում են տնտեսական նախագծերով որոշակի անվտանգություն բերել, առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ՝ եթե ամերիկյան ներդրող բերենք տարածաշրջան, դա թույլ կտա զսպել Ադրբեջանի ագրեսիան Սյունիքի նկատմամբ:
ՀՀ-ում մտածում են ոչ թե ներդրման, տնտեսական շահի, այլ հնարավոր ագրեսիայի կանխման մասին: Ակնհայտ է, որ ամերիկյան կամ հայ-ամերիկյան կազմակերպություն բերելով փորձում են լուծել ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ անվտանգային խնդիր»։
Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ուզում ներկայություն ունենալ ապաշրջափակվող ճանապարհին
«Մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը հիմնականում ուղղված է ռուսական, իրանական ազդեցության նվազեցմանը: Ամերիկյան մասնակցությունը այդ տրամաբանության մեջ է պետք դիտարկել: Նախ փորձում են այդ կերպ նվազեցնել ռուսական ազդեցությունը տարանցման ուղիների նկատմամբ:
Մյուս հանգամանքը Չինաստանն է: Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի կառուցումը մարտահրավեր է ամերիկյան կողմի համար: Եվ նրանք փորձում են այդ ճանապարհի նկատմամբ նույնպես վերահսկողություն ստանալ: Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ՌԴ տարածքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» նախագծերը սառեցվեցին, մնաց «Միջին միջանցքը»։
Եթե ԱՄՆ-ն կարողանա վերահսկողության տակ վերցնել նաև Չինաստանի «Միջին միջանցքի» գաղափարը, կարող է որոշակի ազդեցություն ունենալ Չինաստանի տնտեսական աճի, ենթակառուցվածքային նախագծերի վրա:
Չինաստանը Մեղրիով անցնող ճանապարհը դիտարկում է որպես այլընտրանքային ուղի: Ուստի պատահական չէ, որ ԱՄՆ-ն ուզում է գետնի վրա [ապաշրջափակվող ճանապարհին] վերահսկողություն ունենալ»։
Ամերիկյան առաջարկը «խաղի նոր կանոններ» է ստեղծում
«Ապաշրջափակման ամերիկյան առաջարկը տեղավորվում է Թրամփի MAGA [Make America Great Again, թարգմանաբար՝ վերականգնենք Ամերիկայի նախկին փառքը] շարժման տրամաբանության մեջ։ Այն է՝ ԱՄՆ-ն պետք է իր տնտեսական շահն ունենա ամեն տեղ, ներդրում անի և շահույթ ստանա։ Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականությունը փորձում է տեղավորել տնտեսական նախագծերի տիրույթում՝ ակտիվացնել արտաքին քաղաքականությունն ու զուգահեռ որոշակի տնտեսական օգուտներ ստանալ:
Ապաշրջափակմամբ հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան։ Բայց մի պայմանով․ եթե իրենք վերահսկողությունն իրականացնեն: Եվ ահա, տարածաշրջանից դուրս հայտնվում է երրորդ կողմ [ԱՄՆ], որն ասում է՝ ես էլ եմ մասնակցում այս նախագծին: Սա խաղի նոր կանոններ է ստեղծում տարածաշրջանում: Պետք է հասկանալ՝ որքանով է իրատեսական այդ առաջարկի իրականացումը նման խաղացողներ ունենալու պայմաններում։
Եթե փորձենք այդ ճանապարհը կապել որևէ երկրի հետ, մյուս երկրները մեծ հարվածի տակ են դնելու այդ հանգամանքը: Եթե միայն ամերիկյան ընկերություն է վերահսկելու, դա թիրախ է դառնալու և՛ իրանական, և՛ ռուսական կողմի համար:
Պետք է փորձենք այնպիսի ձևաչափ գտնել, որ նրանք դա չդիտարկեն որպես իրենց ազգային անվտանգության սպառնալիք: Որոշակի հավասարակշռություն պետք է բերենք»։
Վրաստանով Եվրոպա տարանցումն առավել շահեկան դիրքերում է
«Ապաշրջափակման պարագայում ՀՀ-ով անցնող ուղին կլինի այլընտրանք, բայց ոչ հիմնական ճանապարհ։ Ցամաքով բեռների ցանկացած տեղափոխում ավելի ծախսատար է, քան ծովով:
Վրաստանով՝ ծովային ճանապարհով դեպի Եվրոպա տարանացումն ամենակարճ և քիչ ծախսատար տարբերակն է; Ուստի Վրաստանը շահեկան դիրքերում է: Բացի այդ, վրացական կողմը նաև իր ենթակառուցվածքներն է զարգացրել։
Եթե այս իրավիճակը լիներ 1990-ականների կեսերին, երբ չկար գազամուղ, նավթամուղ, երկաթուղի, այդ ժամանակ կարող էինք խոսել Հայաստանի՝ ավելի մեծ դերակատարման մասին:
Երբ արդեն իսկ կան այս ենթակառուցվածքները, պետք է հասկանանք՝ ՀՀ-ն դիտարկվելու է որպես այլընտրանքային, ոչ թե հիմնական ճանապարհ: Հիմնականը մնալու է վրացական ուղին։ Երբ այնտեղ խնդիրների հանդիպեն, նոր միայն կանցնեն այլընտրանքայինին։
Արևելքից արևմուտք բեռնափոխադրումների հիմնական դերակատարը լինելու է Չինաստանը իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և տարբեր ենթակառուցվածքային ծրագրերով: Քիչ հավանական եմ համարում, որ չինական ընկերությունները կամ կառավարական շրջանակները իրենց բեռները կտեղափոխեն «ամերիկյան միջանցքով»՝ հաշվի առնելով Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ու մրցակցությունը:
Նույն չինական ընկերությունները Վրաստանում միլիարդավոր դոլարների ներդրումներ ունեն։ Չինաստանն իր համար «միջանցքի երկիր» է դիտարկում Վրաստանը:
Պեկինին պետք է, որ բեռները հասնեն վրացական որևէ նավահանգիստ, այնտեղից նավով տեղափոխվեն դեպի Եվրոպա: Իսկ բեռների տեղափոխումը ՀՀ-ի հարավով, այնուհետև Թուրքիայի տարածքով ավելի ծախսատար է լինելու։
Եթե անդրադառնանք Միջին Ասիայի երկրներին, ապաշրջափակվող ճանապարհից նրանց օգտվելը կախված է լինելու արտահանման ուղղությունից: Եթե նրանք իրենց բեռներն ուզում են տեղափոխել Եվրոպա, ամենակարճ ճանապարհը նորից Վրաստանով է՝ վրացական նավահանգիստ, այնտեղից էլ եվրոպական երկրներ»։
Այլընտրանքի առկայության դեպքում Անկարան և Բաքուն ուժեղի դիրքերից կբանակցեն Թբիլիսիի հետ
«Հաճախ խոսում ենք այն մասին, որ վրացական կողմը խնդիրներ է ստեղծում մեր բեռնափոխադրումների համար։ Իրականության մեջ այդ նույն խնդիրները Վրաստանում ունենում են ադրբեջանական և թուրքական ընկերությունները։ Տարիներ շարունակ Վրաստանը վերանայում է տարանցման գումարները, անընդհատ բարձրացնում գինը։
Վրացական կողմն այժմ թելադրողի դիրքերից է գործում՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան ու Ադրբեջանն այլընտրանք չունեն։
Որպես այլընտրանք ունենալով Հայաստանը՝ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ուժեղի դիրքերից բանակցել վրացական կողմի հետ, ստանալ տարանցման ավելի լավ պայմաններ և այլն»։
Անկարայի նպատակները նույնպես ավելի շատ քաղաքական են, քան տնտեսական
«Այդ նպատակներից են ՀՀ-ի նկատմամբ քաղաքական որոշակի վերահսկողության հաստատումը, Իրանի ազդեցության թուլացումը Նախիջևանում։ Բացի այդ, գործարկվելիք ճանապարհը Թուրքիային թույլ կտա մասամբ վերահսկել նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով Իրանի բեռնափոխադրումները:
Այո, այդ պարագայում [ՀՀ-ի հարավով ճանապարհի բացում] Թեհրանը կկորցնի Նախիջևանի վրա ունեցած ազդեցությունը։ Բայց ֆինանսական կորուստներն իրականության մեջ շատ փոքր կլինեն:
Իրանական կողմը ճանապարհի արտատարածքային լինելու հարցում շատ զգայուն է նաև այն պատճառով, քանի որ իր համար ՀՀ-ն այլընտրանքային ճանապարհ է դեպի հյուսիս: Երբ Թուրքիայի, Ադրբեջանի հետ կապված խնդիրներ է ունենում, Հայաստանն իր համար մշտապես կա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը՝ այլընտրանքային ճանապարհ