Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը. ինչպես է հայտնվել և ինչու է կարևոր
Կանանց միջազգային օրը
Ավելի քան մեկ դար ամբողջ աշխարհում մարդիկ նշում են Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը: Բայց քչերն են հիշում, թե ինչ իմաստ է դրված տոնի հիմքում, ինչու է այն կարևոր:
Ամեն ինչ սկսվեց 1908 թվականին՝ կանայք սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար
Կանանց միջազգային օրը առաջացել է աշխատանքային շարժման արդյունքում: Ամեն ինչ սկսվեց 1908 թվականին, երբ 15000 կին երթով անցավ Նյու Յորքում՝ պահանջելով ավելի կարճ աշխատանքային օր, ավելի բարձր աշխատավարձ և ընտրելու իրավունք:
Մեկ տարի անց Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը առաջին ագամ հռչակեց Կանանց ազգային օրը։
Այնուհետև գերմանացի, կոմունիստ-ակտիվիստ և կանանց իրավունքների պաշտպան Կլարա Ցետկինը՝ ելույթ ունենալով 1910 թվականին Կոպենհագենում Աշխատող կանանց միջազգային համաժողովում, առաջարկեց այս օրը դարձնել միջազգային: Նրա առաջարկը միաձայն պաշտպանել են համաժողովի մասնակից 17 երկրների 100 կանայք:
Կանանց միջազգային օրը առաջին անգամ նշվել է 1911 թվականին Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում։
ՄԱԿ-ն այս օրը սկսել է նշել 1975թ.
Ամսաթվի ընտրությունը՝ մարտի 8-ը, կապված է Ռուսաստանում կանանց գործադուլների հետ
Ամսաթիվն ընտրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանում կանայք զանգվածային գործադուլ էին անում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Պահանջն էր՝ «Հաց և խաղաղություն»։ Հուլյան օրացույցի համաձայն, որն այն ժամանակ գործում էր Ռուսաստանում, գործադուլը սկսվել է փետրվարի 23-ին։ Գրիգորյան օրացույցով, որն օգտագործում է աշխարհի մեծ մասը, դա մարտի 8-ն է։
Գործադուլի սկսվելուց չորս օր անց Ռուսաստանի ցարը հրաժարվեց գահից, իսկ իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը կանանց ընտրելու իրավունք տվեց։
- Աղջիկներն ասելու բան ունեն
- «Եկեք հանցանքն անվանենք ավանդույթ». վաղ ամուսնությունների խնդիրը Վրաստանում
- «Ծնողներն ամաչում են խոսել». մուլտֆիլմեր Վրաստանում դեռահասների սեռական դաստիարակության համար
Մարտի 8-ը ամբողջ աշխարհում բողոքի, հավասար իրավունքների և կանանց նկատմամբ բռնության դադարեցման պահանջի օր է
Կանանց միջազգային օրը շատ երկրներում հայտարարված է ազգային տոն և հանգստյան օր: Այս օրը նաև հազարավոր միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում՝ երթեր, համաժողովներ, համերգներ, ցուցահանդեսներ և բանավեճեր:
Ինչու՞ են մանուշակագույն հագնվում Կանանց միջազգային օրը
Կանանց միջազգային օրվա պաշտոնական կայքում ասվում է, որ այս ամսաթվի գույներն են՝ մանուշակագույնը, կանաչը և սպիտակը:
«Մանուշակագույնը նշանակում է արդարություն և արժանապատվություն: Կանաչը խորհրդանշում է հույսը: Սպիտակը կրում է մաքրության իմաստը, թեև սա հակասական հասկացություն է», — գրված է կայքում:
Ինչու՞ է անհրաժեշտ Կանանց միջազգային օրը
Ակտիվիստներն ասում են, որ օրը հնարավորություն է բարձրաձայնել կանանց իրավունքների հարցում նկատվող առաջընթացի մասին:
Բայց միևնույն ժամանակ, այն ուղերձ է այն մասին, որ աշխարհում շատ կանայք զրկված են հավասար իրավունքներից, նույնիսկ այնպիսի տարրական իրավունքներից, ինչպիսիք են կարդալ և գրել սովորելը: Ողջ աշխարհում նկատվում է նաև կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության աճի միտում:
- «Հիմա իմ մեջ ավելի շատ քնքշություն կա, քան երիտասարդ տարիներին»․ նրանք միասին են գրեթե կես դար
- Հայաստանում նախընտրում են տղա ունենալ․ պատերազմից հետո՝ հատկապես
- Ֆեմիցիդը Վրաստանում․ հայտարարված մահերի ժամանակագրություն
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից ամեն տարի հրապարակվող Գենդերային խզման գլոբալ ինդեքսը 2023 թվականին արձանագրել է, որ աշխարհի ոչ մի երկիր դեռ չի հասել լիարժեք գենդերային հավասարության: Ուսումնասիրությունն ասում է, որ, ամենայն հավանականությամբ, կպահանջվի ևս մեկ դար եռանդուն գործողություն, մինչև այս նպատակին հասնելը: