Հայասատանին հինգ անգամ ավելի շատ ծրագրավորողներ են պետք՝ նախնական հաշվարկ
Երեկոյան ժամը 9-ին Երևանի ծայրամասում գտնվող գրասենյակներից մեկում միայն մի քանի պատուհաններում է լույս վառվում: Շենքը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին, և այնպիսի տպավորություն է թողնում, որ բարձր տեխնոլոգիաների հետ այն ոչ մի կապ չի կարող ունենալ:
«Գլոբալ առումով, տարբերություն չկա, թե որտեղ աշխատել: Գլխավորն այն է, որ նորմալ համակարգիչ և համացանցի հետ կապ լինի: Թեև պատրաստվում ենք տեղափոխվել ավելի նոր ու ժամանակակից գրասենյակ»,- ասում է Հակոբ Շարաբխանյանը:
• Հայաստանում պարզում են, թե ինչի հաշվին է հեղափոխությունից հետո 50 հազար աշխատատեղ հայտնվել
Հակոբը 22 տարեկան է: Նա երեք ստարթափների բաժնետեր և այդ նախագծերը ղեկավարող ընկերությունների տեխնիկական տնօրենն է:
«Ես միշտ ցանկություն եմ ունեցել լինել բիզնեսում: Նույնիսկ հիմա փորձում եմ ներդրումներ անել նաև այլ ոլորտներում: Ինձ դուր է գալիս այդ ազատությունը: Ոչինչ, որ ես շաբաթական 40 ժամի փոխարեն 100 ժամ եմ աշխատում, բայց իմ ազատությունն այլ բանի հետ չեմ փոխի»:
Իմ ու Հակոբի զրույցը ոչ ոք չի ընդհատում: Գրասենյակում, բացառությամբ մի երկու հոգու, ոչ ոք չկա:
[pullquote align=”right”]Հակոբը որոշեց աշխատել ոչ միայն որոշակի վճարի դիմաց, այլ նաև արժեթղթերի: Եվ հիմա նա ստարթափների բաժնետեր է, որոնք գործում են ԱՄՆ-ում, Հոնկոնգում և Իսպանիայում[/pullquote]Հակոբը սկսել է աշխատել 18 տարեկանում, 8 ամիս որպես «junior developer» աշխատելուց հետո դուրս է եկել աշխատանքից և իր ընկերությունը հիմնել: Ինչպես և շատ այլ հայկական ՏՏ-ընկերություններ, Հակոբը սկսել է ֆրիլանսից: Որակյալ արված աշխատանքն ավելի ու ավելի շատ հաճախորդներ է գրավել, զուգահեռ աճել է նաև Հակոբի ընկերությունը:
«Այդ ժամանակահատվածում մենք երեք հետաքրքիր ստարթափի իրականացման պատվեր ստացանք: Եվ ես հաճախորդին առաջարկեցի, որպեսզի մենք իրենց համար աշխատենք ոչ միայն որոշակի վճարի դիմաց, այլ նաև արժեթղթերի: Եվ հիմա ես ստարթափների բաժնետեր եմ, որոնք գործում են ԱՄՆ-ում, Հոնկոնգում և Իսպանիայում»:
Երեք ստարտափներից ամենապահանջվածը երեխաներին վերահսկելու ծրագիրն է՝ Android-ի պլատֆորմի վրա ստեղծված հավելվածն է, ընդ որում, դրա տարբերանշանը հեռախոսի վրա չի գրանցվում: Օգտատերը կարող է երեխային վերահսկել, լսել մուտքային և ելքային զանգերը, տեսնել նրա գտնվելու վայրը, մեկ կոճակ սեղմելով, ջնջել այն ամենն, ինչ կա նրա բջջային հեռախոսում: Խորհուրդ է տրվում օգտագործել մինչև 13 տարեկան երեխաներ ունեցող ծնողներին:
«Պլանավորում ենք մինչև այս տարվա հունիս հասնել 500 հազար օգտատեր ցուցանիշին: Ընկերության ընդհանուր նպատակը հենց օգտատերերի թվի աճն է, դրանից հետո ընկերությունը կվաճառվի:
Հաջողության գրավականը շատ աշխատելն է: Եվ պետք չէ վախենալ դուրս գալ հարմարավետության գոտուց, քանի որ երբ ես էի սկսում, գիտելիքի, բիզնեսի ըմբռնման առումով իրավիճակը շատ ավելի վատ էր, քան հիմա: Այդ պատճառով էլ շատ խնդիրների էի բախվում: Շատ դժվար էր զրոյից սկսելը»:
Հայկական ողջ ՏՏ ոլորտը 2000-ականներին գրեթե զրոյից է ստեղծվել է: Խորհրդային Հայաստանը համարվում էր ԽՍՀՄ տեխնոլոգիական և տեխնիկական կենտրոններից մեկը: Հենց այստեղ էին տեղակայված խոշոր արտադրական կառույցներն, այդ թվում՝ ռազմական ուղղվածության:
Սակայն 90-ականներին ԽՍՀՄ-ը փլուզվեց, սկսվեց պատերազմը, և թվում էր, որ ենթակառուցվածքը, մասնագետներն ու կուտակած գիտելիքներն անդառնալիորեն կորսված են:
Համատարած թալանի և սրընթաց հնացող տեխնիկայի պայմաններում ենթակառուցվածը փրկել հնարավոր չէր: Սակայն պատկերն այլ էր մասնագետների առումով:
Բնականաբար, շատերը ԽՍՀՄ փլուզումից հետո լքեցին Հայաստանը, սակայն մասնագետների մի մասն, այդ թվում՝ բարձրակարգ, մնացին: Այժմ, երբ հայկական ՏՏ ոլորտն ամենամյա 20-30% աճ ունի, համարձակորեն կարելի է հայտարարել, որ այդ ամենը հնարավոր է դարձել շնորհիվ առանձին անհատների:
Պատմում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը.
«Սկզբնական ժամանակահատվածում մեր հայրենակիցները գալիս և այստեղ բացում էին ընկերությունների մասնաճյուղեր, կամ այստեղ խմբեր էին ձևավորվում, որոնք աշխատում էին արտասահմանի համար: Այն, ինչ կոչվում է «outsourcing»: Մի կողմից, զարգացող տնտեսության համար դա դրական երևույթ էր, քանի որ ոլորտի որոշ մասնագետներ հնարավորություն ստացան Հայաստանում աշխատելու և ապրելու: Սակայն ամբողջ ոլորտի զարգացման համար դա բավական չէր, քանի որ, երբ աշխատում ես ուրիշի համար, ըստ էության, նստած ես միայն աշխատավարձի վրա»:
[pullquote align=”right”]Հայաստանի որպես տեխնոլոգիապես զարգացած երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 5-6 անգամ ավելի շատ աշխատուժ ունենալ, քան այժմ կա:[/pullquote]
Այդ ժամանակահատվածում Հայաստանում իրենց մասնաճյուղերը բացեցին ՏՏ ոլորտի մի շարք հսկաներ, աշխարհահռչակ ընկերություններ, այդ թվում՝ «Synopsys»-ը, «Microsoft»-ը, ավելի ուշ՝ «Vmware»-ն ու «EPAM»-ը: Միաժամանակ Հայաստանում ստարտափներ հայտնվեցին, որոնք հաջողության հասան միջազգային ասպարեզում: Այդ ամենն ամբողջական տեսք տվեց հայկական ՏՏ ոլորտին: Այն դարձավ հայկական տնտեսության շարժիչ ուժը, իսկ իշխանությունների համար՝ հպարտության գրեթե միակ առիթը, թեև նրանք այդ հաջողությանը ոչ մի մասնակցություն չունեին:
Սակայն, չնայած աճի հուսադրող տեմպերին, տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական ոլորտը բախվել է մի խնդրի, որը դեռևս պարզ չէ, թե ինչպես է լուծվելու: Խոսքը գնում է որակյալ կադրերի պակասի մասին:
Պատմում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը.
«Հայաստանի որպես տեխնոլոգիապես զարգացած երկրի վերականգնման համար անհրաժեշտ է 5-6 անգամ ավելի շատ աշխատուժ ունենալ, քան այժմ կա: Այսօր աշխարհում միլիոնավոր թափուր աշխատատեղեր կան: Եվ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք զգալի տեղը զբաղեցնել: Դա, մասնավորապես, բարդ խնդիրների լուծման, մեծ տվյալների (big data) ոլորտներն են: Միայն Միացյալ Նահանգներում նախորդ տարի այդ ոլորտներում 450 հազար մասնագետի պակաս կար: Եթե մենք ժամանակին կարողանայինք ծրագրավորման համապատասխան գիտելիքներով 10 հազար մաթեմատիկոս պատրաստել, մեր այսօրվա եկամուտը, որը կազմում է 500մլն, կկրկնապատկվեր»:
Հայաստանում հիմա ցանկացած ՏՏ ոլորտի ընկերություն որակյալ ծրագրավորողի կարիք ունի:
Նաիրիի համար մեքենայական ուսուցումն իսկական փրկություն դարձավ: Ընդունվելով Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ նա շատ արագ հասկացավ, որ սովորական ծրագրավորումն իրեն չի հետաքրքրում: Առաջարկ ստացավ մասնակցելու մեքենայական ուսուցման դասընթացների:
Քանի որ այդ ուղղության հիմքում մաթեմատիկան է, Նաիրին ընդունեց առաջարկը: Հիմա նա աշխատում է Հայաստանի խոշորագույն հեռուստահաղորդակցման ընկերություններից մեկում:
Ucom ընկերության մեքենայական ուսուցման թիմի անդամ Նաիրի Հակոբյան.
«Մեքենայական ուսուցում ուսումնասիրելուց առաջ ես դրա մասին քիչ բան գիտեի: Միայն մի քանի ծանոթ այդ ոլորտում մի փոքր պրակտիկա ուներ: Հասկանում էի, որ դա զարգացնող ոլորտ է, որը կապված է մաթեմատիկայի, նեյրոնային ցանցերի հետ, որոնց մասին, կարծում եմ, բոլորն են լսել: Ամեն դեպքում, որոշեցի փորձել: Մի քանի շաբաթ դասընթացներին մասնակցելուց հետո հասկացա, որ դա իմն է»:
Մեքենայական ուսուցումը զարգանում է սրընթաց տեմպերով, և մասնագետները պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Երևանի բիզնես-կենտրոններից մեկի ընդարձակ գրասենյակում միայն ստեղնաշարի վրա աշխատող մատների թխկթխկոց է գալիս: Երկու տասնյակ մասնագետներ աշխատում են ստարտափի վրա, որը ծառայություններ է մատուցում ԱՄՆ 100 խոշորագույն իրավաբանական ընկերությունների:
Ծառայության հիմքում հենց մեքենայական ուսուցումն է: Ստարտափն ուղղված է էլեկտրոնային փոստի համակարգմանը: Ավելի քան տասնյակ պարամետրերի վերլուծության արդյունքում ծրագիրը բաշխում է էլեկտրոնային նամակներն՝ ըստ դրանց կարևորության: Իրավաբանների համար, որոնց էլեկտրոնային հասցեին օրական ավելի քան 100 նամակ է ստացվում, այս ծրագիրը ժամանակ տնտեսելու հիանալի հնարավորություն է:
ZeroApp ընկերության համահիմնադիր և ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Կարապետյան.
«Մենք պատրաստի մասնագետներ չունեինք: Մենք ունեինք լավ գիտնականներ, որակյալ ինժեներներ, որոնք ամեն օր սովորում էին և բարելավում ոլորտը, և ժամանակի ընթացքում դարձան աշխարհի լավագույն մասնագետները, որոնք զբաղվում են այս ուղղությամբ: Ես միշտ իմ թիմին ասում եմ, և նրանք ինքներն էլ են շատ լավ հասկանում, որ աշխատում են ոչ թե պարզապես հայկական ընկերությունում, այլ ընկերությունում, որն ամբողջ աշխարհում կարևորագույն խնդիր է լուծում: Եվ նրանք դառնում են լավագույն մասնագետներ, որոնք լուծում են այդ խնդիրը»:
Սակայն ընկերությունը մասնագետների կարիք ունի: Այն մոտ ժամանակներս պատրաստվում է ընդլայնվել և ներառել ԱՄՆ 1000 խոշոր իրավաբանական ընկերությունների շուկան, իսկ դա նշանակում է, որ գործունեության ծավալը մի քանի անգամ կաճի:
Այսօր Հայաստանում ավելի քան 400 ՏՏ-ընկերություն է գործում: Յուրաքանչյուր տարի տասնյակ նոր ստարտափներ են հայտնվում: Նոր կադրեր գտնելու համար նրանք «internship» ծրագրեր են կազմակերպում, սակայն պահանջարկը շատ ավելի արագ է աճում: Իրավիճակը չեն կարողանում փոխել նաև բուհերը:
Որակյալ ծրագրավորողների պակասն այնքան մեծ է, որ դա կարող է զգալի ազդեցություն ունենալ ոլորտի աճի տեմպի վրա:
Մասնագետների պակասը հանգեցրել է աշխատավարձերի կտրուկ աճի: Հայ ծրագրավորողները մոտավորապես նույնքան աշխատավարձ են ստանում, որքան նրանց ռուս և ուկրաինացի գործընկերները: Եվ այդ իրավիճակում հայկական շուկան կարող է կորցնել իր գրավչությունն արտաքին պատվիրատուների համար, քանի որ դադարում է էժան լինել: Դրական կողմը միայն նրանց աշխատանքի որակն է մնում: