«Պայքար սկանդալների երկրպագու ընտրողների համար»․ կարծիք ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին
Կարծիք ՀՀ ներքաղաքական խոսույթի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռակա բանավեճի մեջ է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ, որին անվանում է «ուժեղ տղա»։
Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանը պնդում է՝ իշխանազավթման կոչի համար տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանին թույլատրվում է ուղիղ եթեր մտնել և նրան հորդորում ուղերձ հղել քաղաքացիներին։
«Ուժեղ տղա, ինտերնետ էլ ունես, հեռախոս էլ, մտի ինտերնետ, երկու բառ ասա ժողովրդին։ Կամ լավ, ինքնուրույն չես կարա երկու բառ ասես, էն տեքստը, որ հրապարակել ես, մտի ծերից ծեր կարդա։ Եթե կարենաս կարդաս, կընդունեմ, որ ուժեղ տղա ես»,- նախօրեին հայտարարել է Փաշինյանը։
Արձագանքել է ոչ թե ինքը՝ Կարապետյանը, այլ եղբորորդին՝ կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ցիլոյով մարդ, մի վախեցի Կարապետյանից։ Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու»,- հայտարարել է նա՝ խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին։
Ի պատասխան վարչապետ Փաշինյանը նկատել է՝ վախենում է, որ Կարապետյանը մինչև տարեվերջ միլիարդատերից կդառնա «բոմժ»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բնորոշել է որպես «թափանցիկ ակնարկ»։
«Սամվել Կարապետյանը ստիպված է գործել Ռուսաստանի ցուցումով, հակառակ դեպքում այն ունեցվածքը, որն ունի ՌԴ-ում, նրանից կխլեն՝ այնպես, ինչպես բազմաթիվ դեպքերում խլել են տարբեր գործարարների ունեցվածքը, երբ նրանք դեմ են գնացել Կրեմլի կամքին և չեն արել այն, ինչ Մոսկվայից նրանց հրահանգել են»,- ընդգծել է Ղևոնդյանը։
Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է իշխանազավթման կոչ հնչեցնելու համար։ Թեև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նրան առաջադրել է վարչապետի թեկնածու, սակայն՝ ՀՀ օրենսդրության համաձայն, Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ․ նա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը նախընտրական քաղաքական խոսույթի և հնարավոր զարգացումների մասին՝ ստորև
- «Սամվել Կարապետյանի օգտին ֆեյքերի բանակ է աշխատում»․ ուսումնասիրություն
- ՔՊ-ն կհաղթի՞ 2026 թ․-ի ընտրություններում․ ArmES-ի հարցման արդյունքները
- «Հայաստանի ընդդիմությունն ուզում է երկրում «Գյումրի 2» օպերացիա իրականացնել»․ իշխող ուժ
- «Նպատակը Հայաստանը ՌԴ ֆորպոստի վերածելն է»․ Սամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու
«Միլիարդների ունեցվածք ունեն ՌԴ-ում և Բելառուսում»․ նախապատմություն
Մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս «խաղաղության վերանայման» դիրքերից։ Հայտարարել էր՝ այդ ուժերը պատերազմից շահելու են հետևյալը՝ «լինելու են ֆորպոստի, այլ ոչ թե պետության կառավարիչ, որովհետև դա իրենց ֆինանսապես ձեռնտու է»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ «խաղաղության վերանայման» դիրքերից հանդես եկող 3 ուժերն էլ միլիարդների ունեցվածք ունեն Ռուսաստանում և Բելառուսում․
«Իրենց ասվել է՝ ուզում եք այդ ունեցվածքը պահել, աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, упор лежа 30 անգամ։ Չեն կարողանալու»։
Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը նկատի ուներ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, որն ակտիվ աշխատում է Բելառուսում։
Փորձագիտական կարծիք
«Հայկական խորհրդի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտի դերակատարներն ունակ են ավելի բարձր որակի ընտրապայքար տանել։
«Էլեկտորատի այն հատվածը, որն ավելի բարձր մակարդակի քաղաքական մշակույթ է ուզում տեսնել և գնում է դրա հետևից, հիմնականում կողմնորոշված է։ Չկողմնորոշվածներն ավելի շատ այն զանգվածում են, որին հետաքրքիր են նման սկանդալային, ցածրակարգ դրսևորումներ»,- JAMnews-ի հետ զրույցում նկատել է նա։
Ասում է՝ այժմ պայքար է գնում այն ընտրողների ձայների համար, որոնք «սկանդալների, ցածր քաղաքական մշակույթի երկրպագու են»։
Քաղաքագետից հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հանդես չի գալիս ուղերձով, արդյո՞ք պատճառը հայերենի չիմացությունն է, ինչպես ակնարկում է վարչապետ Փաշինյանը։ Ի պատասխան Ղևոնդյանը նշել է՝ երբևէ Կարապետյանից հանրային խոսք չի լսել, այդ թվում՝ ռուսերենով․
«Առանձին կտորներ եմ տեսել, որտեղ նա թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն խոսել է, բայց դա, իհարկե, հանրային խոսք չէ, կենցաղային խոսակցություն է։ Իսկ հանրային դաշտում կենցաղային ձևով խոսելը վնասաբեր կլինի նրա վարկանիշի համար։ Ենթադրում եմ՝ հենց դա է պառճառը, որ նա չի խոսում։ Բայց դա միայն իմ ենթադրությունն է»։
Անդրադառնալով Կարապետյանի՝ մինչև տարեվերջ «բոմժ» դառնալու մասին Փաշինյանի պնդումներին՝ նկատել է՝ եթե Կարապետյանը դեմ գնար Կրեմլի կամքին, ապա հիմա արդեն սնանկացած կլիներ։
Ղևոնդյանը համոզված է՝ եթե նույնիսկ Ռուսաստանում չեն հրահանգել, ապա խրախուսել են, որ գործարարը գա ՀՀ, քաղաքական ակտիվություն դրսևորի։ Հիշեցնում է՝ Սամվել Կարապետյանը Հայաստանում ծախսում է ՌԴ-ում աշխատած գումարներ, ինչը «Կրեմլի ճաշակին» չհամապատասխանելու պարագայում չէր կարողանա անել․
«Սամվել Կարապետյանը ծախսում է ահռելի գումարներ՝ սկսած [իր նկարով քաղաքով շրջող] նախընտրական ավտոբուսների վարձույթից մինչև մեդիադաշտում որոշակի ակտիվություն։ Եթե ՌԴ-ում դրա հետ համաձայն չլինեին, նա չէր կարողանա այդ գումարները ծախսել, չէին թույլ տա, որ այդ գումարները դուրս հանի Ռուսաստանից»։
Ըստ քաղաքագետի՝ բազմաթիվ են օրինակները, երբ Վրաստանի, Մոլդովայի, հետխորհրդային այլ երկրների մեծահարուստներ են սնանկացել Մոսկվայի «թեթև ձեռքով»:
Կարծում է՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» որոշել է հանրությանն անհայտ ուժերի հետ դաշինքով հանդես գալ, որ ցույց տա՝ դաշինք է, ոչ թե կուսակցություն:
«Այսպիսով մտադիր է հայտ ներկայացնել ռուսամետ քաղաքական դաշտում՝ հավաքագրելու բոլոր այն դերակատարներին, որոնք հնարավորություն ունեն որևէ դեր ունենալ ՀՀ քաղաքական դաշտում։
Եթե հնարավոր լիներ, եթե այդ ուժերը հայտ ներկայացնեին, նրանք կհամաձայնեին և կհամախմբվեին այդ ուժերի հետ։ Առաջին հերթին, խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի [«Հայաստան» դաշինք և ԲՀԿ] քաղաքական ուժերի մասին է, որոնք ունեն հնարավորություններ հայտնվելու ԱԺ-ում»,- մանրամասնել է նա։
Մյուս կողմից, նկատել է՝ Կարապետյանը գուցե մտածի նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի և հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի առաջնորդած ուժերին դաշինքում ներառելու մասին։ Այս պահին, սակայն, վերոնշյալ ուժերից և ոչ մեկի կողմից «նման հետաքրքրություն չի նկատվում»։
JAMnews-ը փորձել է պարզել՝ եթե նորաստեղծ ուժը համագործակցություններ է փնտրում, ինչո՞ւ չստացվեց դա անել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի՝ «Հայ ազգային կոնգրեսի» (ՀԱԿ) հետ։
«ՀԱԿ-ը հնարավորություն չունի Հայաստանի քաղաքական դաշտում՝ ռուսամետ հատվածում դերակատարություն ունենալու՝ հաշվի առնելով կոնգրեսի ռեսուրսները, հանրության մեջ ՀԱԿ նկատմամբ՝ չէի ասի բացասական, բացարձակապես չեզոք մոտեցումը։ Կարծես թե այն այլևս որևէ քաղաքական նշանակություն չունի քաղաքական գործընթացների առումով»,- արձագանքել է Ռոբերտ Ղևոնդյանը։
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը մարտի վերջին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անունով դաշինք կազմելու մասին հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Ավելի վաղ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու պատրաստակամություն էր հայտնլել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը՝ «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ)։ Օրերս ՀԱԿ-ից հայտարարել են՝ «մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»։ Երկու ուժերի բանակցությունների և դրանց տապալման պատճառների մասին մանրամասներ չեն հրապարակվել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Կարծիք ՀՀ ներքաղաքական խոսույթի մասին