«ՆԱՏՕ-ին անդամակցելը համահունչ է ՀՀ անվտանգային կարիքներին»․ կարծիք Երևանից
Կարծիք ՀՀ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին
Հոկտեմբերի սկզբին աշխատանքային այցով Հայաստանում էր ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ պաշտպանության նախարարության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման հնարավորությունները, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կարծում է՝ Հայաստանի համար կարող են բացվել ՆԱՏՕ-ի հետ գործակցության «շատ խոստումնալից հեռանկարներ»։ Հանրային ռադիոյի հետ զրույցում նա շեշտել է՝ հայ ժողովրդի անվտանգային կարիքներին համահունչ է ՆԱՏՕ-ին անդամակցությունը։ Դա, ըստ նրա, ռազմավարական նշանակության հարց է։ Քաղաքագետը չի կիսում փորձագիտական դաշտում տարածված այն տեսակետը, թե «որպես անվտանգային համակարգ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող լիովին բավարարել Հայաստանի ակնկալիքները»։
«Նման բան չկա։ ՆԱՏՕ-ն բացազատված է, և դա հայ ժողովրդի կենսական շահերով չէ պայմանավորված, այլ՝ իրենց։ Մենք խիստ կարևոր և առանցքային նշանակության տարածաշրջանում ենք ապրում։ Եվ այս առումով ՀՀ-ն իր յուրօրինակությամբ, քաղաքակրթական առանձնահատկությամբ կարևորագույն դերակատար է համարվում հենց հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի կողմից»,- նշել է Սիմոնյանը։
ՀՀ-ն «գործընկերության ամրապնդում» է ակնկալում
Պաշտոնական Երևանը պարբերաբար հայտարարում է, որ հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ գործակցության խորացմամբ, սակայն շեշտում, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց ներկա պահին չկա։ Գործընկերությունը 30 տարվա պատմություն ունի։ 30-ամյակի առիթով հղած ուղերձում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան X-ում ողջունել էր, մասնավորապես՝ «Հայաստանի երկարամյա ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում»։
«Այս ժամանակահատվածում մենք կառուցել ենք փոխշահավետ գործընկերություն՝ ակտիվ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության միջոցով»,- ընդգծել էր նա։
Հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Մարկ Ռյուտեն։ Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և նշել, որ ՀՀ-ն ակնկալում է «գործընկերության ամրապնդում՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»։
Մեկ ամիս անց Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Կանադա՝ մասնակցելու նոյեմբերի 21-26-ը կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն անցած 30 տարիներին միշտ էլ սերտ են եղել, Երևանի հանդեպ դրական են տրամադրված եղել կառույցի բոլոր գլխավոր քարտուղարները։
«Օրինակ՝ կառույցի նախկին գլխավոր քարտուղարներից Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելեց Բերձորի միջանցք, արձանագրեց Արցախի տոտալ շրջափակումն ու զեկույց ներկայացրեց, որ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում Լեռնային Ղարաբաղում»,- հիշեցրել է նա։
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համար կարևոր է համարում Հյուսիսատլանտյան անվտանգային դաշտի՝ արևմտյան պետությունների կողմնորոշումը տարածաշրջանի նկատմամբ։
Ասում է՝ ՀՀ նկատմամբ բարեկամաբար է տրամադրված նաև Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն, դաշինքի նորանշանակ քարտուղարը։ Սիմոնյանի դիտարկմամբ՝ Ռյուտենի օրոք Նիդերլանդները թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական աջակցություն է տրամադրել Հայաստանին, սատարող դիրքորոշումներով հանդես եկել․
«Հիմա Ռյուտեն գլխավոր քարտուղարի կարգավիճակով իր համոզմունքները, բնականաբար, չի կարող փոխել։ Առավել ևս, որ դաշինքը շահագրգռված է նաև Կովկասյան լեռնաշղթայից հարավ ընկած տարածքներում ներկա լինել։ ՆԱՏՕ-ն տարածաշրջանում ներկայացված է լինելու Ֆրանսիայի դեմքով»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից առաջամարտիկ է Ֆրանսիան, ոչ թե Թուրքիան։
Շեշտում է՝ Հայաստանի նախկին անվտանգային համակարգն այլևս գոյություն չունի, դա հայ հասարակությունն իր մաշկի վրա զգաց, մասնավորապես՝ 2020 թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Գուրգեն Սիմոնյանի կարծիքով՝ Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգն այսօր գերակայություն է հաստատում տարբեր տարածաշրջաններում, ինչը նշանակում է, որ, եթե ՀՀ-ն ճիշտ քաղաքականություն վարի, «խոստումնալից հեռանկար» կբացվեն նաև Հայաստան-ՆԱՏՕ գործակցության համար։
«Սակայն ես դա չեմ նկատում։ Նրանք [ՀՀ իշխանությունները] ռեգիոնալիստական քաղաքականություն են իրականացնում։ Բայց եթե հավասարարժեք քաղաքականություն վարվեր, միանշանակ կարող ենք ասել, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները միտում և հնարավորություն ունեն շատ ավելի հեռուն գնալու և շատ ավելի մեծ համագործակցային դաշտ բացելու»,- ամփոփել է փորձագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կարծիք ՀՀ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին